ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ կոչ անելով Վրաստանի քաղաքական առաջնոդրներին հարգել օրենքի գերակայությունը:
Այս մասին ասված է Միացյալ Նահանգների պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարությունում։
«Մասնակցությունը [ընտրություններին] ի ցույց է դնում վրաց ժողովրդի կողմից ժողովրդավարության ընդունումը»,- ասված է Բլինքենի հայտարարությունում:
«Միջազգային դիտորդների գնահատմամբ [ընտրությունների] արդյունքները ազատ և արդար չեն: Դատապարտում ենք բոլոր խախտումները միջազգային նորմերի դեմ և միանում ենք միջազգային ու տեղական դիտորդների կոչերին՝ ամբողջական հետաքննություն անցկացնել բոլոր խախտումների վերաբերյալ, որոնք կապված են ընտրությունների հետ։ Կոչ ենք անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին հարգել օրենքի գերակայությունը, չեղարկել օրենքներ, որոնք խարխլում են հիմնարար ազատությունները, և համատեղ աշխատել ընտրական գործընթացում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ»,- նշել է ԱՄՆ պետքրատուղարը։
«Վրաստանի՝ դեպի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիա ուղղված նպատակները, որոնք ամրագրված են երկրի սահմանադրությունում, պահանջում են, որ կառավարությունը հարգի քաղաքացիական հասարակության անդամների իրավունքները և բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները»,- ընդգծել է Բլինքենը:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին հետևել են 102 տեղական և 64 միջազգային կազմակերպություններ: Դեռ բոլորը չեն հրապարակել իրենց նախնական գնահատականները:
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդները հայտարարել են, թե Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեկնածուների համար ապահովված չէին հավասար պայմաններ, առկա են եղել կաշառքի, կրկնակի քվեարկություն և ընտրողների վրա ճնշման դեպքեր՝ երևան բերելով ժողովրդավարության նահանջի նշաններ։
Դիտորդների հայտարարության մեջ ընդգծվում է, որ Վրաստանում ընտրական գործընթացը «բավարար չափով չի համապատասխանել միջազգային ժողովրդավարական սկզբունքներին»։
Պատվիրակության ղեկավար Անտոնիո Լոպես-Իստուրիս Ուայթը Թբիլիսիում կայացած ասուլիսում նշել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախընտրական փուլում օգտագործել է թշնամանք սերմանող հռետորաբանություն, նպաստել է «ռուսական ապատեղեկատվության տարածմանը»։
Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ԸՄԿԵՑ, ENEMO) առաքելության համաձայն, հայտնաբերված խախտումները «էականորեն խաթարել են ընտրական գործընթացի ժողովրդավարական բնույթը»:
«Կրիտիկական խախտումների շարքում էին ընդդիմության անդամների նկատմամբ բռնությունները, ընտրողներին վախեցնելը, զրպարտչական արշավները՝ ուղղված դիտորդների դեմ, և վարչական ռեսուրսների լայն չարաշահումը։ Քարոզարշավի անցկացման կանոնների կիրառումը սահմանափակել է մրցակցությունը, լուրջ ճնշում գործադրվել քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների նկատմամբ և նվազեցված է եղել կառավարության նկատմամբ քննադատության հնարավորությունը։ Թեև ընտրական գործըթնացը, ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ և արդյունավետ է անցկացվել, ԸՄԿԵՑ-ը մտահոգություն է հայտնել [Վրաստանի] Կենտրոնական ընտրական հանձնաժոզղովի անկախության և անաչառության վերաբերյալ»,- նշված է կազմակերպության հայտարարությունում։