Փորձենք ի մի բերել, թե որքան միջոցներ են տրամադրել 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր ամերիկացի օրենսդիրները Ուկրաինային, ինչ պայմաններով և արդյո՞ք հնարավոր է նոր օգնության փաթեթի հատկացումը Կիևին։
Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է տասնյակ բանաձևեր՝ Ուկրաինային աջակցելու, Ռուսաստանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ։ Բացի այդ, ամերիկացի օրենսդիրները Ուկրաինային են հատկացրել աջակցության 5 խոշոր փաթեթներ: Այսօր հիմնական հարցն է, թե արդյոք հնարավոր է օգնության նոր փաթեթ և եթե այո, ապա ինչ պայմաններով ու երբ։ Այս հարցը, ինչպես նաև ԱՄՆ և գործընկեր-երկրների հետագա քայլերը Ուկրաինայի ուղղությամբ քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում։
175 միլիարդ դոլար։ Սա ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային հատկացված աջակցության ընդհանուր գումարն է, որի հիմնական մասը՝ ավելի քան 100 միլիարդ դոլարը, հատկացվել է 2022 թվականին։
2022 թվականի մարտին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից մի քանի շաբաթ անց, Կոնգրեսը 13,6 միլիարդ դոլարի օգնություն հատկացրեց Կիևին՝ զենքի գնման, ամերիկյան բանակի սեփական զինանոցը համալրելու, հետախուզական գործողություններ իրականացնելու, ուկրաինական էներգետիկ համակարգերն եվրոպական ցանցին ինտեգրելու, ռուսական ակտիվները որոնելու և ապատեղեկատվության դեմ պայքարելու նպատակով:
«Հոլոքոստ է տեղի ունենում: Ականատես ենք, թե ինչպես են մարդիկ ավտոբուսների համար հերթ կանգնում՝ հակամարտության գոտին լքելու նպատակով, իսկ Պուտինի հրետանին կրակում է այդ ավտոբուսների ուղղությամբ: Ի՞նչ մարդասիրության ու արժանապատվության մասին կարող է խոսք գնալ: Պետք է ուկրաինացի խիզախ զինվորականներին տրամադրենք ավելի լավ զենքեր՝ Javelin, Stinger կամ այլ տեսակի սպառազինություն: Բոլորը գիտեն, թե ով է Պուտինը։ Նա կարծում է, որ հնարավոր է սպանել կանանց ու երեխաներին։ Զելենսկին պետք է հաղթի, ուկրաինացի զինվորականները պետք է հաղթեն, մեզ պետք չէ, որ նրանք պարտվեն։ Հաղթելու համար նրանց ավելի շատ զենք է պետք»,- ասել էր հանրապետական սենատոր Բեն Սասեն:
2022 թվականի մայիսին Կոնգրեսի զույգ պալատները հավանություն տվեցին ամերիկյան զենք գնելու համար Կիևին վարկ տրամադրելու օրինագծին, որը Ուկրաինան կարող է հետո մարել։ Խոսքը, փաստորեն, մերօրյա լենդ-լիզի մասին է։
«Շատ հպարտ ենք՝ նման օրենքի նախագիծ առաջ քաշելով։ Լենդ-լիզը համագործակցության մոդել էր Երկրորդ աշխարհամարտից հետո ժողովրդավարության համար պայքարում, և սա այն մոդելն է, որին այժմ կհետևենք»,- նշել էր 2019-2023 թվականներին Ներկայացուցիչների տան նախագահ, դեմոկրատ Նենսի Փելոսին:
Օգնության հաջորդ փաթեթը՝ 40 միլիարդ դոլարը, հաստատվեց ԱՄՆ օրենսդիրների կողմից 2022 թվականի մայիսին։
Ռազմական և հումանիտար օգնության ևս երկու մեծ փոխանցումներ, որոնք ներառում էին պաշտպանության համար նախատեսված միջոցներ և Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում ուկրաինացի փախստականներին օգնելու համար նախատեսված գումար, Կոնգրեսը հաստատեց 2022 թվականի սեպտեմբերին՝ ամերիկյան ֆինանսական տարվա ավարտից առաջ:
Նույն թվականի դեկտեմբերին նախագահ Զելենսկին Վաշինգտոնում էր՝ հանդիպելու ԱՄՆ նախագահի և Կոնգրեսի անդամներին։
Արդեն այդ ժամանակ որոշ դիտորդներ նկատեցին, որ Ուկրաինային աջակցելու հարցում հանրապետականների շրջանում դժգոհություններ են նկատվում։ ԱՄՆ-ն ամսական մոտ 5,4 միլիարդ դոլար էր ծախսում՝ Ուկրաինային աջակցելու համար:
Նման պայմաններում՝ 2023 ֆինանսական տարվա ավարտին Կիևին օգնության նոր փաթեթ ուղարկելու հույսերը չարդարացան: Այդ նպատակով Բայդենի վարչակազմը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար խնդրեց, սակայն Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ, հանրապետական ՄըքՔարթին՝ ծայրահեղ աջ օրենսդիրների և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո հայտարարեց, թե անհրաժեշտ է նախևառաջ կարգի բերել ԱՄՆ ներքին խնդիրները և Ուկրաինայից պահանջել ավելի խիստ հաշվետվություն՝ ամերիկյան գումարները օգտագործելու համար։
«Շատ մտահոգված ենք հաշվետվողականության հարցով: Պետք է հասկանաք, որ երբ ռեսուրսներ ենք տրամադրում, փող չենք ուղարկում, զենք ենք ուղարկում։ Երբ մենք քվեարկում ենք նոր միջոցների [տրամադրման] վերաբերյալ, ապա դրանք պետք է ուղղվեն Ամերիկայի համար արվող մատակարարմանը ու զենքի արտադրության շղթաների վերականգնմանը»,- ասել էր ՄըքՔարթին:
Փաստորեն, տևական ժամանակ՝ գլխավորապես Հանրապետական կուսակցության ներսում սկիզբ առած բանավեճերի պատճառով ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվում էր օգնություն հատկացնել Կիևին և ամերիկյան օգնությունը սահմանափակվեց Պենտագոնի արդեն իսկ հաստատված բյուջեում առանձնացված 300 միլիոն դոլարով:
2023-2024 թվականների ձմռանն ու հաջորդած գարնանը ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատներն ու հանրապետականները, ի վերջո, պայմանավորվեցին Կիևի համար նախատեսված Վաշինգտոնի աջակցության նոր պայմանների մասին, և այս տարվա ապրիլին՝ տևական քննարկումներից հետո, ամերիկացի օրենսդիրները գրեթե 61 միլիարդ դոլար հատկացրեցին Ուկրաինային՝ անհատույց օգնություն և վարկային միջոցներ, որոնց մարումը ԱՄՆ նախագահը կարող է չեղարկել որոշակի պայմաններով։
Սակայն օգնության նոր փաթեթի միջոցների մեծ մասը մնալու է ԱՄՆ-ում և կօգտագործվի նաև ամերիկյան բանակի պաշարները համալրելու և ռազմական արդյունաբերության արտադրական հզորություններն ավելացնելու համար։
«[ԱՄՆ Կոնգրեսի] ստորին պալատը գործադրեց իր կամքը, պաշտպանեց ազգային անվտանգության կարիքների համար լրացուցիչ հատկացումների մասին օրենքի նախագիծը։ Սխալներ չկան։ Սա դատարկ չեկ չէ, [ուր Կիևում կարող են լրացնել իրենց ցանկացած գումարը]»,- նշել էր Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը:
«Պատմության մեջ շրջադարձային կետ է: Սենատը համատեղ ուղերձ հղեց աշխարհին: Ամերիկան միշտ պաշտպանելու է ժողովրդավարությունը՝ ամենամեծ կարիքի պահին: Մենք մեր դաշնակիցներին ասացինք՝ ձեզ հետ ենք։ Մենք մեր հակառակորդներին ասացինք՝ հեռու մնացեք մեզնից»,- հայտարարել էր Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը:
Կիևին հատկացված նշված 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթը այս պահին վերջինն է։ Չի բացառվում, որ պաշտոնավարման վերջում Բայդենի վարչակազմը կրկին դիմի Կոնգրեսին՝ Ուկրաինային նոր միջոցներ հատկացնելու համար։ Թեև այն հաջողելու քիչ շանսեր ունի։ Գալիք տարվա հունվարից Կոնգրեսի զույգ պալատները անցնելու են հանրապետականների վերահսկողության ներքո, և դժվար թե այնտեղ լուրջ որոշումներ կայացնեն մինչև ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնի ստանձնումը, որի ընթացքում էլ Սպիտակ տան նոր ղեկավարը կհստակեցնի իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։