ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երեքշաբթի հայտարարել է, որ արհեստական բանականությանն առնչվող ԵՄ «խիստ» կանոնները կարող են խոչընդոտել տեխնոլոգիայի զարգացմանը և դեմ է արտահայտվել բովանդակության նկատմամբ սահմանփակումներ մտցնելուն՝ այն համեմատելով «ավտորիտար գրաքննության» հետ։
Ներկայացնելով Թրամփի վարչակազմի «Նախևառաջ Ամերիկան» ծրագիրը՝ Վենսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել առաջատար դեր խաղալ արհեստական բանականության բնագավառում։
«Կարծում ենք, որ արհեստական բանականության ոլորտի գերկարգավորումը կարող է սպանել փոխակերպվող արդյունաբերությունը։ Հավատում ենք, որ արհեստական բանականությունը պետք է զերծ մնա գաղափարական կողմնակալությունից, և որ ամերիկյան արհեստական բանականությունը չի վերածվի ավտորիտար գրաքննության գործիքի»,- հայտարարել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Եվրամիությունում ընդունված Թվային ծառայությունների օրենքի հիման վրա գործող «խիստ կարգավորումները», ինչպես նաև առցանց գաղտնիության եվրոպական կանոնները՝ GDPR-ին:
«Իհարկե, ցանկանում ենք, որ համացանցը ապահով վայր լինի, բայց մի բան է կանխել, որպեսզի որևէ գիշատիչն առցանց չվնասի երեխային, բոլորովին այլ է՝ խոչընդոտել, որպեսզի չափահաս տղամարդը կամ կինը չկարողանան ծանոթանալ կարծիքներին, որոնք կառավարությունը ապատեղեկատվություն է համարում»,- ասել է Վենսը:
Ելույթ ունենալով Ջեյ Դի Վենսից հետո՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ընդգծել է, թե լիովին աջակցում է բյուրոկրատիայի կրճատումը՝ այդուհանդերձ, հավելելով, որ անհրաժշտ է ունենալ արհեստական բանականության նկատմամբ հանրային վստահությունն ապահովող կանոնակարգեր:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես նշել է, թե ԵՄ-ն ձգտում է կրճատել բյուրոկրատիան ու ավելացնել ներդրումները արհեստական բանականության զարգացման գործում: