Մատչելի հղումներ

Արդյո՞ք Ռուսաստանում որոշել են կտրել երկիրը համացանցից


Ի պաշտպանություն համացանցի ազատության երթ Մոսկվայում։ Մարտի 10, 2019թ․։
Ի պաշտպանություն համացանցի ազատության երթ Մոսկվայում։ Մարտի 10, 2019թ․։

YouTube-ը Ռուսաստանում ճնշելով, սահմանափակելով, աշխատանքը դանդաղեցնելով՝ Կրեմլը նպատակ ունի ստիպել ռուսական իշխանություններին հավատարիմ բլոգերներին անցնել այլընտրանքային՝ ռուսաստանյան հարթակներ և առաջին հերթին՝ ВКонтакте (VK):

Անդրադառնալով Ռուսաստանում YouTube-ի աշխատանքի աննախադեպ դանդաղեցմանը կամ փաստացի արգելափակմանը՝ այս մասին գրել է արտերկրում գործող ռուսական Meduza պարբերականը:

Առցանց դաշտում ռուսաստանցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ռուսական Роскомсвобода հասարակական կազմակերպությունն այս երեքշաբթի հաղորդեց, որ Մոսկվայի շրջանային դատարանը տուգանել է Telegram-ին 4 միլիոն ռուբլով՝ այն բանի համար, որ այն հրաժարվել է փակել ВЧК-ОГПУ տելեգրամյան ալիքը, որը պարբերաբար հրապարակում է ուշագրավ տեղեկություններ ռուսաստանյան անվտանգության ուժերի և պաշտոնյաների վերաբերյալ:

Արդյո՞ք Ռուսաստանում որոշել են կտրել երկիրը համացանցից
please wait

No media source currently available

0:00 0:05:25 0:00

Ռուսաստանում թվային միջավայրի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող Роскомнадзор գործակալությունն առաջին անգամը չէր պահանջում Telegram-ից հեռացնել ալիքներ, որոնք կապված են պուտինյան իշխանությունների համար «անցանկալի կազմակերպությունների» հետ կամ, Կրեմլի կարծիքով, տարածում են «ոչ ճշգրիտ տեղեկատվություն»:

Ավելի վաղ Ռուսաստանում արգելափակվել էին Instagram-ն ու Facebook-ը, և ռուսաստանցիները կարողանում են օգտվել այդ հարթակներից միայն VPN-ի միջոցով։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականը համացանցի ռուսաստանյան հատվածի համար, կարելի է ասել, սև տարի էր։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում փորձագետները քննարկել են անցնող տարին։ Եվրասիական թվային հիմնադրամի գլխավոր խորհրդական Սարգիս Դարբենյանի խոսքով՝ Կրեմլի նպատակն է ամբողջությամբ մեկուսացնել համացանցի ռուսաստանյան հատվածը ու վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ, և 2024 թվականին այդ ուղղությամբ լուրջ քայլեր են արվել:

«Այն ծառայությունները, որոնք հրաժարվել են համագործակցել [ռուսաստանյան ներկայիս] իշխանությունների հետ, անջատվել կամ դանդաղեցվել են։ Ըստ ամենայնի, Ռուսաստանը շարժվում է դեպի համացանցի կարգավորման իրանա-թուրքմենական մոդել, ուր ցանց մուտք գործել նշանակում է այցելել միայն տեղական կարգավորիչի ռեգիստրում գրանցված հասցեներ, իսկ մնացած բոլոր հասցեները արգելափակված են»,- ասում է Դարբենյանը:

Ըստ փորձագետի՝ Կովկասում վերջերս անցկացվել են զորավարժություններ, որոնց ընթացքում անջատվել էին մեսենջերներն ու սոցիալական ցանցերը:

«Այս փորձը, հավանաբար, կիրառվելու է ողջ երկրում փորձնական ռեժիմում»,- նշում է նա:

Կրեմլի պրոպագանդիստ համարվող երգիչ Շամանի՝ Յարոսլավ Դրոնովի համերգի մասնակիցները։ Մոսկվա, հուլիսի 19, 2024թ․։
Կրեմլի պրոպագանդիստ համարվող երգիչ Շամանի՝ Յարոսլավ Դրոնովի համերգի մասնակիցները։ Մոսկվա, հուլիսի 19, 2024թ․։

Վերջին շրջանում Ռուսաստանում VPN-ների աշխատանքի խոչընդոտումը նույնպես ակտիվացել է: Հայտնի է, որ Роскомнадзор-ը ստացել է շոշափելի ֆինանսական միջոցներ՝ VPN-ների դեմ պայքարի համար, ինչը զգալիորեն բարդացրել է արգելափակումները շրջանցելու հնարավորությունը:

«Հարյուրավոր VPN հավելվածներ հեռացվել են հավելվածների խանութների ռուսաստանյան բաժիններից, և ամերիկյան տեխնոլոգիական հսկաները համագործակցում են ռուսաստանյան իշխանությունների հետ»,- շարունակում է Դարբենյանը։

Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս Ռուսաստանում գտնվողներին նախօրոք տեղադրել հասանելի VPN-ներ, որոնք դեռ ունակ են շրջանցել սահմանափակումները: Առաջարկեց այցելել vpnlove.org, որտեղ առկա է VPN ծառայություններ մատուցող վստահելի հավելվածների մասին տեղեկություն, և այդ հավելվածները դեռ հասանելի են ռուսաստանցիներին, ռուսական բանկային քարտերից ընդունում են վճարումներ և դրանց միջոցով դեռ կարելի է շրջանցել Роскомнадзор-ի սահմանափակումները

Իր հերթին, «Համացանցի պաշտպանության միավորման» գործադիր տնօրեն Միխայիլ Կլիմարևի խոսքով՝ նախորդ տարիներին համացանցի առնչությամբ Կրեմլի ռազմավարությունը անփոփոխ է մնացել՝ աստիճանաբար խստացնել գրաքննությունն ու արգելափակումները։

«Դա նրանց ռազմավարությունն է։ Բայց եթե նախկինում գործում էին կտրուկ, այժմ անցել են փուլային մոտեցման, որն երևաց YouTube-ի դանդաղեցման գործընթացում: Կարճ ասած, նրանք ընտրել են, այսպես ասած, գորտը մարմանդ կրակի վրա եփելու մարտավարությունը՝ ամեն ինչ անել աստիճանաբար»,- ասում է Կլիմարևը։

Ըստ մեր զրուցակցի՝ արդյունքում, օրինակ, YouTube-ը գործնականում դարձել է անհասանելի Ռուսաստանում։

«Հուլիսի համեմատ YouTube-ի հոսքը նվազել է ավելի քան 20%-ով: Կարծում եմ՝ 2025 թվականին մեսենջերների՝ այդ թվում WhatsApp-ի և, հնարավոր է, Telegram-ի, արգելափակումը կդառնա հիմնական նպատակ: Նույնը վերաբերում է VPN-ներին, որոնց դեմ պայքարը կշարունակվի և, ամենայն հավանականությամբ, կընդլայնվի»,- ասում է Միխայիլ Կլիմարևը։

Փորձագետի ներկայացմամբ՝ 2025 թվականին Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կանցնի համացանցի կարգավորման իրանա-թուրքմենական մոդելին՝ այդ առումով անցնելով անգամ Չինաստանին։

«VPN-ների դեմ պայքարը նոր փուլ է մտնում, քանի որ շատ օգտատերեր հարմարվել են արգելափակումներին։ Ավելին, անկախ լրատվամիջոցները սկսեցին զանգվածաբար վաճառել VPN ծառայություններ, ինչը նրանց համար շահավետ գործարք է։ Դա թույլ է տալիս ֆինանսապես օգտվել, իսկ օգտատերերին՝ կապի մեջ մնալ: Սակայն այս ամենը տեսանելի է նաև իշխանություններին, ինչը նշանակում է, որ Роскомнадзор-ը կձգտի արգելափակել այդ գործընթացները»,- նշում է Կլիմարևը։

Այդուհանդերձ, նա հիշեցրեց, որ Роскомнадзор-ը պահանջում է հեռահաղորդակցության օպերատորներից տրամադրել այն օգտատերերի տվյալները, որոնք օգտվում են VPN-ներից։

Ինչևէ, չնայած համացանցի շարունակվող սահմանափակումներին, Կլիմարևը վստահ է, որ պուտինյան ռեժիմի «երկաթե վարագույրը» չի կարող ամբողջովին փակել Ռուսաստանը։

«Եթե անգամ իշխանությունները որոշեն ամբողջությամբ անջատել երկիրը համացանցից, մենք կգտնենք խոչընդոտները շրջանցելու միջոցներ: Կան բազմաթիվ գաղափարներ, թե ինչպես այդ անել»,- ամփոփեց նա։

XS
SM
MD
LG