ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հանդիպման օրակարգի առանցքային մասը նվիրված էր Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը:
Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ կողմ է ուկրաինական պատերազմի շուտափույթ ավարտին։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, թե զուգահեռաբար առաջիկայում կնքվելու է Ուկրաինայի օգտակար հանածոների վերաբարեյալ ներկայում Վաշինգտոնի ու Կիևի միջև մշակվող համաձայնագիրը, և ինքն ակնկալում է, որ այն կարող է ստորագրվել արդեն հաջորդ շաբաթ՝ իր և Ուկրաինայի նախագահի կողմից:
«Երկու կողմում էլ՝ [ուկրաինական ու ռուսական,] առկա է հսկայական անվստահություն։ Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար մեծ օգուտ է գործարք կնքելը: Դա այն է, ինչ պետք է անել: Իսկապես, հավատում եմ, որ նա՝ [Պուտինը] ցանկանում է գործարք կնքել։ Գուցե սխալ [ընկալում] է, բայց հավատում եմ դրան»,- ասել է Թրամփը:
Ուշադրություն գրավեց, թե Սպիտակ տանը լրագրողների առջև հանդես գալու ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ինչպես նրբորեն ուղղեց Թրամփին, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե Եվրոպան աջակցում է Ուկրաինային վարկերի տեսքով։
Մակրոնը նաև նախազգուշացրեց Թրամփին՝ չվստահել Մոսկվային։
«Եկեք փորձենք նախ ինչ-որ համաձայնագիր ստանալ, որը կարելի է գնահատել, ստուգել և հաստատել: Եկեք վստահ լինենք, որ կարճաժամկետ հեռանկարում ստեղծում ենք բավարար երաշխիքներ, և այստեղ մենք պատրաստ ենք ներգրավվել: Ինչ վերաբերում է Ֆրանսիային․․․, իմ եվրոպացի շատ գործընկերներ պատրաստ են ներգրավվել, բայց մեզ հարկավոր է ամերիկյան աջակցությունը, որովհետև այն անվտանգության երաշխիքների մասն է»,- ասել է Մակրոնը։
Վաշինգտոնյան այդ հանդիպուից հետո դիտորդները փորձում են գնահատել, թե, իրականում, ինչ արդյունք է ստացվել երկու տերությունների ղեկավարների հանդիպումից։
«Կարծես, նրանք համաձայնել են, որ եվրոպացի խաղաղապահները, [այսպես ասած,] խաղաղություն կպարտադրեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այո՛, փորձեր են արվում խաղաղության պայմանագիր կնքել և օգտագործել խաղաղապահներին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնությունը կայացնելու գործում»,- ասում է մայրաքաղաք Վաշինգտոնում գործող Վիլսոն կենտրոնի ավագ գիտաշխատող Ուիլյամ Պոմերանցը։
Այս ամենի ֆոնին ՝ Ուկրաինայի նախագահը շարունակում է կարևորել Վաշինգտոնի դերակատարությունը։
«Մեր թիմերն արդյունավետ կերպով աշխատում են ԱՄՆ հետ տնտեսական համաձայնագրի ուղղությամբ, որը մենք հուսով ենք ստորագրել Վաշինգտոնում: Նախագահ Թրամփ, մենք, իսկապես, կցանկանայինք ձեզնից լսել, թե արդյոք կլինի աջակցություն Ամերիկայից»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Այդուհանդերձ, աշխարհում չի մարում մտահոգությունը, թե Ուկրաինան դուրս է մնացել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ընթացող բանակցություններից:
«Բացի Ստամբուլի գործընթացից, Ռուսաստանը դուրս էր թողնվել մինչ այժմ ստեղծված բանակցային ձևաչափերից, ու, հետևաբար, ցանկալի արդյունք չի գրանցվել: Եթե պետք է նոր գործընթացից արդյունքներ ստանանք, ապա Ուկրաինան պետք է անպայման ներգրավվի գործընթացում, և այս պատերազմը պետք է ավարտվի փոխադարձ բանակցությունների միջոցով»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Իր հերթին՝ անդրադառնալով Սաուդյան Արաբիայում կայացած ամերիկա-ռուսական բանակցություններին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, թե դրանք ավելի շատ ընդհանբուր բնույթի էին։
«[ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իմ] հեռախոսազրույցի և Էր-Ռիադում հանդիպման ժամանակ մենք, իհարկե, շոշափել ենք ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցեր, սակայն, ըստ էության, այն չի քննարկվել։ Մենք միայն պայմանավորվել ենք, որ մոտենանք դրան՝ իհարկե, չմերժելով եվրոպական երկրների մասնակցությունը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Ինչևէ, այս բանակցություններին զուգահեռ Ուկրաինայում շարունակվում են ռազմական գործողությունները, որոնք արդեն երեք տարուց ավելի են: Աշխարհի տարբեր մասերում տարբեր ձև են անդրադարձել արյունալի պատերազմի երրորդ տարելիցին։ Փարիզում Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով։