Փիթ Հեգսեթը Պատվո մեդալով պարգևատրված Ազգային գվարդիայի վետերան է, ով ծառայել է Իրաքում, Աֆղանստանում և Գուանտանամոյի ռազմակայանում։
Սակայն Fox & Friends հեռուստահաղորդման նախկին վարողը որէև փորձ չունի պետական համակարգում կամ մեծ կառույց ղեկավարելու գործում։
«Կարծում եմ՝ չափազանց անսովոր ընտրություն է։ Այս պաշտոնը սովորական աշխատանք չէ, և ակնկալվում է, որ այն զբաղեցնողը պետք է ունենա կառավարչական զգալի փորձ»,- ասում է պաշտոնաթող ծովակալ, Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Մարկ Մոնտգոմերին։
Ժամանակ առաջ Հեգսեթն ուշադրություն գրավեց պաշտպանության նախարարության համակարգում մի շարք փոփոխությունների վերաբերյալ խոսքով՝ հակադրվելով Պենտագոնում իրականացվող բազմազանության, հավասարության և ներառականության ծրագրերին, որոնք նա անվանեց «չափից դուրս առաջադեմ»։
Your browser doesn’t support HTML5
«Մեր շարքերում չկա սև, սպիտակ կամ շագանակագույն։ Բոլորս կանաչ ենք և բոլորիս մեջ հոսում է կարմիր արյուն։ Մեր ուժը մեր բազմազանության մեջ չէ, այլ մեր միասնության, մեր հայրենիքի, մեր ընտանիքների և միմյանց հանդեպ սիրո մեջ»,- ասել է Փիթ Հեգսեթը։
Հեգսեթը նաև առաջարկել է կանանց զերծ պահել մարտական նշանակության պաշտոններից։
«Ուղիղ եմ ասում՝ կանայք չպետք է լինեն մարտական դիրքերում։ Դա մեզ ավելի արդյունավետ կամ մահաբեր չի դարձրել, բայց ավելի բարդացրել է ռազմական գործողությունները»,- ասել է Հեգսեթը։
2014-2015 թվականներին իրականացված ԱՄՆ ռազմածովային ուժերի ուսումնասիրության ժամանակ համեմատել են ամբողջությամբ տղամարդկանցից և տարբեր սեռերից, գենդերային ինքնություններից բաղկացած մարտական ստորաբաժանումները։ Պարզվել է, որ ամբողջությամբ տղամարդկանցից կազմված ստորաբաժանումներն ավելի արագ են գործում, սակայն մյուս խմբերը ավելի լավ են լուծում խնդիրները։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ընդգծում է՝ կանայք մեծ արժեք են բերում ԱՄՆ ռազմական ուժերին։
«Ձեր կարիքն ունենք։ Հավատում ենք ձեզ։ Գնահատում ենք ձեր ծառայությունը, և դուք արժեք եք ավելացնում աշխարհի ամենաարդյունավետ և մարտունակ ռազմական համակարգին»,- ասում է Օսթինը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփն իր՝ Հարվարդում և Փրինսթոնում կրթություն ստացած թեկնածուին կոչել է «ուժեղ, խելացի և Ամերիկայի իսկական հավատացյալ»։
Հեգսեթի առաջադրումից հետո առաջ լայն հանրությանը հայտնի դարձավ դեռ 2017 թվականին սեռական ոտնձգության վերաբերյալ Փիթ Հեգսեթին ուղղված մեղադրանքի մասին։ Հեգսեթի պնդմամբ՝ տեղի ունեցածը փոխադարձ համաձայնությամբ էր, իսկ վճարել է մյուս կողմին՝ կատարվածը հրապարակային չդարձնելու համար:
Փիթ Հեգսեթի առաջադրումը պետք է հաստատվի Սենատում։ Չնայած ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում հանրապետականները ներկայում ունեն երեք ձայնի առավելություն և մեծամասնություն են, դիտորդները նշում են, որ այն ամենևին չի երաշխավորում նրա հաստատումը՝ հաշվի առնելով, օրինակ, մարտական դիրքերում կանանց ծառայելու վերաբերյալ Հեգսեթի դիրքորոշումը:
«Երբ նայում եմ սենատորներին, տեսնում եմ, օրինակ, սենատոր Ջոնի Էրնստին, ով կին վետերան է՝ ծառայած մարտական պայմաններում։ Համոզված եմ, որ նա հետաքրքիր հարցեր կունենա Հեգսեթի խոսքերի վերաբերյալ։ Իմ կարծիքով՝ շատ բարդ խնդիր է լինելու»,- ասում է վերլուծաբան Մարկ Մոնտգոմերին։
Նորություն չէ որ նախկինում Թրամփը բարդ հարաբերություններ է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարների հետ, սակայն դիտորդների խոսքով՝ Հեգսեթի պարագան այլ է․ նա չափազանց հավատարիմ է Դոնալդ Թրամփին։