Մատչելի հղումներ

Ի՞նչ քաղաքականություն է վարելու Թրամփը ՆԱՏՕ-ի ուղղությամբ. դաշնակիցներն մտորումների մեջ են


 Դոնալդ Թրամփը ևՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Դոնալդ Թրամփը ևՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն

ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցներն անհանգիստ անդրատլանտյան հարաբերություններ են ակնկալում, երբ կմեկնարկի Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահությունը: Իր պաշտոնավարման առաջին ժամկետում Թրամփը բազմիցս քննադատել էր ալյանսի անդամ դաշնակիցներին՝ պաշտպանության վրա բավարար ծախսեր չկատարելու համար:

ԱՄՆ պաշտոնյաները ներկա էին Լեհաստանում հրթիռային պաշտպանության ամերիկյան ռազմակայանի բացմանը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը կայացվել էր դեռ 2008 թվականին: Վարշավան բարձր է գնահատել ԱՄՆ ցուցաբերած հանձնառությունը:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի խոսքով՝ Միացյալ Նահանգները, իրականում, Լեհաստանի, նաև ողջ Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության երաշխավորն է:

Թեև Եվրոօայում չեմ դադարում ջերմ խոսքերը Վաշինգտոնի հասցեին, բայց նաև հնչում են մտահոգություններ, թե ինչ դիրքորոշում է որդեգրելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայի անվտանգության ապահովման հարցում։

Ի՞նչ քաղաքականություն է վարելու Թրամփը ՆԱՏՕ-ի ուղղությամբ. դաշնակիցներն մտորումների մեջ են
please wait

No media source currently available

0:00 0:03:23 0:00

2017 թվականին Թրամփը ՆԱՏՕ անվանել էր «հնացած» և բազմիցս քննադատել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ պաշտպանության վրա բավարար ծախսեր չկատարելու համար:

«28 անդամ երկրներից 23-ը դեռ չեն վճարում այն, ինչ պետք է վճարեն իրենց պաշտպանության համար: Սա արդար չէ Միացյալ Նահանգների ժողովրդի և հարկատուների նկատմամբ»,- 2017-ին ասել էր Դոնալդ Թրամփը:

2018 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշնակիցներին անգամ փոխանցեցին, թե Թրամփը սպառնացել է դուրս բերել ԱՄՆ-ն ալյանսից, եթե եվրոպական երկրները չմեծացնեն իրենց ռազմական ծախսերը:

Ժամանակ անց Թրամփը խոսեց հաջողության մասին. «Բոլորը համաձայնել են էապես բարձրացնել իրենց վճարները [ռազմական ոլորտին]: Նրանք պատրաստվում են այն բարձրացնել այնպիսի մակարդակի, որի մասին նախկինում երբեք չէին մտածել»:

Այս տարվա փետրվարին Դոնալդ Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի մասին անհանգստության նոր ալիք առաջացրեց ալյանսում:

«Մեծ երկրի նախագահներից մեկը ոտքի կանգնեց և ասաց՝ դե, պարոն, եթե չվճարենք, և հարձակման ենթարկվենք Ռուսաստանի կողմից, դուք մեզ կպաշտպանե՞ք։ Ասացի՝ դուք չեք վճարել: Դուք խախտել եք պայմանը: Ասաց՝ այո, ենթադրենք, որ այդպես է: Ո՛չ, ձեզ չեմ պաշտպանի: Դուք պե՛տք է վճարեք»,- ասել էր Թրամփը:

ՆԱՏՕ-ի քաղաքականության պլանավորման բաժնի նախկին ղեկավար Ֆաբրիս Փոթիերի կարծիքով՝ Թրամփի նոր նախագահության օրոք եվրոպացիներին սպասվում են նոր ճնշումներ՝ սեփական ռազմական ծախսերը ավելացնելու համար. «Վստահ չեմ, որ կարող ենք խոսել ՆԱՏՕ-ի առջև [Թրամփի նոր վարչակազմի կողմից] սպառնացող վտանգի մասին, ինչպես 2018 թվականին էր: Բայց նա ծանր գործարք կառաջարկի՝ բարձրացնել [ռազմական] ծախսերի մակարդակը»:

Սակայն նման մոտեցումը, ըստ մեր զրուցակցի, ամենայն հավանականությամբ, կողջունեն եվրոպական շատ պետություններ՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։

«Արևելյան ճակատում գտնվող դաշնակիցները, ինչպիսիք են՝ Լեհաստանը, բալթյան և նույնիսկ սկանդինավյան երկրները, այժմ դա լավ բան են համարում: Բայց, կարծում եմ, որ դաշինքում դեռ որոշակի անհանգստություն կա, թե նա կարող է վնասել հավաքական պաշտպանության նկատմամբ առկա վստահությունը»,- հավելեց Փոթիերը:

Չորեքշաբթի Թրամփը հայտարարեց, որ իր օրոք Մեթյու Ուիթաքերն է լինելու ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան՝ մանրամասնելով, թե Ուիթաքերը «կուժեղացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ», և որ նա նախևառաջ հաշվի կառնի Ամերիկայի շահերը: Ուիթաքերի նշանակումը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը։

XS
SM
MD
LG