Ակնկալվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի 25%-ի հասնող նոր մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի նկատմամբ՝ ի լրումն մետաղների ներկրման պարագայում գործող մաքսատուրքերի:
Նախազգուշացմամբ է հանդես եկել Եվրամիությունը, թե կարող է պատասխան մաքսատուրքեր սահմանել, ինչը արժանացել է Թրամփի արձագանքին, թե երեքշաբթի կամ չորեքշաբթի հանդես կգա ավելի լայնամասշտաբ մաքսատուրքերի կիրառման մասին, որոնք պետք է համապատասխանեն ամերիկյան ապրանքներ ներկրող երկրների մաքսատուրքերին:
Եվրոպական և ասիական պողպատագործների բաժնետոմսերն անկում են գրանցել։
Կիրակի՝ ԱՄՆ նախագահի ինքնաթիռում՝ Air Force One-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփն տեղեկացրել է, որ երկուշաբթի կհայտարարի մետաղների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերի մասին։ Կարժ ժամանակ անց հավելել է. «Եթե նրանք մեզնից գանձեն, մենք էլ նրանցից կգանձենք»։
ԱՄՆ կառավարության ու Ամերիկյան երկաթի և պողպատի ինստիտուտի տվյալների համաձայն՝ ամերիկյան շուկա պողպատի ամենամեծ արտահանողներն են Բրազիլիան, Կանադան ու Մեքսիկան, որոնց հաջորդում են Հարավային Կորեան և Վիետնամը։
Բացի այդ, Կանադան, ուր առկա հիդրոէներգետիկ հսկայական ռեսուրսները նպաստում են մետաղի արտադրությունը, 2024 թվականի առաջին 11 ամիսներին ապահովել է ԱՄՆ ներկրվող ողջ ալյումինի 79%-ը:
2017 թվականին՝ իր առաջին նախագահության ընթացքում, Թրամփը 25% մաքսատուրքեր սահմանեց ներկրվող պողպատի և 10% ալյումինի նկատմամբ։
Այնուամենայնիվ, ավելի ուշ բացառություններ արեց մի քանի երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Բրազիլիայի, Կանադայի և Մեքսիկայի համար, իսկ նրա հաջորդը՝ նախագահ Ջո Բայդենը հետագայում առանց մաքսատուրքերի գործարքներ կնքեց Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և ԵՄ-ի հետ:
Թրամփը նաև ընդգծել է՝ չնայած ԱՄՆ կառավարությունը թույլ կտա ճապոնական Nippon Steel ընկերությանը ներդրումներ կատարել ԱՄՆ-ում, այնուամենայնիվ, ստեղծվելիք ընկերության վերահսկիչ փաթեթը ճապոնացիներին չի տրվի:
Թրամփը սահմանած մաքսատուրքերից հետո՝ 2019 թվականին ԱՄՆ պողպատ արտադրող գործարանների թողունակությունը աճեց 80%-ով, սակայն դրանից հետո անկում ապրեց, քանի որ չինական պողպատը, չնայած դուրս էր մղվել ամերիկյան շուկայից, բայց սկսեց նվաճել աշխարհը՝ ի հաշիվ նաև ամերիկյան արտադրանքի։ Բացի այդ, պողպատի գներն ընկան։
Հայտնի է նաև, որ ԱՄՆ նախագահը տևական ժամանակ դժգոհ է ԵՄ ներկրվող ավտոմեքենաների նկատմամբ սահմանված 10% մաքսատուրքից, մինչդեռ ԱՄՆ-ում այն 2,5% է:
Նորություն չէ, որ Թրամփն սպառնացել է 25% մաքսատուրքեր սահմանել Ամերիկայի երկու խոշորագույն առևտրային գործընկերներից՝ Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ, իսկ եթե այդ երկրները չեն ցանկանում նման զարգացում, ապա պետք է ավելին անեն՝ դադարեցնելու ապօրինի թմրանյութերի և միգրանտների հոսքը ԱՄՆ։
Սահմանային անվտանգության հարցում Օտտավայից ու Մեխիկոյից զիջումներ ստանալուց հետո Թրամփը մինչև այս մարտի 1-ը կասեցրել է այդ մաքսատուրքերի կիրառումը, թեև տակավին գոհ չէ՝ Fox News-ի հետ զրույցում ասելով, որ Կանադան ու Մեքսիկան լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկեն:
«Պետք է ինչ-որ բան անել, սա չի կարող այսպես շարունակվել, և ես սա փոխում եմ»,- ասել է ԱՄՆ նախագահը։