Դանիան կիրակի խոստացել է 57 մլն դոլար հատկացնել Ուկրաինայի վերականգնման և Կիևին մարդասիրական օգնություն տրամադրելու համար՝ հայտնել է եվրոպական այդ երկրի արտգործնախարարությունը։
Հայտարարությունը հնչել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցի նախօրեին։
«Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից երեք տարի անց Ուկրաինան վերակառուցման ուղղությամբ լուրջ ջանքերի կարիք ունի՝ ենթակառուցվածքների և արտադրողական հզորությունների զգալի ոչնչացման պատճառով»,- նշված է Դանիայի արտգործնախարարության հայտարարությունում։
Ըստ դանիական կողմի՝ Ուկրաինայում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ «շատ լուրջ»։ Հայտարարությունը մեջբերում է ՄԱԿ-ի գնահատականը, ըստ որի՝ 2025 թվականին Ուկրաինայում մոտ 13 միլիոն քաղաքացի մարդասիրական օգնության կարիք կունենա:
«Դանիան հայտարարել է, որ կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ կա դրա կարիքը»,- ընդգծել է արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը։
Վերջինիս խոսքով՝ հաշվի առնելով ոռւսական ներխուժման սկզբից Դանիայի կողմից Ուկրաինային փոխանցված մարդասիրական օգնության ողջ ծավալը՝ այս օգնությամբ հումանիտար ծրագրերին հատկացված ընդհանուր գումար կգերազանցի 140 միլիոն դոլարը։
Ընդ որում, նույն ժամանակահատվածում Ուկրաինային Դանիայի կողմից տրամադրված ռազմական օգնությունը կազմել է մոտ 7,5 միլիարդ դոլար։
Ակնկալվում է, որ հատկացված միջոցների կեսը կուղղվի մարդասիրական օգնությանը, ներառյալ՝ հոգալու «ուկրաինացիների հիմնական կարիքները, ինչպիսիք են սննդի, դեղորայքի, [խմելու] ջրի և կացարանի ապահովումը՝ ամենաշատ տուժած շրջաններում»:
Մնացած գումարը կուղղվի երկրի վերականգնմանը։
Այս ամենի ֆոնին՝ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը վերստին ընդգծել են Եվրոպայի վերազինման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանից բխող սպառնալիքի պատճառով: