Մատչելի հղումներ

Վրաստանում իշխող կուսակցությունը տոնում է հաղթանակը, իսկ ընդդիմությունը չի ընդունում արդյունքները՝ դրանք որակելով կեղծված


Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում
Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում

Վրաստանի իշխող կուսակցությունը պնդում է, որ հաղթել է շաբաթ օրվա խորհրդարանական ընտրություններում։ Ընդդիմությունը ընտրությունները կեղծված է որակում, քանի որ հարցումները ցույց են տալիս, որ վրացիների մեծ մասը ցանկանում է ինտեգրվել Եվրոպական Միության հետ, այլ ոչ թե Մոսկվայի։ 

Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկի մոտ ծեծկռտուք է սկսվել։ Տեղական Pirveli լրատվականը հայտնում է, որ այստեղ ներգրավված տղամարդիկ աջակցում են «Վրացական երազանք» կուսակցությանը և փորձում են սադրանք իրականացնել։

«Վրացական երազանքը» հերքում է իր ներգրավվածությունը։

Մոտ մեկ ժամ Թբիլիսիից հեռու գտնվող ընտրատեղամասերից մեկում, ինչպես արձանագրել է տեսախցիկը, երևում է, թե ինչպես է մի տղամարդ միանգամից մի քանի քվեաթերթիկ նետում քվեատուփ։

Քաոսային այս իրադրությունն արձանագրվում է Վրաստանի համար պատմական կարևոր մի փուլում, երբ վրացիները որոշում են իրենց երկրի ապագան:

Հիմնական հարցն այն է, թե արդյոք երկիրը կշարունաի շարժվել դեպի Արևմուտք ու Եվրոպական Միություն, թե ավելի մոտ կկանգնի Մոսկվային։

Համարյա բոլոր ընտրատեղամասերի հաշվարկով «Վրացական երազանքը» ստացել է ավելի քան 50 տոկոս քվե՝ ամրապնդելով իր դիրքերը երկրի քաղաքական դաշտում։

«Հաղթանակը շատ տպավորիչ ու ակնհայտ է։ Նրանց բոլոր փորձերը՝ խոսելու ընտրություններոմ խախտումների, էլեկտրոնային ընտրությունների մասին աննախադեպ նախընտրական միջավայրի պայմաններում, իհարկե, դատապարտված են ձախողման»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն:

Ընդդիմությունը սակայն համակարծիք չէ և բողոքի ձայն է բարձրացնում։

«Մեզ զայրացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրածը։ Հայտարարված արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։ Այս թվերը, որոնք ստացվել են լայնածավալ վախեցման, կեղծիքների և կաշառքների մթնոլորտում, հակասում են վրաց ժողովրդի պատմական ու արդի ընտրությանը»,- ասում է Աննա Դոլիձե, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Աննա Դոլիձեն:

Բանավեճի կենտրոնում է «Վրացական երազանքի» հիմնադիր և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։

Իվանիշվիլին իր կարողությունը ձեռք է բերել Ռուսաստանում, սակայն իր հակառակորդներին մեղադրում է օտար երկրների շահերը սպասարկելու մեջ։

«Կամ մենք ընտրում ենք կառավարություն, որը կծառայի ձեզ՝ վրաց ժողովրդին, վրաց հասարակությանը, մեր հայրենիքին... կամ ընտրում ենք օտար երկրի գործակալներին, որոնք կիրականացնեն միայն օտար երկրի պահանջները»,- հայտնել է Բիձինա Իվանիշվիլին:

Եվրոպացի ընտրական դիտորդները բարձրաձայնում են ընտրությունների ընթացքի վերաբերյալ՝ արձանագրելով Վրաստանում ժողովրդավարական գործընթացի հետընթաց։

«Մեր Եվրոպական խորհրդարանի դիտորդական թիմերը մի շարք ընտրատեղամասերում ականատես եղան մեծ լարվածության, խառնաշփոթի և քաոսի։ Արձանագրվեցին քվեարկության քվեաթերթիկների լցոնման, ինչպես նաև խախտումներ հաղորդող դիտորդների վրա ֆիզիկական բռնության փորձի դեպքեր։ Բացի այդ, որոշ դեպքերում դիտորդներին և լրատվամիջոցներին ստիպեցին հեռանալ ընտրատեղամասերից։ Դիտորդների բողոքները պատռում էին։ Քվեարկողներին վախեցնում էին ինչպես ներսում, այնպես էլ դրսում... Բացի այդ, քվեարկության գաղտնիությունը միշտ չէ, որ ապահովված էր»,- ասել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անտոնիո Լոպեզ-Իստուրիս Ուայթը:

Եթե ընտրությունների արդյունքները հաստատվեն, «Վրացական երազանքը» կունենա խորհրդարանական մեծամասնություն՝ այսպիսով վտանգելով Եվրոպական Միության անդամակցության երկրի ջանքերը։

«Վրացական երազանքը» այս տարվա սկզբին ընդունեց Ռուսաստանին նմանակող օրենքներ՝ ուղղված ազատ խոսքի դեմ։ Այդ քայլը հանգեցրեց զանգվածային բողոքի ցույցերի երկրի մայրաքաղաքի փողոցներում։

XS
SM
MD
LG