Լոնդոնում հարգանքի տուրք է մատուցվել Ռուսաստանում բռնաճշումների զոհերի հիշատակին

Ալեքսեյ Նավալնու այրուն շնորհվել է մարդու իրավունքների պաշտպանության գծով Մագնիտսկու անվան մրցանակ` «Արիություն կրակի տակ» անվանակարգում։

2015 թվականից ի վեր մարդու իրավունքների ռուսաստանցի պաշտպաններն ամեն տարի նոյեմբերին հավաքվում են Լոնդոնում՝ շնորհելու մարդու իրավունքների պաշտպանության գծով Մագնիտսկու անվան հայտնի մրցանակը: Մրցանակները շնորհվում են անձանց, որոնք, հիրավի, քաջություն են ցուցաբերել մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարում: Նախորդ տարիների մրցանակակիրներից էին Բորիս Նեմցովը, Ջամալ Խաշոգին և Մարիա Ռեսան։

Այս տարի Լոնդոնում անցկացվող մարդու իրավունքների պաշտպանության գծով Մագնիտսկու անվան մրցանակաբաշխությունը մեկնարկեց Ջակոմո Պուչինիի հայտնի «Տոսկա» օպերայի հատվածների կատարմամբ՝ ներկաներին տեղափոխելով 19-րդ դարի սկզբի Իտալիա, ուր մեծանուն իտալացի օպերային երգահանի հերոսուհին՝ Ֆլորիա Տոսկան պայքարում է՝ փրկելու իր սիրեցյալին խոշտանգումներից ու բռնապետության ճիրաններից․․․։

Թե ինչու այս տարի մրցանակաբաշխությունը մեկնարկեց նման կերպ, պարզ դարձավ կարճ ժամանակ անց։ Մագնիտսկու անվան մրցանակը՝ «Արիություն կրակի տակ» անվանակարգում շնորհվեց պուտինյան ռեժիմի դեմ պայքարի առաջամարտիկ Ալեքսեյ Նավալնու այրուն՝ Յուլյա Նավալնայային, որն արժանացավ նման բարձր պարգևի իր ու իր ընտանիքի աշխատանքի, տոկունության և անձնազոհության համար։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին մահացավ այս փետրվարին ռուսաստանյան բանտում։ Ընդդիմադիր գործչի ընտանիքն ու գործընկերները վստահ են՝ նրան թունավորել են։

Ըստ տեղեկությունների, Նավալնին ևս պետք է մաս կազմեր այս ամառ արևմտյան երկրների ու Ռուսաստանի միջև տեղի ունեցած գերիների հայտնի փոխանակությանը, որի արդյունքում, ի թիվս այլոց, ռուսական բանտից ազատ արձակվեց ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան, և հենց նա էլ երեկոյի ընթացքում Ալեքսեյի այրուն հանձնեց մրցանակը։

Սերգեյ Մագնիտսկին ռուսաստանցի հայտնի իրավաբան և հարկային գործերով խորհրդատու էր, ով կարողացել էր բացահայտել ռուսական պաշտոնյաների ներգրավվածությամբ հսկայական կոռուպցիոն մի սխեմա, երբ ներկայացնում էր բրիտանական Hermitage Capital Management ներդրումային հիմնադրամի շահերը Ռուսաստանում։

Սակայն ռուսական իշխանությունները ձերբակալեցին Մագնիտսկուն 2008 թվականին։ Բանտում նա ենթարկեց բռնությունների, նրան զրկել էին պատշաճ բուժօգնությունից, ինչի հետևանքով մոտ մեկ տարի անց 37-ամյա Սերգեյ Մագնիտսկին մահացավ անազատության մեջ։

Hermitage Capital Management-ի հիմնադիր Ուիլյամ Բրաուդերը այժմ ղեկավարում է Global Magnitsky Justice Campaign-ը, որի հռչակված նպատակն է արդարադատության առջև կանգնեցնել մարդու իրավունքները ոտնահարողներին և կոռումպացված պաշտոնյաներին։

«Զգացմունքներն միշտ խեղդում են, երբ գործ ունես սպանությունների, խոշտանգումների, բռնությունների հետ։ Անկախ այն ամենից, ինչ տեղի է ունենում, մենք զբաղվում ենք, իսկապես, շատ լուրջ և տխուր խնդիրներով, բայց Վլադիմիր Կարա-Մուրզայի ազատ արձակումը ցավի աշխարհում սակավ լուսավոր կետերից է»,- ասել է Բրաուդերը։

Հասկանալով, որ ռուսական իշխանությունները հրաժարվում են քննել Մագնիստկու մահվան հանգամանքները ու պատժել մեղավորներին՝ Բրաուդերը ձեռնամուխ եղավ Վաշինգտոնում ակտիվ լոբբիստական գործունեությանը՝ պատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Արդյունքում, 2012 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Մագնիտսկու հայտնի ակտը, որը հիմք հանդիսացավ Սերգեյ Մագնիտսկու մահվան համար պատասխանատու անձանց արտերկրում գտնվող ունեցվածքը սառեցնելու և նրանց օտարերկրյա ուղևորությունները փաստացի արգելելու համար։

Անցած տարիներին օրենքն միջազգային կարևոր նշանակություն ձեռք բերեց և դարձավ մարդու իրավունքներն ոտնահարողների դեմ պատժամիջոցներ կիրառելու արդյունավետ գործիք։

Մագնիտսկու անվան մարդու իրավունքների մրցանակները շնորհվում են նրանց, ովքեր դիմակայում են նման ոտնահարումներին։

«Մենք միավորում ենք հերոսներին ողջ աշխարհից։ Նրանք դառնում են համայնք՝ միմյանց հետ կիսելով տեխնոլոգիաներ և ցուցաբերելով աջակցություն։ Իմ հույսն այն է, որ մի օր սա կդառնա Նոբելյան մրցանակին նմանատիպ ինչ-որ բան՝ մարդու իրավունքների պաշտպանության գծով»,- ասել է Բրաուդերը։

Օրեր առաջ տեղի ունեցած մրցանակաբաշխությանը ներկա էր նաև Մարինա Լիտվինենկոն, որի ամուսինը՝ Ալեքսանդր Լիտվինենկոն, նախկինում ռուսական անվտանգության ծառայության աշխատակիցն ու Պուտինի հայտնի քննադատը, իր մահկանացուն էր կնքել 2006 թվականին Լոնդոնում՝ ըստ ամենայնի, ռադիոակտիվ պոլոնիումով թունավորվելու հետևանքով։

«Հիասթափված եմ, որ ամուսնուս մահը չբացեց մարդկանց աչքերը, թե որքան վտանգավոր է այս՝ [պուտինյան] ռեժիմը։ Մյուս կողմից, ավելի շատ մարդիկ են հասկանում, թե ով է Պուտինը և ինչ կարող է անել նրա [գլխավորած] ռեժիմը այլ երկրների ու անհատների դեմ»,- նշել է տիկին Լիտվինենկոն։

Իսկ ինչ ճակատագիր է սպասվում դեռ Ռուսաստանում՝ բանտերում և արտերկրում գտնվող ռուսաստանցի այլախոհներին։ Այս հարցը, կարծես, թևածում էր երեկոյի ընթացքում

«[Մեր գործը] դեռ ավարտված չէ։ Բախտավոր էի, որ [կարողացա] վերադարձնել իմ ամուսնուն։ Բայց շատերն են զրկված այդ հնարավորությունից։ Այսօրվա մրցանակակիրներից մեկը՝ Յուլիա Նավալնայան, կորցրել է իր ամուսնուն, որին սպանեցին ռուսական բանտում։ Այսօր մեր երկրում հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ կան, որոնք ճաղերի հետևում են, և նրանք մեր աջակցության ու համերաշխության կարիքն ունեն»,- ասել է ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստ Եվգենյա Կարա-Մուրզան։