Մատչելի հղումներ

Վրաստանում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ հրաժարվում են գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ»


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին

Մի քանի օրից Վրաստանում կարևոր խորհրդարանական ընտրություններ են։ Վրաց հանրության մեջ առկա է մտահոգություն, թե իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը հեշտությամբ չի հրաժարվի իշխանությունից՝ պարտութան դեպքում։ Քաղաքացիական խմբերը մեկտեղում են ուժերը՝ երաշխավորելու ազատ և արդար ընտրությունները

Վրաստանի ժողովրդավարությունը փորձության առջև է։ Բազմաթիվ ընտրողներ այսօր մտահոգ են՝ երկրի ապագան վտանգված է։

Գարնանը հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելու կառավարության առաջարկած «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ, որը, սակայն, ընդունվեց հունիսին։ Օրենքը պահանջում է՝ ցանկացած կազմակերպություն, որը ստանում է իր ֆինանսավորման 20%-ից ավելին արտասահմանից, պետք է գրանցվի որպես «օտարերկրյա գործակալ»։

Քննադատների խոսքով՝ օրենքը ակնհայտորեն կրկնօրինակում է Ռուսաստանում ընդունվածին, որը, ինչպես հայտնի է, կիրառվում է պուտինյան ռեժիմի քննադատներին լռեցնելու համար։

Վրացական կառավարությունը պնդում է, որ օրենքը անհրաժեշտ է՝ թափանցիկ դարձնելու, թե ով է ֆինանսավորում քաղաքական կազմակերպություններին։

Արդյո՞ք Վրաստանի իշխանությունները կիրառելու են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը
please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» հակակոռուպցիոն կազմակերպության ղեկավար Էկա Գիգաուրիի խոսքով՝ իրենք իշխող՝ «Վրացական երազանքի» թիրախներից են։ Հրաժարվել է գրանցել իր գլխավորած կազմակերպությունը որպես «օտարերկրյա գործակալ», ուստի կարող է խոշոր տուգանք վճարել։

«Օգտագործում ենք բոլոր իրավական միջոցները՝ պայքարելու, դիմադրելու, չկատարելու, և քաղաքացիներին տեղեկացնելու կառավարության սխալների մասին։ Բայց դեռ տեսնում ենք, որ ցանկացած պահի կառավարությունը կարող է կիրառել այս օրենքը»,- ասում է Գիգաուրին։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի» նման մոտեցումը եզակի չէ. վրացական քաղաքացիական հասարակության մեծ մասը հրաժարվել է հետևել ընդունված օրենքին։ Որոշ կազմակերպություններ, ինչպես «Տաբուլա մեդիան» է, ասում են, թե բացեր են գտել օրենսդրության մեջ։

«Ստիպված եղանք վերագրանցել կազմակերպությունը Եվրամիության անդամ երկրում՝ Էստոնիայում, ինչը շատ է բարդացնում ֆինանսական գործողությունները և բոլոր աշխատակիցները հայտնվում են պետության կողմից հետապնդման ռիսկի ներքո»,- ասում է «Տաբուլա մեդիա»-ի գլխավոր խմբագիր Լևան Սուտիձեն։

Վրաստանում ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման համար գործող «Ամոթ» կազմակերպությունը ի սկզբանե որոշել էր հետևել օրենքին և գրանցվեց որպես «օտարերկրյա գործակալ», սակայն սեպտեմբերի սկզբին՝ հանրային բացասական արձագանքից հետո վերանայեց իր որոշումը։

«Մեզ դավաճան անվանեցին»,- ասում է «Ամոթ» կազմակերպության ռազմավարության գծով ղեկավար Դաչի Իմեդաձեն՝ հավելելով, թե ընտրություններին ընդառաջ իրենց գլխավոր խնդիրն է ապահովել հնարավորինս շատ երիտասարների մասնակցությունը քվեարկությանը։

«Նրանցից շատերը առաջին անգամ են մասնակցելու այս ընտրություններին»,- նշում է Իմեդաձեն։

Նինո Լոմջարիան նախկինում հանրային պաշտպան էր, այժմ գլխավորում է «Վրաստանի եվրոպական ուղեծիր» հասարակական կազմակերպությունը։

«Հարցում ենք իրականացնում՝ ընտրում եք եվրոպակա՞ն բարեկեցությունը, թե՞ ռուսական ճահիճը»,- ասում է Լոմջարիան։

Այս հասարակական կազմակերպությունը նույնպես հրաժարվել է գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ»։

«Ստեղծել ենք ընտրությունները դիտարկող կոալիցիա, որը կազմված է մոտ 30 կազմակերպություններից։ Մեր ծրագիրն է ներկա լինել յուրաքանչյուր ընտրատեղամասում՝ դիտարկելու ընտրական ողջ գործընթացը և քվեների հաշվարկը»,- ասում է Լոմջարիան։

Մտավախություն կա, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հեշտությամբ չի հրաժարվի իշխանությունից։ Կուսակցությունը պնդում է՝ կճանաչի ժողովրդի ընտրությունը։

Այս տարի՝ ավելի վաղ Վրաստանում բռնկված բողոքի լայնածավալ ակցիաներից մոտ կես տարի անց՝ ընտրությունների նախաշեմին, Թբիլիսիի փողոցներում կրկին վերահաս փոթորկի զգացողություն է։ Քաղաքացիական հասարակության բազմաթիվ խմբեր մեկտեղել են իրենց ջանքերը՝ երաշխավորելու ազատ և արդար ընտրությունները։

XS
SM
MD
LG