Պաշտոնավարման ավարտից ընդամենը շաբաթներ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում շնորհեց իր որդուն՝ Հանթերին: Սպիտակ տունը երկուշաբթի հանդես եկավ ի պաշտպանության երիտասարդ Բայդենի, որին մեղադրում էին նաև հարկերից խուսափելու մեջ:
«Նա պայքարեց, քանի որ հավատում է արդարադատության համակարգին, բայց նաև հավատում է, որ քաղաքականությունն իր ազդեցությունը թողեց գործընթացի վրա և հանգեցրեց դատական սխալին»,- ասում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիեռը:
Այս տարվա սկզբին Բայդենը խոստացել էր ներում չշնորհել որդուն՝ նշելով, թե ԱՄՆ-ում ոչ ոք օրենքից վեր չէ։
«Ասացի, որ ենթարկվում եմ ժյուրիի որոշմանը։ Այդպես էլ կանեմ։ Ներում չեմ շնորհի նրան»,- ասել էր Ջո Բայդենը:
Երեքշաբթի Սենատի բարձրաստիճան դեմոկրատ անդամը հրաժարվեց պատասխանել Բայդենի որոշմանը վերաբերող հարցերին:
Հանթեր Բայդենի օտարերկրյա գործարքները Ներկայացուցիչների տան հանրապետականների հետաքննության ներքո էին, որոնք պնդում էին, թե իրենց բացահայտումները թույլ են տալիս իմփիչմենթի ենթարկել նախագահ Ջո Բայդենին, թեև այդպես էլ համոզիչ ապացույցներ չներկայացրեցին:
Հանթեր Բայդենի փաստաբան Մարկ Գերագոսն ասում է, որ ներումն ուղղակի անհրաժեշտ էր։
«Չգիտեմ, թե ով կարող է լուրջ դեմքով պնդել, որ դա քաղաքական ազդեցությունից դուրս [դատական] հետապնդում չէր»,- ասում է Մարկ Գերագոսը:
Բայդենը ԱՄՆ առաջին նախագահը չէ, ով ներում է շնորհել իր ազգականին, բայց դիտորդները չեն թաքցնում իրենց մտահոգությունը:
«Շատ ցավալի է, որ նա չկարողացավ օրինակ ծառայել՝ թույլ տալով, որ արդարադատությունը ընթանա իր հունով։ Նա ճիշտ համարեց նման՝ քաղաքականացված քայլ կատարելը և ներում շնորհելը, և դա մեզ հետ է գցում կամ գոնե ամրապնդում է ճանապարհը, թե նման կերպ կարելի է օգտագործել [նախագահական] ներման հնարավորությունը»,- ասում է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Քլեր Ֆինքելշտեյնը:
Իր նախագահության օրոք Դոնալդ Թրամփը ներում է շնորհել 237 անձի, որոնցից զգալի մասը դատապարտվել էր խարդախության կամ կոռուպցիայի համար: Ընդ որում, նրանցից շատերը շրջանցել էին ներման խնդրանքով դիմելու ավանդական գործընթացը։
«Եկեք չմոռանանք, որ Դոնալդ Թրամփը նախկինում ասել է, թե ինքն իրեն ներում շնորհելու իրավունք ունի, ինչը հանդիսանում է նման՝ քաղաքական պատճառներով արվող ներումների գագաթնակետը»,- հավելում է Ֆինքելշտեյնը:
Թրամփը նաև խոստացել է ներում շնորհել նրանց, ովքեր դատապարտվել են 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակվելու համար՝ փորձելով տապալել 2020 թվականի ընտրությունների արդյունքների հաստատումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից: