Իրավապաշտպան կազմակերպությունները ապացույցներ են հավաքում Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունների մասին

2024 թվականի նոյեմբերի դրությամբ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը փաստագրել է ավելի քան 150 հազար ենթադրյալ ռազմական հանցագործություններ, որոնք կատարվել են Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից։ Այս թիվը շարունակում է աճել, փորձագետները նշում են միջազգային իրավունքի համակարգային խախտումների մասին:

Անօդաչուի պատկերած տեսանյութում երևում է, թե ինչպես են ենթադրաբար ռուսաստանցի զինվորականները Դոնեցկի մարզում գնդակահարում երեք անզեն ուկրաինացի զինվորների։ Ռուս զինվորներից մեկը ավելի ուշ գերեվարվել է ուկրաինական ուժերի կողմից և, ըստ տեղեկությունների, ընդունել սպանության մեղքը:

«Ժամանակ չունենք բանտարկյալների համար։ Գերի չենք վերցնում: Հրաման են տվել՝ կրակել։ Ստացանք այդ երեքին և ավարտեցինք [գործը]»,- ասում է Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դելյագինը:

Ուկրաինայի ներկայացմամբ՝ ռուսաստանյան կողմը մահապատժի է ենթարկել 93 ուկրաինացի զինվորականների։ Հազվադեպ չէ, երբ ռուս զինվորները նկարահանում են այդ մահապատիժները և հետո վերբեռնում համացանց:

«Միջազգային իրավունքի ընդգրկուն խախտումների ականտեսն ենք։ Այդ խախտումներից մի քանիսը վերաբերում են հարձակումներին խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ, հարձակումներ բժշկական, էներգետիկ ենթակառուցվածքների դեմ: Ականատես ենք մարդու իրավունքների խախտումների, երբ տեղի են ունեցել խոշտանգումներ, սեռական բռնության…»,- ասում է Օքսֆորդի Էթիկայի, իրավունքի և զինված հակամարտությունների ինստիտուտի պրոֆեսոր Ցվետելինա վան Բենթեմը:

Ուկրաինայում գործող Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ներկայացուցիչները նույնպես զբաղվում են ռազմական հանցագործությունների ապացույցների հավաքագրմամբ։ Ուկրաինական այլ կազմակերպությունների հետ ստեղծել են «Տրիբունալ Պուտինի համար» նախաձեռնությունը:

Ցայսօր փաստագրել են մոտ 82 հազար ռազմական ենթադրյալ հանցագործություններ, որոնք կատարվել են ռուսական ուժերի կողմից Ուկրաինայում: Այդ արձանագրությունների հիման վրա նրանք ներկայացրել են վեց բողոք Միջազգային քրեական դատարան։

«Դրանք պարզապես խելագարված ռուսաստանցի զինվորականների առանձին գործողություններ չեն։ Դա քաղաքականություն է, և կան ցուցիչներ, որ մահապատիժներն իրականացվել են հրամանների հետևանքով, և նման հրամաններ են կատարվում առաջնագծի տարբեր հատվածներում։ Այդ նշանները վկայում են, որ հրամանները գալիս են բարձր մակարդակից, ավելի բարձր, քան պարզապես ինչ-որ ստորաբաժանման սպայի աստիճանն է»,- ասում է ուկրաինական Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ներկայացուցիչ Օլեքսանդրա Ռոմանցովան:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացմամբ՝ օրինակ, ռուսաստանցի 10 զինվորականներ պատասխանատու են եղել 2022 թվականին Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում կատարված հանցագործություններից մեկի համար։

Մեղադրվում է նաև Ռուսաստանի նախագահ Պուտինը, որին ձերբակալելու կարգադրություն Միջազգային քրեական դատարանն իջեցրել է 2023 թվականի մարտին:

«Մեր զեկույցը կոչ էր անում հարցաքննել [Ռուսաստանի] նախագահ Պուտինին և ռուսաստանցի բարձրաստիճան սպաներին՝ այդ ժամանակ քաղաքում կատարված ռազմական հանցագործությունների համար: Պետությունները կարող են օգտագործել այն, ինչ կոչվում է համընդհանուր իրավասության սկզբունք՝ ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու այդ պաշտոնյաներից որևէ մեկին, որը ոտք կդնի իրենց երկիր»,- ասում է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գերի Սիմփսոնը:

Սիմփսոնը՝ «Մեր քաղաքը վերացավ» զեկույցի հեղինակն է, որը վերաբերում է ռուսական ուժերի կողմից ուկրաինական Մարիուպոլ քաղաքի ավերմանը: Զեկույցում ավելի քան 200 էջ նվիրված է ռազմական հանցագործություններին, որոնք ենթադրաբար կատարվել են ռուսական բանակի կողմից Մարիուպոլի օկուպացիայի ժամանակ։

«Մենք մանրամասնորեն արձանագրել ենք 14 դեպք, երբ հարձակումներ են եղել, որոնց հետևանքով ավերվել են բնակելի շենքեր, հիվանդանոցներ և քաղաքի հայտնի թատրոնի [շենքը], սպանվել են խաղաղ բնակիչներ, որոնք ռազմական թիրախ չէին...»,- հավելում է Սիմփսոնը:

Human Rights Watch-ը իրավապաշտպան այլ կազմակերպությունների հետ շարունակում է աշխատել Ուկրաինայում տեղ գտած ռազմական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: