Հայաստանի առցանց միջավայրը շարունակում է մնալ բաց և այդ առումով բարելավվել է անցած տարվա ընթացքում, քանի որ կառավարությունը չի արգելափակել կայքեր կամ սոցհարթակներ՝ հայտնում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր «Ազատությունը համացանցում. վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում։ Հրապարակումը, սակայն, մատնանշում է, որ այնուամենայնիվ, որոշ դեպքերում կառավարությունը բերման է ենթարկել մարդկանց՝ իշխանությանը քննադատող առցանց հրապարակումների համար, իսկ որոշները դարձել են լրտեսական ծրագրերի թիրախներ:
Freedom House-ի զեկույցում ընդգծվում է, որ 21-րդ դարի առողջ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց վստահելի առցանց միջավայրի, որտեղ գերիշխում է ազատ արտահայտման և բազմազան տեղեկատվության հասանելիությունը:
Այս տարի Freedom House-ն իր զեկույցում, որը ներառում է 2023 թվականի հունիսի 1-ից մինչ 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը, կրկին դասել է Հայաստանն ազատ համացանց ունեցող երկրների շարքին: 2024 թվականի զեկույցում երկիրը առաջ է անցել երկու միավորով՝ ստանալով 74 միավոր անցյալ տարվա 72-ի դիմաց: Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցմեդիա հարթակները և միջազգային չափանիշներով բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել:
Դրա հետ մեկտեղ` Հայաստանին վերաբերող զեկույցում Freedom House-ն արձանագրել է իշխանության կողմից գրաքննության և թվային ոլորտի վերահսկման դեպք:
Ըստ զեկույցի՝ «առցանց տեղեկատվական դաշտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և լի է ապատեղեկատվությամբ: Որոշ առցանց լրատվամիջոցներում լրագրողներին արգելվում է շեղվել խմբագրական քաղաքականությունից, որը որոշ դեպքերում կապված է քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ: Բանավեճի տեղիք է տվել վարչապետ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի դերակատարությունը որպես «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր»:
Նշված ժամանակահատվածում, ըստ զեկույցի, չեն գրանցվել կայքերի կամ սոցիմեդիա հարթակների արգելափակման դեպքեր՝ ի տարբերություն նախորդ շրջանների: Միևնույն ժամանակ՝ զեկույցն առանձնացրել է 2024 թվականի մարտին կառավարությանը քննադատող փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման փաստը՝ խուլիգանության մեղադրանքով: Նրանք դատապարտվել են երկամսյա նախնական կալանքի՝ վարչապետ Փաշինյանին վիրավորող հրապարակումից հետո:
Զեկույցն անդրադառնում է նաև 2024 թվականի մայիսին «ՍիվիլՆեթի» բացահայտմանը, ըստ որի՝ «կառավարական ֆեյսբուքյան էջերը, այդ թվում՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի կողմից ղեկավարվող լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջը, կեղծ տեղեկություն է տարածել՝ նշելով, որ 2024 թվականի մայիսյան բողոքի ցույցերի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով քննադատում է Փաշինյանի կառավարությանը և Տավուշում սահմանամերձ գյուղերի փոխանցումը Ադրբեջանին, հանդիսանում է Կրեմլի գործակալ»։
Զեկույցում նշված է, որ 2023 թվականի դեկտեմբերին կառավարությունն ընդունեց ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը և գործողությունների ծրագիրը, որոնց նպատակն է ուժեղացնել պետական և մասնավոր հատվածի կարողությունները այս ուղղությամբ և խթանել մեդիա գրագիտությունը:
Freedom House-ն անդրադառնում է նաև Հայաստանում ռուսական ապատեղեկատվական արշավներին: Ըստ զեկույցի՝ 2024 թվականի հունվարին Anonymous Russia հաքերային խումբը նախաձեռնել է առցանց հարձակումներ մի քանի կայքերի, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, բանկերի և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողներ ընկերությունների դեմ:
Բացի այդ՝ «ռուսական պետական աջակցությունը վայելող լրատվամիջոցները, Ռուսաստանի կառավարության պաշտոնյաները և հայաստանյան որոշ քաղաքական կուսակցություններ պնդում են, թե Հայաստանում ԱՄՆ կողմից ղեկավարվող լաբորատորիաները արտադրում են կենսաբանական զենք», ինչը նույնությամբ կրկնում է Ուկրաինային առնչվող ապատեղեկատվությունը:
Freedom House-ի հրապարակումը նաև մեջբերում է Meta-ի 2024 թվականի երկրորդ եռամսյակի սպառնալիքների մասին զեկույցը, ուր նշվում է, թե Facebook և Instagram հարթակներում ընկերությունը հեռացրել է բազմաթիվ անհայտ օգտահաշիվներ, որոնք խթանում էին Ռուսաստանին աջակցող և վարչապետ Փաշինյանին քննադատող խոսույթներ: Այդ օգտահաշիվները մարդկանց ուղղորդում էին դեպի կեղծ կայքեր, որոնք նմանակում էին հայաստանյան լրատվական կայքերը և գործում էին նաև YouTube-ում, Telegram-ում և TikTok-ում:
Հարկ է ընդգծել՝ Հայաստանն իր միավորներով առաջին տեղն է զբաղեցրել եվրասիական տարածաշրջանի խմբում, ու Երևանին հետևում են դարձյալ ազատ համացանց ունեցող Վրաստանը՝ 74 միավորով, մասամբ ազատ Ուկրաինան՝ 59 միավորով և Ղրղզստանը՝ 48 միավորով, ինչպես նաև անազատ համացանց ունեցող հետխորհրդային երկրները՝ Ադրբեջանը (34 միավոր), Ղազախստանը (34 միավոր), Ուզբեկստանը (27 միավոր), Բելառուսը (22 միավոր) և Ռուսաստանը (20 միավոր):
Տարածաշրջանային այլ երկրներից Թուրքիան 31 միավորով ևս դասվում է ոչ ազատ երկրների շարքին, իսկ վատագույն ցուցանիշներից մեկն Իրանինն է, որն, ըստ զեկույցի, ևս հանդիսանում է ոչ ազատ համացանց ունեցող երկիր՝ 12 միավորով:
Զեկույցի հեղինակների համաձայն՝ 100 բալանոց սանդղակով 72 երկրներից 27-ում համացանցից օգտվողների ազատության մակարդակը նվազել է։ Նախորդ զեկույցի համեմատ ամենազգալի անկումը գրանցվել է Ղրղզստանում (-4), որին հաջորդում են Ադրբեջանը (-3), Բելառուսը (-3), Իրաքը (-3) և Զիմբաբվեն (-3):
Լավագույն արդյունքն են գրանցել Իսլանդիան, Էստոնիան և Կանադան: Միացյալ Նահանգները 76 միավորով 9-րդ տեղում է համացանցի ազատության սանդղակում: Հայաստանն ու Վրաստանը 74 միավորով, համապատասխանաբար, զբաղեցնում են 11-րդ և 12-րդ հորիզոնականները:
Ընդհանուր առմամբ, զեկույցը ընդգծում է, որ նախորդ 14 տարիների ընթացքում համացանցի ազատության մակարդակն ողջ աշխարհում շարունակում է հետևողականորեն նվազել: Համացանցի ազատության մակարդակի վրա ազդող հիմնական պատճառների թվում Freedom House-ը նշում է ընտրություններին միջամտությունը և համացանցում ազատ արտահայտվելու իրավունքի ճնշումը:
Ըստ զեկույցի՝ 2023 թվականին առնվազն 43 երկրներում մարդիկ հարձակման են ենթարկվել կամ սպանվել՝ առցանց տիրույթում իրենց կարծիքը հայտնելու կամ ակտիվություն ցուցաբերելու համար։