Վրաց ընդդիմադիրների պնդմամբ՝ ընտրությունները կեղծվել են հօգուտ երկիրն արդեն 12 տարի կառավարող «Վրացական երազանք» կուսակցության։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես ընտրություներն անվանել է «կեղծված»։
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Վրացական երազանքը» ստացել է քվարկեողների ձայների 53.9%-ը, «Փոփոխությունների դաշինքը» ստացել է մոտ 11%, «Միացյալ ազգային շարժումը»՝ 10.1%, «Ուժեղ Վրաստանը»՝ 8.8%, իսկ Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը՝ 7.7%: Մնացած ձայները բաժին են ընկել այլ կուսակցությունների։
Վարչապետ, «Վրացական երազանքի» անդամ Իրակլի Կոբախիձեն հարազատ կուսակցության հաղթանակը անվանել է «տպավորիչ և ակներև»՝ նշելով, որ «ընտրակեղծարարության մասին խոսելու ցանկացած փորձ... դատապարտված է ձախողման»:
«Վրացական երազանքը», որը պատրաստվում է իր իշխանության չորրորդ ժամկետին, 150-տեղանոց խորհրդարանում կզբաղեցնի 89 տեղ՝ մեկով պակաս, քան 2020 թվականի ընտրությունների արդյունքում էր։
Չորս արևմտամետ, ընդդիմադիր կուսակցությունները միասին ստացել են 61 մանդատ։
Վրաստանաում կայացած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ իրենց մտահոգություններն են հայտնել արևմտյան երկրները՝ տեղի ունեցածն անվանելով «նահանջ ժողովրդավարությունից»։
Թբիլիսիում կայացած բողոքի հանրահավաքից առաջ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում «Փոփոխությունների դաշինքի» անդամ Էլենե Խոշտարիան, մասնավորապես, նշել է․ «Միջազգային դիտորդների և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված բազմաթիվ ապացույցներ կան, որոնք վկայում են, որ այս ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար։ Երկրորդ՝ միջազգային [կառույցների անցկացրած] էքզիթ փոլերի և պաշտոնական արդյունքների միջև զգալի տարբերություն կա: Երրորդ՝ ժողովուրդը հստակ մերժում է այս ամենը»։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Թինա Բոքուչավան «Ամերիկայի ձայնին» փոխանցել է․ «Չենք պատրաստվում ընդունել այս կեղծված ընտրությունների արդյունքները։ Հավատում ենք, որ [քվեարկության] սարքերը օգտագործվել են կրկնակի քվեարկության համար, ինչպես նաև կիրառվել այլ մեթոդներ: Բացի այդ, ընտրություններին նախորդել էին մարդկանց վախեցնելը, ձայների գնումը, անձնագրերի բռնագրավումը և այլ կարգի ճնշումներ։ Նման գործողությունները կա՛մ շատ մարդկանց թույլ չտվեցին ընդհանրապես քվեարկել, կա՛մ ստիպեցին նրանց քվեարկել այնպիսի ճնշման ներքո, որը չի արտացոլում ժողովրդի ազատ կամքը, ինչպես այն պետք է արտահայտի [ժողովրդավարական] քվեարկության ժամանակ»։
Չորս ընդդիմադիր կուսակցություններից երեքը հայտարարել են, որ չեն վերցնի մանդատները։
«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն այսպես է արձագանքել է ընդդիմության որոշմանը՝ չվերցնել մանդատները. «Եթե ասում են, որ չեն մտնելու խորհրդարան, թող չգան: Մենք շարունակելու ենք աշխատել մեր հայրենիքի համար և կանխելու ենք մեր երկրի դեմ ցանկացած դավադրություն՝ գործակալների կողմից»։
Իր հերթին՝ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է. «Չե՛մ ճանաչում այս ընտրությունների [արդյունքները]։ Այս արդյունքների ճանաչումը նման է ընդունելու Ռուսաստանի վերահսկողությունը Վրաստանի նկատմամբ։ Ոչ ոք չի կարող խլել Վրաստանի եվրոպական ապագան»։
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը արձանագրել է «բազմաթիվ խախտումներ» և ընդգծել՝ ընտրական միջավայրը, որն այս հունիսին ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ներքո էր, ազդել է ազատությունների իրացման վրա։
«Մրցակիցները հիմնականում կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել»,- նշված է ԵԱՀԿ նախնական եզրակացություններում, ուր, սակայն, նաև ասված է, որ «ընտրողների վրա, հատկապես՝ պետական սեկտորի աշխատակիցների նկատմամբ ճնշման դեպքերի մասին հաղորդումները շարունակում էին լայնորեն տարածված լինել քարոզարշավի ընթացքում»։
Ըստ ԵԱՀԿ-ի՝ ընտրությունները «ընթացել են խորը բևեռացված պայմաններում»։
Միջազգային արձագանք
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Վրաստանի իշխանություններին հետաքննել ընտրական խախտումները․ «Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին թափանցիկ հետաքննություն իրականացնել ընտրական խախտումների բոլոր հայտարարությունների վերաբերյալ»։
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտնել է, թե ԵՄ-ն ծրագրում է Վրաստանի հարցը քննարկել Բրյուսելում․ «Այս ենթադրյալ խախտումները պետք է լրջորեն հետաքննվեն։ Կրկնում ենք ԵՄ կոչը ուղղված Վրաստանի ղեկավարությանը՝ ցուցադրել հաստատուն հանձնառություն երկրի եվրոպական ուղու նկատմամբ»։
Հիշեցնեն՝ Վրաստանն անցած դեկտեմբերին ստացավ ԵՄ թեկնածու-երկրի կարգավիճակ։
Գերմանիայի, Նորվեգիայի, Լատվիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և Շվեդիայի արտգործնախարարները նույնպես մտահոգություն են հայտնել Վրաստանում տեղ գտած նախընտրական ահաբեկումների ու ընտրակեղծիքների մասին հաղորդագրությունների վերաբերյալ՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու և ժողովրդավարական սկզբունքները պահպանելու համար։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ կիրակի տարածված հայտարարության անդրադարձ կա Վրաստանի «կենսունակ ժողովրդավարությանը», սակայն ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ընդգծում է,, որ «միջազգային և տեղական դիտորդները նշել են [այնպիսի] նախընտրական միջավայրի մասին, որը բնութագրվել է իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսների չարաշահմամբ, ձայների գնմամբ և ընտրողների ահաբեկմամբ, որոնք բոլորը նպաստել են անհավասար պայմանների ստեղծմանը և խաթարել են հանրության և միջազգային վստահությունը արդար արդյունքի [ստացման] հնարավորության նկատմամբ։ Դատապարտում ենք միջազգային նորմերի խախտումները և միանում ենք միջազգային և տեղական դիտորդների կոչերին՝ հետաքննել ընտրությունների հետ կապված բոլոր խախտումների մասին հաղորդումները»։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքելով նախագահ Զուրաբիշվիլիի հայտարարությանը՝ Telegram-ի իր ալիքում նշել է. «Քանի դեռ երկրները և ազգերը մտածում են անկախ և անվերապահորեն չեն հետևում իրենց վաշինգտոնյան հրահանգիչների հրամաններին, նրանք ապագա ունեն»։
Դիտորդների ներկայացմամբ՝ Ռուսատանում կարողություն դիզած, և կրեմլամետ գործչի համբավ ունեցող գործարար Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանքը» հիմնել է ընտրական մեքենա, որը հենվում է պետական ռեսուրսների, երկրի բյուջեից հատկացվող միջոցների վրա՝ փաստացի ձայներ գնելու համար։
Կուսակցության հիմնական աջակիցներն են պետական սեկտորի աշխատակիցներն ու սոցիալական օգնություն ստացողները, հատկապես՝ գյուղական վայրերում, որտեղ աշխատանք գտնելու հնարավորությունները սահմանափակ են։
«Վրացական երազանքի» քարոզարշավի թիրախավորում էր ընդդիմությանը, թե ընդդիմադիրներն ու նրանց արևմտյան աջակիցները «գլոբալ պատերազմական կուսակցության» մաս են։
Ի պաատսխան՝ ընդդիմությունը պնդում էր, որ իշխող կուսակցության օգտին քվեարկելը նշանակում է ձայնը տալ հօգուտ Ռուսաստանի։
«Պատերազմի վախը նշանակալի դեր խաղաց։ «Վրացական երազանքը» արդյունավետ կերպով ներարկեց ատելության և վախի լեզուն»,- «Ամերիկայի ձայնին» ասել է «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Լաշա Բաքրաձեն։