Սպիտակ տան աշխատակազմը Boeing-ին այլընտրանքներ է դիտարկում՝ նախագահական նոր ինքնաթիռի պատրաստման պատվերն իջեցնելու համար։
Այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով նախագահական երկու ինքնաթիռների նոր տարբերակների մատակարարման ձգձգմանը։
«Գոհ չեմ Boeing-ից»,- ասել է Թրամփը՝ Air Force One-ում կամ նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:
Boeing-ը պարտավորվել էր մինչև 2024 թվականի վերջ երկու Boeing 747-8 ինքնաթիռներ մատակարարել Սպիտակ տուն։ Այնուամենայնիվ, ենթակապալառուի սնանկացման և COVID-19 համաճարակի պատճառով արտադրողը հետաձգել էր ժամկետները մինչև 2027 և 2028 թվականներ։ Թրամփը հայտարարել է, թե պատրաստ է ինքնաթիռներ գնել օտարերկրյա արտադրողներից՝ սակայն ընդգծելով, որ չի դիտարկում Boeing-ի եվրոպական մրցակից Airbus-ի օդանավերը։
Հինգշաբթի՝ ներդրողների կոնֆերանսի ժամանակ Boeing-ի գործադիր տնօրեն Քելի Օրտբերգը անդրադարձել է Թրամփի քննադատությունը․ «Նախագահն ակնհայտորեն դժգոհ է առաքման ժամկետներից: Կարծում եմ, նա հասկացրեց [այդ մասին]»:
Օրտբերգը խոսքով՝ Boeing-ի առջև ծառացած խնդիրները լուծելուն օգնում է նաև Իլոն Մասկը։
«Իլոն Մասկը մեզ շատ է օգնում, և կարող ենք ավելի արագ շարժվել ու մատակարարել նախագահական ինքնաթիռներ»,- ասել է Քելի Օրտբերգը:
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահական ինքնաթիռները հատուկ նախագիծ են։ Օդանավերն ունեն հատուկ կապ, բժշկական սենյակ և անվտանգության համակարգ։
Նախորդ մի քանի տարիներին Boeing-ը ճգնաժամի մեջ է: Անցած տարի ընկերության վնասը կազմել է 11,8 միլիարդ դոլար։ Աշխատակիցների՝ յոթ շաբաթ տևած գործադուլի հետևանքով փակվել էին ինքնաթիռների հավաքման երկու խոշոր գործարաններ։ Բացի այդ՝ վերջին շրջանում՝ թռիչքների ժամանակ մի քանի միջադեպեր են գրանցվել Boeing ինքնաթիռների հետ։ Օրինակ, Alaska Airlines ավիաընկերության Boeing 737 MAX-ի վթարային ելքի դռան դետալներից մեկը շարքից դուրս էր եկել թռիչքի ընթացքում: