Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։ Այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3,508,294։ Նրանցից 95,910-ը գրանցված են՝ արտասահմանում քվեարկելու համար։
Առաջին վրաստանյան ընտրություններն են, որ անցկացվում են էլեկտրոնային և ավանդական ձևաչափերով։ Մասնավորապես, վրաց ընտրողների մոտ 90%-ը կկարողանա քվեարկել ընտրատեղամասերում տեղադրված էլեկտրոնային սարքերի միջոցով։
Կարևոր նորմածություն է նաև այն, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում առաջին անգամ ընտրությունները կանցկացվեն ամբողջովին համամասնական ընտրակարգով։
Խորհրդարանական մանդատներ ստանալու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ոց շեմը։ Վրաստանի խորհրդարանը բաղկացած է 150 պատգամավորից։
Երկրի բոլոր քաղաքական ուժերը հոկտեմբերի 26-ի ընտրությունները շրջադարձային են համարում։ Իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը, որը տասներկու տարի իշխանության ղեկին է, հայտարարում է, թե ընտրությունը լինելու է «խաղաղության և պատերազմի միջև», քանի որ ընդդիմության հաղթանակը, ըստ իշխանություների, կնշանակի Վրաստանը ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ:
Ընդդիմությունն, իր հերթին, զգուշացնում է ընտրողներին, որ եթե «Վրացական երազանքը» մնա իշխանության, երկիրը կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ, Թբիլիսիի արևմտամետ ընթացքը կանգ կառնի, և երկրրը կդառնա Ռուսաստանի վասալը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կիսում է ընդդիմության կարծիքը՝ բազմիցս հայտարարելով, որ ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի պարագայում Վրաստանը վերստին կհայտնվի ռուսական ազդեցության գոտում։ Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 24-ի ասուլիսում նա վստահություն հայտնեց, թե ընտրություններում կհաղթի ընդդիմությունը։
«Հնարավոր եմ համարում միայն եվրոպական ուժերի հաղթանակն ու եվրոպական Վրաստանի հաղթանակը»,- ասել է նախագահը։
Հատկանշական է, որ բոլոր հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, ստորագրել են Վրաստանի նախագահի կազմած հռչակագիրը, ըստ որի՝ ընտրություններում հաղթելու պարագայում մեկ տարվա ընթացքում ստեղծելու են տեխնոկրատների կառավարություն։ և իրականացնելու են բոլոր անհրաժեշտ բարեփոխումները՝ Վրաստանը ԵՄ տանող ճանապարհ վերադարձնելու համար։
Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին կարծում է, որ հոկտեմբերի 26-ին արևմտամետ ընդդիմությունն, ընդհանուր առմամբ, ավելի շատ ձայներ կստանա, քան իշխող «Վրացական երազանքը», որն ունի մոտ 30%-35% աջակցություն։
««Վրացական երազանքի» ներկայացուցիչները համառորեն կրկնում են, թե ընտրությունների արդյունքում իրենք անպայման խորհրդարանում կստանան մոտ 100 մանդատ, այսինքն. նրանք կունենան սահմանադրական մեծամասնություն, բայց իրականում դա անիրատեսական է։ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից և արևմտյան գործընկերների հետ բաց առճակատման մեջ մտնելուց հետո, մի երկրում, որտեղ շատ ուժեղ արևմտամետ տրամադրություններ կան, նման արդյունք երազելը ուղղակի ծիծաղելի է»,- ասում է քաղաքագետը։
Միաժամանակ, փորձագետը չի բացառում տեղերում քվեարկության արդյունքների կեղծումը՝ հօգուտ իշխող կուսակցության, հատկապես այն մարզերում, որտեղ դիտորդները քիչ են։ Գոգոլաշվիլին կասկած հայտնեց, որ Վրաստանում կեղծարարությունը կարող է լինել նույնքան մասշտաբային, որքան Ռուսաստանում՝ հաշվի առնելով ընդդիմադիր ընտրազանգվածի և դիտորդների առկայությունը։
«Ռուսաստանում վերջնական արձանագրություններում կարելի է ցանկացած թիվ նշել, օրինակ՝ Պուտինի կամ «Եդինայա Ռոսիայի» թեկնածույի դիմաց, քանի որ Ռուսաստանում ընտրությունները վերահսկվում են Կրեմլին հավատարիմ մարդկանց կողմից։ Վրաստանում կեղծիքի մասշտաբները մի քանի անգամ ավելի փոքր են՝ հաշվի առնելով բարձր մոտիվացիա ունեցող տեղական դիտորդների, ինչպես նաև միջազգային դիտորդների առկայությունը։ Կարծում եմ՝ կեղծիքի սահմանաչափը 3%-5% է, ինչը չի կարող ապահովել «Վրացական երազանքի» հաղթանակը»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշում է Գոգոլաշվիլին։
Վրաստանի պետական կառավարման ինստիտուտի պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեն գտնում է, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում ընտրությունները կանցկացվեն հիմնականում էլեկտրոնային ձևաչափով, ինչը պետք է նվազեցնի քվեարկությունը կեղծելու հնարավորությունը։
Ըստ պրոֆեսորի՝ եթե ընտրողների մասնակցությունը բարձր լինի, և եթե իշխող կուսակցությունը չկարողանա հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, ապա «Վրացական երազանքը» ստիպված կլինի ընդունել իր պարտությունը։
Ինչ վերաբերում է որոշ վերլուծաբանների մտավախություններին, թե «Վրացական երազանքի» պարտության պարագայում, իշխանությունները կարող են դիմել Մոսկվային՝ ուժային օգնության համար, քանի որ Կրեմլը չի թաքցնում իր համակրանքը Վրաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ, ապա Շարաշենիձեն նման սցենարն անիրատեսական է համարում։
Քաղաքագետի կարծիքով՝ այս տարվա գարնանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բազմահազարանոց բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցածը ցուցիչ էր, թե ինչպես է «Վրացական երազանքը» իրեն պահում ճգնաժամային իրավիճակներում՝ սպասել, չխանգարել ցուցարարներին, «գոլորշին բաց թողնել»։
Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի նախագահ Գիա Նոդիան նույնպես համոզված է, որ ընտրություններում հաղթելու դեպքում «Վրացական երազանքը» կփորձի, այսպես ասած, չգովազդել Ռուսաստանի հետ իր կապերը, քանի որ այն դժվար թե դրական ընկալվի անգամ կուսակցության ընտրազանգվածի կողմից։
Միաժամանակ, քաղաքագետի կարծիքով, եթե ներկայիս իշխող ուժը մնա երկրի ղեկին, ապա Վրաստանի արտաքին քաղաքականության գծի փոփոխությունն անխուսափելի կլինի, քանի որ արևմտյան գործընկերները, թեև, ամենայն հավանականությամբ, ամբողջովին չեն սառեցնի հարաբերությունները Վրաստանի հետ, սակայն այն կտեղափոխեն երկրորդական նշանակության ոլորտ: Արդյունքում, ըստ փորձագետի, Վրաստանի իշխանությունները ստիպված կլինեն հաշվի առնել Ռուսաստանի կարծիքը և ենթարկվել Կրեմլի հրահանգներին։
Ըստ Նոդիայի՝ պատկերն այլ կլինի, եթե հաղթեն ընդդիմադիր ուժերը, որոնք կձգտեն վերականգնել ու խորացնել հարաբերություններն Արևմուտքի հետ։ Քաղաքագետն կարծում է՝ հենց ընդդիմության հաղթանակն է այսօր ամենից հավանական սցենարը՝ հատկապես հաշվի առնելով իշխանության ներսում առկա հիասթափությունը, որը խորացավ «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքի ընդունումից հետո։
«Չափազանց կարևոր է, որ ընդդիմությունը համոզիչ հաղթանակ տանի, այսինքն՝ մեծ տարբերությամբ։ Սակայն ամենամեծ հարցը այս փուլում հետևյալն է՝ պատրա՞ստ է արդյոք «Վրացական երազանքը» զիջել իշխանությունը։ Ցավոք սրտի, դեռ պատասխան չունենք»,- ամփոփել է Նոդիան։