Մատչելի հղումներ

Ո՞վ է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնին առաջադրված Թուլսի Գաբարդը. նրա քաղաքական ուղին


Նախկին կոնգրեսական Թուլսի Գաբարդ
Նախկին կոնգրեսական Թուլսի Գաբարդ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է նախկին կոնգրեսական Թուլսի Գաբարդին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում: Կոնգրեսի անդամ լինելու տարիներինն վերջինս ակտիվորեն ներգրավված էր հայությանը հուզող հարցերում, 2017թ. այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ հայտնվելով Ադրբեջանի «սև ցուցակում»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է թեկնածուներ առաջադրել իր ապագա կառավարության առանցքային պաշտոնների համար, և այդ մարդկանց մեծ մասը պետք է ստանա Սենատի հավանությունը:

Թեկնածուների թվում է Ներկայացուցիչների տան նախկին անդամ, 43-ամյա Թուլսի Գաբարդը, որին Դոնալդ Թրամփն առաջադրել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնին:

«Ահա, ընտրությունը, որ մենք ունենք. քվեարկությունը Քամալա Հարիսի օգտին նշանակում է քվեարկություն Դիք Չեյնիի օգտին, քվեարկություն պատերազմի, ավելի մեծ պատերազմի օգտին, հավանաբար՝ Երրորդ աշխարհամարտի և միջուկային պատերազմի օգտին: Քվեարկությունը Դոնալդ Թրամփի օգտին նշանակում է քվեարկություն ի հօգուտ մի մարդու, ով ցանկանում է ավարտել պատերազմները, ոչ թե սկսել դրանք»,- հայտարարել էր ԱՄՆ Հավայի նահանգը ներկայացնող Գաբարդը:

Նախկինում Դեմոկրատական կուսակցության անդամ Թուլսի Գաբարդը, ըստ դիտորդների, նախընտրական փուլում Թրամփի քարոզարշավի ազդեցիկ ձայներից մեկն էր՝ ժողովելով մարդկանց նրա օրակարգի շուրջ:

«Հենց այս պատճառով եմ հպարտ կանգնած նախագահ Թրամփի կողքին և հենց այս պատճառով էլ մենք՝ ժողովուրդը, պետք է քվեարկենք նրան կրկին Սպիտակ տուն գործուղելու և Ամերիկան նորից հզոր դարձնելու համար»,- հայտարարել է նա:

Գաբարդի թեկնածության մասին հայտարարելով՝ Թրամփը գովել է նրա «անվախ ոգին»՝ ասելով, թե նա այդ ոգին կծառայեցնի իր գործին:

Թեև Գաբարդն ավելի քան 20 տարի ծառայել է ԱՄՆ ազգային գվարդիայում, նրա թեկնածության առաջադրումը հակասական արձագանք գտավ հանրապետական օրենսդիրների և բացասական՝ դեմոկրատ կոնգրեսականների շրջանում:

Սոցհարթակներում շրջանառվող տեսանյութում քննադատները պնդում են, թե Թուլսի Գաբարդը տարածել է իբր Ուկրաինայում ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ ստեղծված կենսաբանական զենքի լաբորատորիաների վերաբերյալ ռուսական քարոզչական թեզը։ Նման հաստատությունների մասին «տեղեկությունը», սակայն, հերքվել է ամերիկյան հետախուզության կողմից:

Հանրապետական սենատոր Միթ Ռոմնին Գաբարդի մեկնաբանություններն անվանել է «դավաճանական սուտ»։ Գաբարդը չի ընդունում քննադատությունը:

Նա նաև քննադատության է ենթարկվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպելու համար, որը, ինչպես հայտնի է, մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ։ Սակայն Թուլսի Գաբարդը հակադարձել է, թե խաղաղության մասին լուրջ խոսակցությունն անհնար է, եթե պատրաստ չեք խոսել հակառակորդների հետ։

Գաբարդի թենածության առաջադրումը աջակցել են ամերիկահայ կազմակերպությունները: Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը X հարթակում գրառմամբ ողջունել է տիկնոջ թեկնածության առաջադրումը ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում՝ ընդգծելով, որ Թուլսի Գաբարդը ԱՄՆ Կոնգրեսի այն փոքրաթիվ անդամներից էր, ով այցելել էր Լեռնային Ղարաբաղ:

Հանձնախումբը ընդգծում է՝ «Կոնգրեսում իր պաշտոնավարման ընթացքում նա եղել է Արցախի իրավունքների ակտիվ պաշտպան՝ ստանալով A+ գնահատական Հայ Դատի հանձնախմբի գործունեության գննահատման սանդղակում»:

Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ նման բարձր գնահատականի են արժանացել քիչ թվով գործիչներ, քանի որ հանձնախումբը չափազանց խիստ է մոտենում գործիչների գնահատամանը: Համբարյանը շեշտում է՝ ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն թեկնածուի հետ առաջիկա տարիներին։

«Թուլսի Գաբարդը ոչ միայն հայանպաստ և Արցախի իրավունքները պաշտպանող օրենսդիր էր, այլ նաև Կոնգրեսի այն սակավաթիվ անդամներից էր, ով այցելել էր Արցախ և ելույթ ունեցել Արցախի խորհրդարանում։ Նա շատ լավ ծանոթ է այս հարցին՝ խորությամբ և մանրամասնորեն։ Սա իսկապես մեծ հնարավորություն է մեր համայնքի համար»,- «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է Արամ Համբարյանը:

Գաբարդի թեկնածության առնչությամբ «Ամերիկայի ձայնին» իր մեկնաբանությունն է ներկայացրել նաև Ամերիկայի հայկական համագումարը:

Համագումարի Կոնգրեսի հարցերով տնօրեն Մարիամ Խալոյանը նշել է. «Ամերիկայի հայկական համագումարը ընդգծում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուն՝ նախկին զինվորական և Հավայի նահանգը ներկայացնող կոնգրեսական Թուլսի Գաբարդը, եղել է հայկական հարցերի եռանդուն պաշտպան։ Նա համահեղինակ է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի և այցելել է Հայաստան ու Արցախ՝ անձամբ ծանոթանալու հայ ժողովրդի առջև կանգնած մարտահրավերներին և Ադրբեջանից եկող գոյաբանական սպառնալիքներին»:

Հիշեցնենք, որ 2017 թվականին՝ դեռ կոնգրեսական եղած ժամանակ, Թուլսի Գաբարդը ամերիկացի կոնգրեսականների խմբի կազմում այցելել էր Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, որի հետևանքով արժանացել էր Բաքվի քննադատությանն ու հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»։ Այցի ընթացքում նա ելույթով հանդես էր եկել չճանաչված Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում:

Հետագայում նա հրապարակավ մեղադրել էր Թուրքիային՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկզբնավորման գործում ունեցած դերակատարության համար։

Գաբարդը համահեղինակն է մի նամակի՝ ուղղված պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որտեղ մտահոգություն է արտահայտված Ադրբեջանի գործողությունների և Հայաստանի հետ հնարավոր պատերազմի վերաբերյալ: Նամակում ասված էր, թե «ԱՄՆ-ը պետք է կոչ անի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները և Թուրքիային՝ դադարեցնել իր ներգրավվածությունը թե՛ զինված ուժերի ուղղակի կիրառմամբ և թե՛ Ալ-Քայիդայի հետ կապված վարձկանների միջոցով, որոնք ուղարկվում են Արցախ՝ հայ բնակչությանը ոչնչացնելու նպատակով, Թուրքիայի կողմից Սիրիայի քրդերի դեմ կիրառված մարտավարության [օգտագործմամբ]»։

2019 թվականին որպես համահեղինակ Գաբարդը միացավ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին՝ մի քանի այլ սենատորների և Ներկայացուցիչների տան անդամների հետ, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու ու հիշատակելու համար։ «Օսմանյան կայսրությունը փորձում էր ինքն իրեն մաքրել հայերից և քրիստոնյա բնակչությունից, ու ԱՄՆ-ն դարձավ բազմաթիվ վերապրածների տուն»,- իր ելույթում ասել էր Գաբարդը։

Հիշեցնենք՝ 2021 թվականի ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն։

XS
SM
MD
LG