Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցված լինել ռուսական հակաօդային պաշտպանության կողմից, հինգշաբթի Reuters-ին և CBS News-ին ասել է ամերիկացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ։
Ավելի վաղ Ադրբեջանի կառավարության աղբյուրները Euronews-ին հայտնել էին, որ կործանման պատճառ կարող էր լինել ռուսական «երկիր-օդ» հրթիռը։ Ադրբեջանում Reuters-ի չորս աղբյուրներ՝ ծանոթ ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության արդյունքներին, վթարը կապում են ռուսական հակաօդային պաշտպանության գործողությունների հետ:
Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը հայտարարել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել այն տեղեկությունները, թե ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։
Կրեմլը հորդորել է սպասել հետաքննության պաշտոնական արդյունքներին։
Reuters-ի չորս աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերի 25-ի առավոտյան Բաքու-Գրոզնի ուղղությամբ Embraer E190 8432 հրթիռ է արձակվել։ Մոտավորապես նույն ժամանակ Գրոզնիում անօդաչու թռչող սարքի ակտիվություն է գրանցվել:
Հրթիռը, ամենայն հավանականությամբ, արձակվել է Pantsir-S զենիթահրթիռային համակարգից, հայտնում է Բաքվի AnewZ միջազգային հրատարակությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարության աղբյուրները։
Euronews-ը, հղում անելով իր աղբյուրներին, հավելել է, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական ոչ մի օդանավակայանում՝ չնայած օդաչուների արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքներին։ Նրանց հրահանգվել է Կասպից ծովով թռչել դեպի Ղազախստանի Ակտաու ուղղությամբ։
«Ազատություն» ռադիոկայանը հաստատել է, որ չորեքշաբթի Գրոզնիի օդանավակայանի ծառայությունները հայտնել են, որ «ինքնաթիռը սկզբում ուղղորդվել է Մախաչկալա, իսկ հետո եղանակային պայմանների պատճառով՝ Ակտաու»։
«Ոչ ոք չի ասում, որ դա միտումնավոր է արվել: Սակայն, հաշվի առնելով հաստատված փաստերը, Բաքուն ակնկալում է, որ ռուսական կողմը կընդունի, որ խոցել է ադրբեջանական ինքնաթիռը»,- նշել է Reuters-ի աղբյուրը:
Ռուսական աղբյուրները հայտնում են, որ մինչ Ադրբեջանի ավիաուղիների ինքնաթիռը թռչում էր Չեչնիայի տարածքով, ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը տարածաշրջանում հակազդում էին ուկրաինական անօդաչու թռչող սարքերին։
Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղար Խամզաթ Կադիրովը հայտնել է, որ Գրոզնիի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ նշելով, որ զոհեր և ավերածություններ չկան։
Մեծ Բրիտանիայում գործող Osprey Flight Solutions ավիացիոն անվտանգության ընկերությունը զգուշացրել է իր հաճախորդներին, որ «Ադրբեջանական ավիաուղիների թռիչքը, հավանաբար, խոցվել է ռուսական ռազմական ՀՕՊ համակարգի կողմից»:
Osprey-ի գործադիր տնօրեն Էնդրյու Նիկոլսոնն նշել է, որ ընկերությունը պատերազմի ընթացքում Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի հարձակումների և հակաօդային պաշտպանության համակարգերի մասին ավելի քան 200 նախազգուշացում է տվել:
Չորեքշաբթի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մի քանի շրջաններում ուկրաինական 59 անօդաչու թռչող սարքերի կործանման մասին։
Նրանցից մի քանիսը գնդակոծվել են փակ օդային տարածքում՝ Ուկրաինային սահմանակից շրջանների, այդ թվում՝ Ազովի ծովի վրայով։
Այդ պատճառով Ռուսաստանի մի քանի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներն ու վայրէջքները։
Ինքնաթիռներ արտադրող Embraer-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրազիլիայի Սան Խոսե դոս Կամպոս քաղաքում։ Բրազիլիան երեք ներկայացուցիչ է ուղարկել՝ օգնելու վթարի հետաքննությանը:
Բրյուսելում ՆԱՏՕ-ն կոչ է արել հետաքննել ավիավթարի պատճառները, հայտնում է Reuters-ը։