ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը առաջին անգամ խոսել է Վաշինտոնի հետ հարաբերությունների մասին սպառազինության ցուցահանդեսի ժամանակ։ Վայրն, անշուշտ պատահական չէր ընտրված։
Հյուսիսկորեացի ղեկավարը նշել է, թե նախորդ բանակցությունները վկայում են, որ Վաշինգտոնն «անփոփոխ թշնամությամբ» է լցված Փհենյանի նկատմամբ: Ուստի, հարկ է ընդլայնել Հյուսիսային Կորեայի միջուկային հնարավորությունները «առանց սահմանափակումների»:
Այսօր Կիմ Չեն Ընը նույն գործիչը չէ, ում հետ Թրամփը վերջին անգամ հանդիպեց 2019 թվականին՝ կարծիք է հայտնում ԱՄՆ Պետքարտուղարության Ասիայի հարցերով նախկին պաշտոնյա Էվանս Ռեվերը։
«Կիմ Չեն Ընը գտնում է, որ ներկայում իր դիրքերն ավելի ուժեղ են, և, կարծում եմ, որ նման մտածողության պատճառներից է նրա նոր հարաբերությունները ռուսների հետ»,- ասում է Ռեվերը:
Պենտագոնի տվյալներով՝ ներկայում ավելի քան 10 հազար հյուսիսկորեացի զինվորականներ են գտնվում Ռուսաստանում՝ ռուսական օկուպացիոն ուժերի կողքին կռվելով ուկրաինական բանակի դեմ:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն անցած ամիս Փհենյանում էր և այցը կենտրոնացած էր երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ, որը, ըստ Բելոուսովի, նվազեցնում է պատերազմի վտանգը Կորեական թերակղզում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքով՝ Մոսկվա-Փհենյան նման դաշինքը մարտահրավեր է Թրամփի նոր վարչակազմին։
«[Ռուսական] միջուկային և հրթիռային տեխնոլոգիաները հոսում են Հյուսիսային Կորեա։ Ռիսկ կա, որ Հյուսիսային Կորեան այն կօգտագործի ոչ միայն մեր դեմ՝ այստեղ, այլև՝ ԱՄՆ դեմ»,- ասում է Ռյուտեն:
Միասին՝ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան ավելի մեծ սպառնալիք են միջազգային կայունությանը՝ նշում է Հյուսիսային Կորեայի գծով ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Սիդնեյ Սեյլերը:
«Սա վերածվում է ռազմական դաշինքի՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ վտանգով, որը խնդիր է [Ուկրաինայում] պատերազմի երկարաձգման, Կորեական թերակղզին և միջազգային հանրությունը ապակայունացնելու առումով»,- ասում է Սեյլերը:
Մեր զրուցակցի խոսքով՝ քանի որ Հյուսիսային Կորեան ստանում է հակաօդային պաշտպանության ռուսաստանյան համակարգեր, զինամթերք արտադրելու արդի միջոցներ, կանխիկ գումար, պարենային ու վառելիքի օգնություն, Կիմ Չեն Ընը սակավ է շահագրգռված փոխհամաձայնության հասնել Վաշինգտոնի հետ, քան Թրամփի առաջին նախագահության ժամանակ էր:
«Կիմ Չեն Ընը կարողանում է շատ բան ստանալ իր նոր՝ լավ ընկեր Վլադիմիր Պուտինից։ Ինչո՞ւ պետք է դիմի Դոնալդ Թրամփին»,- ասում է Սեյլերը:
Իր նախագահության առաջին ժամկետում Դոնալդ Թրամփը, հիշեցնենք, համագործակցում էր Հարավային Կորեայի ղեկավարների հետ՝ փորձելով կասեցնել Փհենյանի միջուկային ծրագրի ընթացքը:
Սակայն նախագահության երկրորդ ժամկետում Թրամփն ակնհայտորեն գործ կունենա այլ Հյուսիսային Կորեայի հետ, որն այլևս շահագրգռված չէ հրաժարվել իր միջուկային ծրագրից՝ ասում է Ռիվերը։
«Այս ողջ ընթացքում հյուսիսկորեացիները ձգտում էին ԱՄՆ-ից ճանաչում կորզել, որ Հյուսիսային Կորեան օրինական միջուկային տերություն է, և որ երկու երկրները պետք է միասին նստեն ու խոսեն գոյակցության մասին»,- նշում է Ռիվերը։
Ինչևէ՝ հիշեցնենք, որ անցած ամիս՝ ԱՄՆ-ի ընտրություններից ընդամենը օրեր առաջ, Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ նոր հրթիռ փորձարկեց, որը կարող է խոցել ԱՄՆ տարածքի մեծ մասը: