Մատչելի հղումներ

 
Սպիտակ տունն անդրադարձել է Թրամփի վարչակազմի առաջին 30 օրվա ձեռքբերումներին

Սպիտակ տունն անդրադարձել է Թրամփի վարչակազմի առաջին 30 օրվա ձեռքբերումներին


ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփ

Սպիտակ տունը հրապարակել է փաստաթուղթ, որտեղ թվարկված են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ձեռքբերումները գործունեության առաջին 30 օրվա ընթացքում։ Հիմնական ոլորտներն են՝ անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, էներգետիկան և կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացումը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնել է ընդամենը մեկ ամիս առաջ, բայց արդեն հասցրել է անել ավելին, քան նախագահների մեծ մասը իրենց ողջ պաշտոնավարման ընթացքում՝ կատարելով Ամերիկայում նոր ոսկե դարաշրջան սկսելու իր խոստումը»,- ընդգծված է փաստաթղթում։

Ստորև բերված է նախագահ Թրամփի ձեռքբերումների ոչ լրիվ ցուցակը՝ ընդամենը մեկ ամսվա ընթացքում։

Անվտանգություն

- Նախագահ Թրամփը հայտարարել է սահմանին արտակարգ դրության մասին և զինվորականներ ուղարկել Ամերիկայի անվտանգությունն ամրապնդելու համար։

- Սահմանի ապօրինի հատումը հասել է նվազագույնի նախորդ տասնամյակների ընթացքում։

- Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ նախագահ Թրամփի օրոք անօրինական ներգաղթյալների ձերբակալությունների թիվը կրկնապատկվել է։

- Նախագահ Թրամփը դադարեցրել է հարկատուների կողմից ֆինանսավորվող բոլոր պետական նպաստները անօրինական ներգաղթյալների համար։

- Նախագահ Թրամփը ակտիվացրել է հանցագործ անօրինական ներգաղթյալների արտաքսումը։

- Նախագահ Թրամփը վերսկսել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը։

- Նախագահ Թրամփը հավելյալ 10% մաքսատուրք է սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ՝ նաև անօրինական ներգաղթյալների և ֆենտանիլի հոսքը դադարեցնելու համար։

- Նախագահ Թրամփը կարգադրել է չեղարկել ծննդյան իրավունքով տրվող ԱՄՆ քաղաքացիությունը։

- Նախագահ Թրամփը կասեցրել է փախստականների ընդունման ծրագիրը ԱՄՆ-ում։

Տնտեսություն

- Նախագահ Թրամփը վերականգնել է պողպատի ներմուծման նկատմամբ սահմանված 25% մաքսատուրքը և բարձրացրել ներկրվող ալյումինի մաքսատուրքը մինչև 25%՝ ամերիկյան արդյունաբերության այս կարևոր ճյուղերը անբարեխիղճ արտաքին մրցակցությունից պաշտպանելու համար։

- Նախագահ Թրամփը ներկայացրել է արդար և փոխշահավետ առևտրի ծրագիր՝ ցույց տալով աշխարհին, որ Միացյալ Նահանգներն այլևս չի հանդուրժի, որ իրեն ուղղակի կողոպտեն։

- Նախագահ Թրամփը պայմանավորվել է հարյուր միլիարդավոր դոլարների նոր ներդրումային ծրագրերի շուրջ։

- Փետրվարին Ֆիլադելֆիայի Դաշնային պահուստային բանկի կանխատեսողները վերանայեցին տնտեսական աճի կանխատեսումները 2025 թվականի առաջին եռամսյակի համար՝ 1,9%-ից բարձրացնելով մինչև 2,5%, ինչպես և գործազրկության մակարդակի կանխատեսումները այդ եռամսյակի համար՝ 4,2%-ից նվազեցնելով մինչև 4,1%։

Ապրուստի ծախսերի նվազեցում

- Նախագահ Թրամփը հանձնարարել է բոլոր գործադիր գերատեսչությունների և գործակալությունների ղեկավարներին «ապահովել գների հրատապ իջեցում... ամերիկյան ժողովրդի համար և բարձրացնել ամերիկացի աշխատավորների բարեկեցությունը»։

- Նախագահ Թրամփը ստեղծել է Էներգետիկ գերակայության ազգային խորհուրդ՝ ԱՄՆ հսկայական էներգետիկ ռեսուրսները առավելագույնս արդյունավետ օգտագործելու և էներգակիրների ցածր գներ ապահովելու համար։

- Նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր հում նավթի գները նվազել են ավելի քան 5%-ով։

- Էներգետիկայի նախարարությունը հետաձգել է Բայդենի վարչակազմի օրոք ընդունված՝ արդյունավետության ստանդարտները ծանրաբեռնող կանոնները որոշ կենցաղային սարքերի համար, ինչը թույլ է տվել ամերիկացի սպառողներին զգալի գումարներ խնայել։

- Նախարար Շոն Դաֆիի առաջին քայլը Տրանսպորտի նախարարությունում եղել է վառելիքի միջին կորպորատիվ տնտեսման (CAFE) ստանդարտների վերանայման գործընթացի մեկնարկը՝ գործնականում չեղարկելով Բայդենի օրոք ընդունված՝ էլեկտրական մեքենաներին առնչվող կարգավորումը:

Արտաքին քաղաքականություն

-Նախագահ Թրամփը ապահովեց Վենեսուելայում վեց ամերիկացի պատանդների, Աֆղանստանում երկու ամերիկացիների, «Համասի» գերությունից ամերիկա-իսրայելական քաղաքացու, Ռուսաստանում բանտարկված Փենսիլվանիայում բնակվող ուսուցչի և Բելառուսում՝ ամերիկյան քաղաքացու ազատ արձակումը։ Նախագահ Թրամփի երկրորդ նախագահության օրոք ազատ արձակված ամերիկացի քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 11-ի։

- Նախագահ Թրամփը բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ ձգտելով խաղաղության հասնել ուկրաինական պատերազմում։

- Նախագահ Թրամփը վերականգնել է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը։

- Նախագահ Թրամփը Իրանի աջակցությունը վայելող հութիների խմբավորումը ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

- Նախագահ Թրամփն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ առաջարկելով Գազայում կայուն խաղաղություն ապահովելու համարձակ հայեցակարգ։

- Նախագահ Թրամփն արգելել է Պաղեստինում գործող ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալության (UNRWA) ֆինանսավորումը, որտեղ աշխատում էին «Համասի» հարյուրավոր զինյալներ և ջիհադիստներ։

- Նախագահ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ, որն անօրինական կերպով իրավասություն է ստանձնել ԱՄՆ ներքին գործերի նկատմամբ և անհիմն կերպով ձերբակալման օրդեր է իջեցրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի առնչությամբ։

- Պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը այսուհետ կառուցվելու է «Նախևառաջ Ամերիկան» սկզբունքի վրա։

- Նախագահ Թրամփը վերականգնել է իրենց պաշտոններում և փոխհատուցել այն զինծառայողներին, որոնք հեռացվել էին ծառայությունից՝ կապված ռազմական գերատեսչության՝ COVID-19-ի դեմ պատվաստման անիմաստ պահանջի հետ։

- Նախագահ Թրամփը հռչակել է «Ամերիկյան ծոցի օր» այն բանից հետո, երբ Ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես նոր անվանումն ավելացրեց իր քարտեզագրական տվյալների շտեմարաններում։

- Նախագահ Թրամփը նախաձեռնել է ԱՄՆ տարածքում նոր սերնդի հակահրթիռային վահան ստեղծելու գործընթաց։

Էներգետիկա

- Նախագահ Թրամփը հայտարարել է էներգետիկայի ոլորտում արտակարգ իրավիճակ՝ Ամերիկայի էներգետիկ ներուժն ամբողջությամբ բացահայտելու և ամերիկացի ընտանիքների համար էներգակիրների գները իջեցնելու համար։

- Նախագահ Թրամփը չեղարկել է Բայդենի վարչակազմի հակաամերիկյան էներգետիկ կանոնակարգերը։

- Նախագահ Թրամփը դուրս է եկել կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից։

- Նախագահ Թրամփը թույլ է տվել ավելի քան 250 միլիոն հեկտար ափամերձ տարածքում վերսկսել նավթի ու գազի հորատումները։

Կառավարությունում հաշվետվողականության և թափանցիկության վերականգնում

- Նախագահ Թրամփը ստեղծել է Պետական կառավարման արդյունավետության նախարարություն (DOGE)՝ կառավարության արտադրողականությունը առավելագույնս բարձրացնելու և հարկատուների միջոցների օպտիմալ օգտագործումը ապահովելու նպատակով, ինչը թույլ է տվել խնայել հարկատուների միլիարդավոր դոլարներ։

- Նախագահ Թրամփը ձեռնամուխ է եղել դաշնային բյուրոկրատիան կրճատելու և միջոցների վատնումը վերացնելու իր ծրագրի իրագործմանը։

- Նախագահ Թրամփը հրամայել է դաշնային գործակալություններին յուրաքանչյուր չորս հեռացողի փոխարեն աշխատանքի ընդունել ոչ ավելի, քան մեկ աշխատակցի։

- Նախագահ Թրամփը հրամայել է դադարեցնել Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյի աշխատանքը։

- Նախագահ Թրամփը հրամայել է վերջ դնել դաշնային պետական մարմիններում քրիստոնյաների նկատմամբ առկա կանխակալությանը։

- Նախագահ Թրամփը դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) առկա վատնումները, խարդախությունն ու չարաշահումները։

- Նախագահ Թրամփը վերացրել է բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) ծրագրերի գրասենյակները, հեռացրել աշխատակիցներին և վերջ դրել այդ ծրագրերի կիրառմանը։

- Նախագահ Թրամփը հրամայել է վերջ տալ դաշնային կառավարության կողմից ամերիկացիների ցանկացած գրաքննությանը։

- Նախագահ Թրամփը կարգադրել է վերանայել բոլոր ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը։

Ամերիկացիների բարգավաճումը և առողջությունը

- Նախագահ Թրամփը ստեղծել է «Դարձնենք Ամերիկան կրկին առողջ» հանձնաժողով, որը ազգային ուշադրությունը կենտրոնացնելու է առողջության խթանման, այլ ոչ թե պարզապես հիվանդությունների բուժման վրա։

- Նախագահ Թրամփը միջոցներ է ձեռնարկել արտամարմնային բեղմնավորման (IVF) հասանելիությունն ընդլայնելու ուղղությամբ։

- Նախագահ Թրամփը Սպիտակ տանը ստեղծել է հատուկ գրասենյակ՝ պաշտպանելու ամերիկացիների կրոնական ազատությունը։

- Նախագահ Թրամփի կաբինետի հաստատումը Սենատի կողմից շատ ավելի արագ է տեղի ունեցել, քան իր նախորդների դեպքում էր. կաբինետի անդամների մեծ մասը հաստատվել է նախագահի կառավարման առաջին ամսվա ընթացքում։

XS
SM
MD
LG