Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի մերձեցման ֆոնին՝ ԱՄՆ-ն կոչ է անում Չինաստանին գործել

Մինչ ուկրաինական պատերազմում հյուսիսակորեական զորամիավորումները ռուսական օկուպացիոն ուժերի կողքին են՝ Միացյալ Նահանգները կոչ է արել Չինաստանին ներազդեել Փհենյանի վրա՝ զսպելու Հյուսիսային Կոերային: Ընդ որում, Վաշինգտոնից հնչող հորդերը դատարկ տեղում չէ. Պեկինում ակնհայտորեն դժգոհ են։

ԱՄՆ ու Չինաստանի նախագահներ Ջո Բայդենն ու Սի Ծինփինը անցկացրեցին իրենց երրորդ, և, հավանաբար, վերջին՝ դեմառդեմ բանակցությունները Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին՝ Պերուի մայրաքաղաք Լիմայում:

Հանդիպմանը Բայդենը խորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանին ցուցաբերվող Չինաստանի աջակցության վերաբերյալ, ինչը Վաշինգտոնի կարծիքով միայն նպաստում է Ուկրաինայում արյունահեղության երկարաձգմանը։ Սպիտակ տան ղեկավարը նաև դատապարտել է Փհենյանի որոշումը՝ զորամիավորումներ ուղարկել ուկրաիանական ռազմաճակատ՝ կռվելու օկուպացիոն ռուսական զորքերի կողքին։

Իր հերթին՝ Ծինփինը վերահաստատել է Չինաստանի մոտեցումը, թե Պեկինը պատրաստակամ է միջնորդել բանակցությունների անցկացման գործում և որ Չինաստանն, իրականում, կայունացնող ուժ է։

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ եվրոպացի դաշնակիցները միացել են Միացյալ Նահանգներին՝ կոչ անելով Չինաստանին ավելին անել Ռուսաստանին ցուցաբերվող աջակցությունը սահմանափակելու համար, քանի որ Կրեմլի սանձազերծած պատերազմը սպառնում է Եվրոպայում անվտանգությանը:

«Նախորդ չորս տարիներին նկատել ենք դաշնակիցների [դիրքորոշումների] աննախադեպ մերձեցում անդրատլանտյան անվտանգությանը Չինաստանի ներկայացրած մարտահրավերների հարցում, և դա վերաբերում է նաև [Պեկինի] աջակցությանը Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրին, ինչը թույլ է տալիս Ռուսաստանին շարունակել ագրեսիան և մեծացնել Սառը պատերազմի ավարտից ի վեր եվրոպական անվտանգության առջև հառնած սպառնալիքը»,- ասել է Բլինքենը:

Չինացի պաշտոնյաները հրաժարվում են արձագանքել Հյուսիսային Կորեայի որոշմանը՝ զորքեր ուղարկել Ռուսաստան։

Դիտորդների խոսքով՝ նման լռությունը, ըստ էության, ի ցույց է դնում Չինաստանի բացասական մոտեցումը Մոսկվայի ու Փհենյանի միջև խորացող ռազմա-քաղաքական համագործացությանը:

«Պուտին-Ծինփին հարաբերություններն այնքան ամուր չեն, որքան երբեմն պատկերացնում ենք: Պուտինը կանի այն, ինչ իրեն ձեռնտու է, և պարտադիր չէ, որ կտեղեկացնի չինացիներին այդ մասին: Չեմ կարծում, որ չինացիները նախապես տեղեկացված են եղել, օրինակ, Պուտինի և Հյուսիսային [Կորեայի] միջև [ստորագրված] փոխադարձ պաշտպանական պայմանագրի մասին»,- ասում է Ջորջթաունի համալսարանի ներկայացուցիչ Դենիս Ուայլդերը։

Արտաքին քաղաքականության գծով ԱՄՆ որոշ նախկին պաշտոնյաներ գտնում են, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև խորացող կապերը անվտանգության ոլորտում կարող են թուլացնել Չինաստանի դիրքը Արևելյան Ասիայում և ունենալ երկարաժամկետ բացասական հետևանքներ Պեկինի համար: