Կլիմայի փոփոխության Copernicus ծառայությունը հայտնում է, որ 2024 թվականը «գրեթե անկասկած կլինի երբևէ արձանագրված ամենատաք տարին»։
Ծառայությունը նաև նշում է, թե այն կլինի առաջին տարին, երբ մոլորակի միջին ջերմաստիճանը 1.5 աստիճան ըստ Ցելսիուսի կգերազանցի նախաարդյունաբերական դարաշրջանի մակարդակը։
Դա այն նշագիծն է, որը աշխարհը պարտավորվել էր պահպանել 2015 թվականի Փարիզի կլիմայական համաձայնագրով՝ գլոբալ ջերմացման լրջագույն հետևանքներից խուսափելու համար։
Տաքացող կլիմայի ազդեցությունը դրսևորվել է այս տարվա ծայրահեղ եղանակային իրադարձություններում։
Իսպանիայի արևելքում մեկ շաբաթից ավելի շարունակվում են մաքրման և փրկարարական աշխատանքները հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից հետո, որոնք գրեթե ամեն ինչ սրբել են իրենց ճանապարհին։
Անակնկալի գալով՝ մարդիկ ժամերով մնացել էին արգելափակված իրենց մեքենաներում, տներում և աշխատանքի վայրերում։
Հոկտեմբերի 29-ի ջրհեղեղից ավելի քան մեկ շաբաթ անց հայտնաբերվել էր 217 մարդու դիակ։ Շարունակվում են անհայտ թվով անհետ կորածների որոնումները։
Գիտնականները, որոնք փորձում են բացատրել կատարվածը, նշում են կլիմայի փոփոխության հետ կապված երկու հնարավոր գործոն։
Առաջինը, որ տաք օդը կարող է ավելի շատ խոնավություն պահել՝ հանգեցնելով ավելի առատ տեղումների։
Երկրորդ հնարավոր պատճառը՝ մթնոլորտի վերին շերտերում շիթային հոսքի անբնական փոփոխություններն են, որոնք առաջացնում են ծայրահեղ եղանակային երևույթներ։
Կլիմայագետներն ու օդերևութաբանները նշել են, որ ջրհեղեղի անմիջական պատճառ է դարձել ցածր ճնշման փոթորկային համակարգը, որը «պոկվել» է արտասովոր ալիքային ու լճացած բարձրադիր շիթային հոսքից։
Այդ համակարգը պարզապես «մնացել է կախված» տարածաշրջանի վրա՝ իր հետ բերելով տեղատարափ անձրևներ։ Այս եղանակային երևույթն այնքան հաճախ է տեղի ունենում Իսպանիայում, որ նույնիսկ ստացել է իր անվանումը՝ DANA՝ իսպաներեն Depresion Aislada en Niveles Altos-ի հապավումը։ Նման կերպ են բացատրում օդերևութաբանները։
Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Դևիդ Պինոն նշում է նաև Միջերկրական ծովի արտասովոր բարձր ջերմային ֆոնի ազդեցության մասին։
«Միջերկրական ծովի շուրջը ձևավորված մակերևութային տաք օդային զանգվածը բախվում է մթնոլորտի վերին շերտերում առկա սառը օդային զանգվածին՝ հանգեցնելով օդի կտրուկ անկայունության և առատ տեղումների»,- ասում է Պինոն։
Պինոն ասում է, որ DANA-ները «իսկապես բնորոշ» են այստեղ, սակայն, կախված տարվանից, տարբեր քանակությամբ տեղումներ են առաջացնում։
Իսպանիայի միջերկրածովյան ափերին հաճախ են լինում աշնանային փոթորիկներ, որոնք կարող են առաջացնել հեղեղումներ, սակայն գործ ունեցանք վերջին ժամանակների ամենահզոր ջրհեղեղի հետ։
Ռեդինգի համալսարանի հիդրոլոգիայի պրոֆեսոր Հաննա Քլոկի կարծիքով՝ ջրհեղեղի հետ կապված իշխանությունների նախապատրաստական աշխատանքները բավարար արդյունավետ չեն եղել։
«Իրականում շատ դժվար է հստակ պարզել ջրհեղեղների պատճառը, քանի որ կան դրան նպաստող մի շարք գործոններ։ Տեղումների քանակությունն իսկապես աննախադեպ էր։ Սակայն ողբերգական հետևանքներից կարելի էր խուսափել, եթե մարդկանց ժամանակին դուրս բերեին անմիջապես վտանգի գոտիներից։ Չնայած սպասվող անձրևների մասին կանխատեսումներին՝ ջրհեղեղների վտանգի մասին մարդկանց տեղեկացնելու համակարգը լավ չի աշխատել։ Մարդիկ կա՛մ անտեղյակ էին, կա՛մ չգիտեին, թե ինչ անել նույնիսկ ջրհեղեղի մասին նախազգուշացումից հետո»,- ասում է Քլոկը։
Տարվա սկզբին Իսպանիայի Կատալոնիա շրջանը տուժել էր իր պատմության ընթացքում ամենաուժեղ երաշտից։
Փետրվարին Իսպանիայի հյուսիսարևելյան շրջանի իշխանությունները արտակարգ դրություն հայտարարեցին երաշտի պատճառով, երբ 6 միլիոն մարդու՝ ներառյալ Բարսելոնայի բնակչությանը սպասարկող ջրամբարները լցված էին ընդամենը 16%-ով, ինչը պատմական նվազագույն ցուցանիշ է։
Տարածաշրջանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ջրօգտագործումը կրճատվեց գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար 80%-ով, իսկ անասնապահության համար՝ 50%-ով, ինչը ծանր հարված հասցրեց տեղի գյուղատնտեսությանը։
Եվրոպական լեռնադահուկային ոլորտը նույնպես տուժում է տաք ձմեռների պատճառով։
Փետրվարի սկզբին Իտալիայի այս լեռներն արդեն կանաչ էին, ոչ թե սովորականի պես ձյունապատ, ինչը պայմանավորված էր երկրի պատմության մեջ ամենատաք ձմեռներից մեկով։
Կլիմայի փոփոխության Copernicus ծառայության համաձայն՝ 2024 թվականի հունվարը եղել է երբևէ գրանցված ամենատաք հունվարն աշխարհում։
2023 թվականի վերջից Աֆրիկայի հարավային շրջանների մեծ մասում վրա հասած երաշտը ոչնչացրել է բերքը, որը աճեցնում և որից կախված են տասնյակ միլիոնավոր մարդիկ Զիմբաբվեում, Զամբիայում և Մալավիում։
Պարենի համաշխարհային ծրագիրը երաշտի վատթարացման պատճառներից մեկը նշումը է Էլ Նինյո բնական կլիմայական երևույթը, որը երկուսից յոթ տարին մեկ տաքացնում է Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտին։
Աֆրիկայի հարավում այն հանգեցրել է միջինից ցածր քանակության տեղումների, երբեմն նաև երաշտի՝ միլիոնավոր մարդկանց մատնելով սովի՝ բերքի ոչնչացման հետևանքով։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Սովի մասին վաղ նախազգուշացման համակարգը գնահատել էր, որ 2024 թվականի առաջին մի քանի ամիսներին Աֆրիկայի հարավային շրջաններում մոտ 20 միլիոն մարդ պարենային օգնության կարիք կունենա։
Ապրիլին Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցվել են պատմության ընթացում ամենից առատ անձրևները, որոնք ուղեկցվել են հեղեղումներով և քամու ուժգին պոռթկումներով։
Անապատային չոր կլիմայով պայմանավորված՝ Էմիրություններում, որպես կանոն, տեղումները հազվադեպ են։
Այդուհանդերձ, հզոր փոթորիկը, որի մասին օդերևութաբանները մի քանի օր շարունակ նախազգուշացրել են, անցել է երկրի յոթ էմիրությունների տարածքով։
Դուբայում 24 ժամվա ընթացքում տեղացել է ավելի քան 142 միլիմետր անձրև, այն դեպքում, երբ Դուբայի միջազգային օդանավակայանում տեղումների տարեկան միջին ցուցանիշը կազմում է 94.7 միլիմետր։
Երկրի այլ շրջաններում է՛լ ավելի շատ տեղումներ են գրանցվել։
ԱՄԷ-ի ջրահեռացման համակարգերը, որոնք նախատեսված չեն նման ծավալի տեղումների համար, շատ արագ խցանվել են՝ հեղեղելով բնակելի թաղամասեր, գործարար շրջաններ և մայրուղիներ։
WAM պետական լրատվական գործակալությունը անձրևն անվանել է «պատմական եղանակային իրադարձություն», որը գերազանցել է «1949 թվականից՝ օդերևութաբանական տվյալների հավաքագրման սկզբից ի վեր արձանագրված ամեն ինչ»։
Քենիայում և Արևելյան Աֆրիկայի այլ տարածքներում մարտ - ապրիլ ամիսներին դիտվել են աղետալի հեղեղներ։
Սնունդ բերող օգնությանը սպասելիս՝ Քենիայում ջրհեղեղի հետևանքով տեղահանված Մերսելին Աթիենո Անյանգան բառեր չէր գտնում խոսելու․ «Մենք մեռնում ենք այստեղ, լճի ջուրը սպանում է մեզ, երբ նայում եմ շուրջս, լեզուս կապ է ընկնում»։
Մայիսին Քենիայի կառավարությունը հաղորդել էր, որ մարտից սկսած ավելի քան 200 մարդ է զոհվել, իսկ 200,000-ը տեղահանվել է հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով։
Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում մայիսյան ջրհեղեղները նույնպես կյանքեր են խլել։
Միայն մեկ շաբաթ անց, երբ Ռիո Գրանդե դու Սուլի մայրաքաղաք Պորտո Ալեգրեում ջրի մակարդակը սկսեց նվազել, Գիլբերտո Զենին կարողացավ բացել իր խանութի դռները։
Զենին, որը 18 տարի խանութի սեփականատերն է, հսկայական վնասներ է կրել։ Ջրհեղեղի հետևանքով զոհվեց ավելի քան 160 մարդ։
Հունիսը դարձավ ռեկորդային գլոբալ ջերմաստիճաններով 13-րդ անընդմեջ ամիսը, ինչպես նաև 12-րդ անընդմեջ ամիսը, երբ միջին գլոբալ ջերմաստիճանը գերազանցել է 1.5 աստիճանը ըստ Ցելսիուսի՝ նախաարդյունաբերական շրջանի համեմատ՝ հայտնել են Կլիմայի փոփոխության Copernicus ծառայությունից։
Սաուդյան Արաբիայում այս տարի հաջի՝ ուխտագնացության ժամանակ ավելի քան 1,300 մարդ է մահացել։ Հավատացյալները ջերմահարվել են անապատային թագավորության իսլամական սրբավայրերում հաստատված ծայրահեղ բարձր ջերմաստիճանի պատճառով։
Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարար Ֆահդ բին Աբդուրահման Ալ-Ջալաջելը նշել է, որ 1,301 զոհերի 83%-ը չգրանցված ուխտագնացներ էին, որոնք երկար տարածություններ են անցել կիզիչ արևի տակ՝ Մեքքայում և շրջակա սրբազան վայրերում հաջի ծեսեր կատարելու համար։
Պատմականորեն հաջի ժամանակ մահվան դեպքերը հազվադեպ չեն, քանի որ երբեմն 2 միլիոնից ավելի մարդ է ուղևորվում Սաուդյան Արաբիա՝ հնգօրյա ուխտագնացությանը մասնակցելու համար։ Եղել են նաև մահվան դեպքեր հրմշտոցի և համաճարակների պատճառով։
Սակայն այս տարի զոհերի թիվը արտառոց բարձր էր, ինչը վկայում է բացառիկ հանգամանքների մասին։
Սաուդյան Արաբիայի ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ այս տարվա հաջի ընթացքում Մեքքայի տարածքում ցերեկային առավելագույն ջերմաստիճանը տատանվում էր 46-ից 49 աստիճան ըստ Ցելսիուսի։
Հունիսին շոգի ուժեղ ալիքը խաթարեց բնականոն կյանքը Պակիստանում, հատկապես երկրի խոշորագույն Կարաչի քաղաքում, որտեղ բժիշկները օգնություն են ցուցաբերել ջերմային հարվածից տուժած հազարավոր անձանց։
Մարդիկ փողոցներում կորցրել են գիտակցությունը, և, ըստ տեղական լրատվամիջոցների, նրանցից ոմանք ավելի ուշ մահացել են։
Սինդ նահանգում ջերմաստիճանը հասել էր 47 աստիճան ըստ Ցելսիուսի։
Հունիսին ջերմահարության վտանգի տակ էին հայտնվել նաև Մեքսիկայի Վերակրուս քաղաքի բնակչության խոցելի խմբերը։
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ այս տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում շոգի պատճառով մահացել է առնվազն 125 մարդ, իսկ ավելի քան 2,300-ը տուժել է ջերմահարությունից, ջրազրկումից և արևայրուքից։
Նաև Մեքսիկայում շոգի հետևանքով մահվան դեպքերը և ծանր հետևանքներն ցույց են տալիս կլիմայի փոփոխության ու գլոբալ ջերմաստիճանի բարձրացման անհամաչափ ազդեցությունը բնակչության առավել խոցելի շերտերի վրա։
Ամռան շոգը դառնում է նոր նորմա՝ ասում է Տեխասի A&M համալսարանի մթնոլորտային գիտությունների պրոֆեսոր Էնդրյու Դեսլերը։
«Խոսքը միայն այս ամառվա մասին չէ։ Մեր կյանքի մնացած բոլոր ամառները շոգ կլինեն»,- ասում է Դեսլերը։
Եվրոպական կլիմայական Copernicus գործակալությունը հայտարարել է, որ մոլորակի վրա ջերմաստիճանի նոր ռեկորդների 13-ամսյա շարքն ավարտվել է հուլիսին, երբ Էլ Նինյո բնական կլիմայական երևույթը սկսել է թուլանալ։
Սակայն 2024 թվականի հուլիսի միջին ջերմաստիճանը գրեթե չի զիջել մեկ տարի առաջ գրանցված հուլիսյան ցուցանիշին։ Գիտնականները նշում են՝ այսպես կոչված, ռեկորդային շարքի ավարտն ամենևին չի նշանակում, թե կլիմայի փոփոխությունից բխող սպառնալիքը վերացել է։
2024 թվականի հուլիսին գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է 16,91 աստիճան ըստ Ցելսիուսի, որը 0,68 աստիճանով բարձր է հուլիս ամսվա ընթացքում գրանցված 30 տարվա միջին ցուցանիշից, և միայն աննշան ցածր է եղել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Սա գործակալության գրանցումների պատմության մեջ երկրորդ ամենատաք հուլիսն էր և երկրորդ ամենատաք ամիսը՝ զիջելով միայն 2023 թվականի հուլիսին։
Այս տարի երկրագնդի վրա գրանցվեցին ռեկորդային ամենաշոգ օրերից երկուսը՝ հուլիսի 22-ը և 23-ը, երբ գլոբալ միջին ջերմաստիճանը հասավ 17,16 աստիճան ըստ Ցելսիուսի, որը ցույց է տալիս երկրագնդի մակերևութի օդի միջին ջերմաստիճանը։
Այսպես կոչված հյուսիսային օդերևութաբանական ամռան՝ հունիս, հուլիս, օգոստոս ամիսների միջին ջերմաստիճանը կազմել է 16,8 աստիճան ըստ Ցելսիուս, հայտնել են Copernicus ծառայությունից։
Դա ըստ Ցելսիուսի 0,03 աստիճան ավելի բարձր է 2023 թվականին գրանցված նախորդ ռեկորդից։
Copernicus ծառայության գրանցումները սկսվում են 1940 թվականից։ Մինչդեռ ամերիկյան, բրիտանական և ճապոնական դիտարկումները, որոնք սկիզբ են առնում 19-րդ դարի կեսերից, ցույց են տալիս, որ վերջին տասնամյակը եղել է ամենատաքը կանոնավոր չափումների մեկնարկից ի վեր, իսկ ըստ որոշ գիտնականների՝ հնարավոր է նաև վերջին 120,000 տարվա ընթացքում։
Էլ Նինյո և Լա Նինյա բնական շրջափուլերը, որոնք համապատասխանաբար տաքացում և սառեցնում են Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածը՝ փոխելով եղանակային պայմաններն ամբողջ աշխարհում, նույնպես ազդում են գլոբալ ջերմաստիճանների վրա։
Էլ Նինյո տատանումները սովորաբար հանգեցնում են գլոբալ ջերմաստիճանի ռեկորդների աճի։ Անցած տարի ձևավորված ուժեղ Էլ Նինյոն ավարտվել է 2024 թվականի հունիսին։
Copernicus-ն օգտագործում է միլիարդավոր չափումներ արբանյակներից, նավերից, օդանավերից և օդերևութաբանական կայաններից ամբողջ աշխարհում, այնուհետև այդ տվյալները վերլուծում է համակարգչային մոդելավորման միջոցով։
Հուլիսին Միացյալ Նահանգներում և Կանադայում տասնյակ անտառային հրդեհներ ոչնչացրել են հսկայական տարածքներ Կալիֆոռնիայում, Օրեգոնում, Այդահոյում, Ալյասկայում, Ալբերտայում և այլ վայրերում՝ հանգեցնելով տարհանումների և ճանապարհների փակման, ինչպես նաև ավերելով շինություններ։
Հուլիսի կեսերին Հունաստանի մշակույթի նախարարությունը կարգադրեց մի քանի ժամով փակել Ակրոպոլիսը։ Իշխանությունները նախազգուշացրել էին երկրի տարածքի մեծ մասում ծայրահեղ եղանակային պայմանների մասին՝ պայմանավորված Հարավային Եվրոպայում մոլեգնող շոգի ալիքի հետևանքով։
Հուլիսին Տոկիոյի իշխանությունները հայտնեցին 100-ից ավելի մահվան դեպքերի մասին՝ ենթադրաբար, ջերմային հարվածից։
Տոկիոյի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի տվյալներով՝ ջերմահարումից 123 մարդ զոհվել է, որոնց մեծ մասը 60 տարեկանից բարձր է եղել։
Հրդեհների և աղետների կառավարման գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Ճապոնիայում ջերմային հարված ստանալու հետևանքով հոսպիտալացվել է ավելի քան 37,000 մարդ։
Սեպտեմբերին Նիգերիայի հյուսիսարևելքում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 30, տուժել՝ ավելի քան մեկ միլիոն մարդ՝ հայտնել են երկրի իշխանությունները։
Համաշխարհային օդերևութաբանության կազմակերպության վերջին զեկույցի համաձայն՝ ծայրահեղ կլիմայական երևույթների դեմ պայքարում աֆրիկյան երկրները տարեկան կորցնում են իրենց ՀՆԱ-ի մինչև 5%-ը, իսկ առանձին երկրներ՝ մինչև 9%-ը։
Սեպտեմբերի վերջին հզոր թայֆունը հարվածեց Ֆիլիպինների հյուսիսային կղզիներին։
Պաշտոնական տվյալներով՝ «Քրեթոն» թայֆունը դարձել է չորս մարդու մահվան պատճառ, և առնվազն 5,000 մարդ տեղահանվել է։
Նեպալում ավելի քան 200 մարդ է զոհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով։
Հորդառատ անձրևները տեղացել են Նեպալում մուսոնային սեզոնի ավարտին, որը սկսվել է հունիսին և սովորաբար ավարտվում է սեպտեմբերի կեսերին։
Ըստ World Weather Attribution-ի գիտնականների՝ մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունը նպաստել է «Հելեն» ավերիչ փոթորկի ժամանակ տեղումների ծավալի մոտ 10%-ով ավելացմանը և քամիների մոտ 11%-ով ուժգնացմանը։
«Հելեն» փոթորիկը Ֆլորիդային հարվածել է ռեկորդային 4,57 մետր բարձրությամբ փոթորկային ալիքով և աղետալի քամիներով, որոնց արագությունը հասել է ժամում 225 կիլոմետրի՝ սեպտեմբերի վերջին շարժվելով դեպի Ջորջիա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա, Թենեսի ու Վիրջինիա նահանգներ։
Այն ավերել է Ապալաչների հեռավոր քաղաքները՝ միլիոնավոր մարդկանց թողելելով առանց էլեկտրականության, բջջային կապի և ապրուստի միջոցների ու խլելով ավելի քան 230 մարդու կյանք։
Հաջորդ օրերին որոնողական խմբերը շարունակում էին դիեր փնտրել։ «Հելեն» փոթորիկը դարձել է ամենամահաբերը 2005 թվականին ԱՄՆ մայրցամաքին պատուհասած «Կատրինայի» ժամանակներից ի վեր։
Օդերևութաբանների գնահատմամբ՝ «Հելենի» ժամանակ տեղացել է աննախադեպ քանակությամբ՝ ավելի քան 40 տրիլիոն գալոն անձրև։
Տեղումները շատ ավելի քիչ ինտենսիվ կլինեին, եթե չլիներ մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի տաքացման գործոնը։ Այսպիսի եզրահանգման է եկել World Weather Attribution միջազգային գիտական նախաձեռնությունը, որն ուսումնասիրում է կլիմայի փոփոխության ազդեցությունը եղանակային ծայրահեղ իրադարձությունների ֆոնին։
Նախկինում «Հելենի» նման փոթորիկներ սպասվում էին միջինը 130 տարին մեկ անգամ, սակայն այսօր դրանց առաջացման հավանականությունը տարածաշրջանում մոտ 2,5 անգամ մեծացել է՝ հաշվարկել են գիտնականները։
Մի քանի շաբաթ անց, երբ որոշ համայնքներ դեռ զբաղված էին «Հելեն» փոթորկի ավերածությունների վերականգնմամբ, Ֆլորիդայի ափերին՝ Տամպայից հարավ, հարվածեց «Միլթոն» փոթորիկը՝ որպես 3-րդ աստիճանի ուժգնության փոթորիկ։
Աղետի հետևանքով զոհվեց առնվազն 11 մարդ։
Թեև «Միլթոնի» հետևանքներն այնքան կործանարար չէին, որքան սպասվում էր՝ հայտնել է ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA)։
World Weather Attribution-ի գիտնականների գնահատմամբ՝ կլիմայի փոփոխությունը զգալիորեն ուժեղացրել էր «Միլթոնի» ազդեցությունը՝ ավելացնելով տեղումների ծավալը 20-30%-ով և սաստկացնելով քամիների ուժը մոտ 10%-ով։ Այլապես, «Միլթոնը» կհասներ մայրցամաք որպես ավելի թույլ՝ 2-րդ աստիճանի ուժգնության փոթորիկ, որը չի համարվում «խոշոր» փոթորիկ։
Ամազոն գետը չոր և անձրևոտ սեզոնների ընթացքում ենթարկվում է բնական տատանումների։ Սակայն անցած տարվանից դիտվել է ջրի մակարդակի կտրուկ անկում։
Կոլումբիայում գետի մակարդակի նվազման հետևանքով որոշ գյուղական, բնիկների համայնքներ հայտնվել են մեկուսացված վիճակում՝ դրդելով շահույթ չհետապնդող կազմակերպություններին և կառավարությանը ջուր ու սնունդ մատակարարել այն վայրեր, որտեղ մարդկանց գոյատևումը կախված է անձրևի և գետի ջրերից։
Լետիսիայի բնակիչ Առնալդո Ռուֆինոն կարծում է, որ ջրի ցածր մակարդակի պատճառը կլիմայի փոփոխությունն է։
«Միանշանակ դա պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ։ Այս երևույթը հայտնի է ողջ աշխարհում և ազդում է ոչ միայն Ամազոնի տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի վրա։ Դա գլոբալ խնդիր է, որը վերաբերում է մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր բնակչի»,- ասում է Ռուֆինոն։
Մարջանային խութերը չորրորդ անգամ են ենթարկվում գլոբալ գունաթափման, ինչը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված օվկիանոսի ջրերի տաքացման հետևանք է։
2023 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի ապրիլ մարջանային խութերի գունաթափում նկատվել է առնվազն 53 երկրներում, տարածքներում կամ տեղական տնտեսություններում՝ հաղորդել են Օվկիանոսի և մթնոլորտի հետազոտությունների ազգային վարչության և Մարջանային խութերի պաշտպանության միջազգային նախաձեռնության գիտնականները։
Associated Press գործակալության թղթակից Սեթ Բորենշտեյնի խոսքով՝ 2024 թվականը դարձել է ռեկորդային տարի բարձր ջերմաստիճանների և ծայրահեղ եղանակային պայմանների առումով։
«Եղել են ջրհեղեղներ Ապալաչիայի տարածաշրջանում, Բանգլադեշում, Անգլիայում և որտեղ ասես։ Եղանակը աշխարհում գնալով ավելի ծայրահեղ է դառնում, ինչի մասին գիտնականները խոսում են կլիմայի փոփոխության համատեքստում։ Եվ որքան շատ կարողանանք նվազեցնել կլիմայի փոփոխությունը, այնքան մեծ է ապագա տարերքները նվազեցնելու հույսը»,- ասում է Բորենշտեյնը։
2024 թվականի ամառը նաև առանձնացել է սովորականից ավելի տաք անտարկտիկական ձմռան շնորհիվ՝ հայտնում են Copernicus ծառայությունից։ Նույնը տեղի ունեցավ հարավային մայրցամաքում անցյալ տարի, երբ ռեկորդային ջերմաստիճան գրանցվեց հուլիսի սկզբին։
Կլիմայագետները պնդում են, որ ռեկորդային շոգի մեծ մասը պայմանավորված է կլիմայական փոփոխությամբ՝ ածխի, նավթի և բնական գազի այրման ժամանակ ածխաթթու գազի և մեթանի արտանետումների պատճառով։
2024 թվականի բարձր ջերմային ֆոնին նպաստող գործոններից է նաև Էլ Նինյո բնական երևույթը, որն ավարտվել է հունիսին։
«Թերևս ակնհայտ է դառնում, որ 2024 թվականը կլինի դիտարկումների պատմության մեջ ամենատաք տարին և առաջինը, որ կգերազանցի ըստ Ցելսիուսի 1.5 աստիճան սահմանը նախաարդյունաբերական դարաշրջանի համեմատ»,- եզրակացրել է Copernicus ծառայությունը։
Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի շուրջ բանակցություններից մեկ տարի անց, որոնցում համաձայնություն ձեռք բերվեց անցում կատարել հանածո վառելիքի օգտագործումից, այս տարի Բաքվում ընթացող նմանատիպ հանդիպմանը՝ COP29--ում քննարկվել են, այսպես կոչված, էներգետիկ անցման և կլիմայի փոփոխության ազդեցություններին հարմարվելու ուղղությամբ ֆինանսական հատկացումների հնարավորությունները։