Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին վերաբերող կաշառակերության և նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքներով դատավարությունը, որն ի սկզբանե նշանակված էր այս ապրիլի կեսերին, հետաձգվել է դաշնային դատավորի կողմից այն բանից հետո, երբ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը առաջարկեց գործը կարճել:
«Դատավոր Դեյլ Հոն չեղարկեց ապրիլյան դատավարության օրը, բայց չկարճեց գործը, համենայն դեպս՝ դեռ [չկարճեց]: Նա նշանակել է հատուկ փաստաբան Փոլ Կլեմենտին, որպեսզի այն վիճարկի Արդարադատության նախարարության դիրքորոշումը՝ գործը կարճելու վերաբերյալ»,- ասում է նախկին դաշնային դատախազ Նեամա Ռահմանին։
Ռահմանին շարունակում է, թե դաշնային դատարանները հազվադեպ են դիմում նման քայլի:
«Աննախադեպ չէ, բայց անսովոր է: Երբ հակառակորդ կողմերն ցանկանում են գործը կարճել... այն գրեթե միշտ կարճվում է։ Հարցն այն է, թե որն է [դատարանի կողմից գործը կարճելը] մերժելու պատճառը և արդյոք այն տեղին է։ Այս հարցն է նորից քննարկվելու․ Կլեմենտը ներգրավված է [գործում]»,- ասում է Ռահմանին:
Որոշ փորձագետների խոսքով՝ Նյու Յորքի քաղաքապետին ներկայացված մեղադրանքները անհիմն կերպով են մերժվել, քանի որ Նյու Յորքից ապօրինի միգրանտներին արտաքսելու հարցում Ադամսը համաձայնել է համագործակցել Թրամփի վարչակազմի հետ:
«Վաշինգտոնից եկող Թրամփի առաջարկի [իմաստն է] մերժել քաղաքապետ Ադամսի դեմ առաջ քաշված մեղադրանքները, որպեսզի, ուղիղ ասած, նրան կախյալ վիճակում պահեն, որպեսզի կարողանան վերահսկել նրան, քանի որ գործը վերաբերում է նախագահի օրակարգին, հատկապես՝ ներգաղթի հետ կապված [հարցերում]: Այսպիսով, սա միտումնավոր է արվում, որպեսզի [նախագահ Դոնալդ] Թրամփը շարունակի վերահսկել Նյու Յորքի քաղաքապետին»,- ասում է Կոլումբիայի համալսարանի ներկայացուցիչ Էսթեր Ֆուքսը։
Ադամսի կողմնակիցները պնդում են՝ քաղաքապետն անմեղ է։
«Որևէ ապացույց չկա, թե նա ինչ-որ բան սխալ է արել Թրամփի հետ...։ Նախագահ Թրամփն այդպես է ասել, ներգաղթի ցարն այսպես է ասել: Սրանք հակառակորդներ են, որոնք երբեք չեն քվեարկել նրա օգտին, որոնք չեն ցանկանում, որ նա պաշտոնավարի»,- ասում է եպիսկոպոս Ջերալդ Սիբրուքսը։
Նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հանդես է եկել ի պաշտպանություն Ադամսի։
«Իմ կարծիքով՝ գործ ունենք քաղաքական [դատավարության հետ]»,- ասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իր դիրքորոշումն է հայտնել նաև Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը՝ բացառելով Էրիկ Ադամսի պաշտոնանկությունը՝ փոխարենը կողմ արտահայտվելով, որպեսզի Նյու Յորք նահանգը վերահսկողություն հաստատի Նյու Յորք քաղաքի վարչակազմի՝ քաղաքապետարանի աշխատանքի նկատմամբ:
«Որոշել եմ, որ այս պահին պաշտոնանկության գործընթաց չեմ սկսելու: Իմ խորին համոզմունքն է, որ ընտրողների կամքը և ժողովրդավարական ընտրությունների գերակայությունն ու դրանց նվիրական լինելը բացառում են, որ որևէ այլ քայլի կդիմեմ: Չեմ կարող զրկել այս մեծ քաղաքի ժողովրդին՝ այդ որոշումը ինքնուրույն կայացնելու իրավունքից»,- ասում է Հոչուլը:
Ինչևէ, դատավարության հետաձգման, նահանգային վերահսկողության ներքո ու հանրային ուշադրության կենտրոնում հայտնվելու ֆոնին՝ Էրիկ Ադամսի քաղաքական ապագան ավելի անորոշ է դարձել: