Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքի կիրառման հարցում Վաշինգտոնի քաղաքականությունը չի փոխվել. ԱՄՆ պետքարտուղարություն

Պետքարտուղարության խոսնակը նշել է, թե Վաշինգտոնը թույլ է տալիս «հարմարեցնել և ուղղել» այդ քաղաքականությունը, եթե «այն տեղին է»:

Ռուսաստանի տարածքը խոցելու նպատակով Կիևի կողմից ամերիկյան զենքի կիրառման հարցում Վաշինգտոնի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել, և ԱՄՆ-ն թույլ է տալիս «հարմարեցնել և ուղղել» այդ քաղաքականությունը, եթե «այն տեղին է»՝ երկուշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակը:

Հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է ամերիկյան հեռահար հրթիռներ կիրառելով հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նշել է. «Քաղաքականության վերաբերյալ որևէ նոր բան չունեմ ասելու։ Ինչպես գիտեք, նախքան Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը, Միացյալ Նահանգները ձևավորեց ավելի քան 50 երկրներից բաղկացած կոալիցիա՝ Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու՝ իր գործողությունների համար: Մենք հասկացրել ենք, որ հարմարեցնելու ենք Ուկրաինային տրամադրվող հնարավորությունները, երբ տեղին լինի։ Նկատեցիք, որ մենք ամրապնդեցինք մեր խոսքերը նախորդ մի քանի տարիների մեր գործողություններով: Բայց այս պահին նոր տեղեկություն չունեմ քաղաքականության փոփոխության մասին»։

Միլլերը ուշադրություն է հրավիրել Մոսկվայի գործողությունների վրա, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը․ «Եթե հայացք նետեք այս հակամարտության սրմանը, ապա կտեսնեք՝ Ռուսաստանն է, որ նորից ու նորից սրում է այն: Խոսքը վերջին գործողությունների մասին է, երբ Ռուսաստանը հրավիրեց ավելի քան 11,000 հյուսիսկորեացի զինվորների, որոնք այժմ Կուրսկի մարզի առաջնագծում են ու կռվում են ուկրաինական բանակի դեմ: Սա լուրջ սրացում է Ռուսաստանի կողմից՝ Ասիայից զինվորականների ներգրավում Եվրոպայում ընթացող հակամարտությանը»:

Մեթյու Միլլերը շարունակել է «Ինչպես պետքարտուղարը [Բլինքենը] արդեն հայտարարել է՝ մեր պատասխանը կլինի վճռական, և Ուկրաինայի դաշնակիցների պատասխանը... պետք է լինի նույնքան վճռական: Կշարունակենք միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու իր գործողությունների համար, այդ թվում՝ հակամարտությունը սրող գործողությունների համար, և Հյուսիսային Կորեային պատասխանատվության ենթարկելու նման գործողությունների համար»:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը չի հաստատել տեղեկությունը, ըստ որի ԱՄՆ հետ խորհրդակցելուց հետո Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան որոշում են կայացրել թույլ տալ Ուկրաինային օգտագործել իրենց մատակարարած Storm Shadow հեռահար հրթիռները՝ Ռուսաստանին խորքին հարվածելու համար:

«Պատրաստ չեմ հաստատել այդ տեղեկությունը Միացյալ Նահանգների անունից։ Իհարկե, չեմ խոսի այլ երկրների անունից»,- հավելել է Միլլերը։