ԱՄՆ նախագահական ընտրություններին արտաքին միջամտության նպատակը բռնություն հրահրելն է․ ամերիկյան հետախուզական համայնք

Կապիտոլիում։ Հունվարի 6, 2021թ․։

ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացամամբ՝ Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը փորձում են միջամտել Միացյալ Նահանգներում կայանալիք ընտրություններին՝ բռնություն հրահրելու համար:

ԱՄՆ հակառակորդներն արդեն իսկ ակտիվ ջանքեր են գործադրում Միացյալ Նահանգների ընտրություններին ընդառաջ ամերիկյան հանրության շրջանում պառակտում և անվստահություն սերմանելու համար։

Նման զգուշացմամբ են հանդես եկել ԱՄՆ հետախուզական հանրության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ հավելելով, որ որոշ երկրներ, ըստ երևույթին, նպատակ ունեն բռնություններ հրահրել Միացյալ Նահանգներում։

Նոյեմբերի 5-ից մոտ երկու շաբաթ առաջ, երբ միլիոնավոր ամերիկացիներ ընտրատեղամասերում կատարելու են իրենց քաղաքացիական պարտքը, ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հրապարակել է իրավիճակին վերաբերող իր գնահատականը։

«Օտարերկրյա դերակատարները, մասնավորապես՝ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը, շարունակում են ուղիներ փնտրել՝ խորացնելու տարաձայնությունները, պառակտելու ամերիկացիներին և խարխլելու ԱՄՆ ժողովրդավարական համակարգի նկատմամբ առկա վստահությունը, ինչը նրանք համարում են իրենց շահը», - ասված է փաստաթղթում:

Your browser doesn’t support HTML5

Ընտրություններին արտաքին միջամտության նպատակը բռնություն հրահրելն է․ ԱՄՆ հետախուզություն

Ըստ գնահատկանի՝ ամերիկյան հետախուզական ծառայությունները «ավելի են համոզվում», որ Ռուսաստանը սկսում է քայլեր ձեռնարկել՝ «ուղղված բռնություն հրահրելուն», և որ Իրանը նույնպես «կարող է փորձել բռնություն հրահրել»։

Ըստ հրապարակման՝ կարևոր է լինելու ընտրատեղամասերի փակումից հետո եկող ժամանակահատվածը, երբ պետական և տեղական ինքնակառավարման պաշտոնյաները զբաղված են լինելու ձայների հաշվարկով ու ընտրությունների արդյունքների հաստատմամբ։

ԱՄՆ հակառակորդները «հավանաբար արագ կերպով կստեղծեն կեղծ պատմություններ կամ կտարածեն բովանդակություն, որը, նրանց կարծիքով, շփոթություն կստեղծի ընտրությունների վերաբերյալ, օրինակ՝ կեղծ հայտարարություններ հրապարակելով ընտրական խախտումների մասին»,- ասել է ամերիկյան հետախուզության պաշտոնյան, ով լրագրողների հետ հանդիպել է անանուն մնալու պայմանով:

Տեսակապի միջոցով անցկացված հանդիպմանը աղբյուրը մանրամասնել է, թե հակառակորդ երկրներն ինչպես կարող են միջամտել ամերիկյան ընտրություններին։ Օրինակ՝ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը «կգտնեն թույլ կողմեր և կսկսեն առաջ մղել ապատեղեկատվություն կամ հրահրել բողոքի ակցիաներ՝ ընտրատեղամասերը փակվելուց մինչև հաջորդ տարվա հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում, երբ նախագահական ընտրությունների արդյունքները պետք է հաստատվեն Կոնգրեսի համատեղ նիստում»։

Քվեատուփեր։ Սեֆներ բնակավայր, Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ։ Օգոստոսի 2, 2024թ․։


Խնդիրներ կարող են առաջանալ ընտրատեղամասերի փակումից հետո

Ամերիկյան հետախուզական համայնքի ներկայացուցիչները ընդգծում են՝ նախևառաջ Ռուսաստանը և Իրանը կարող են ակտիվ լինել նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո՝ ամերիկացի ընտրողների վրա ներազդելու գործում։ Մասնավորապես, Ռուսաստանն աշխատում է մեծացնել ԱՄՆ նախկին նախագահ և ներկայում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրվելու հնարավորությունները։ Մինչդեռ, Իրանը փորձում է խոչընդոտել Թրամփի վերընտրությունը՝ սատարելով ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին:

Ամերկացի պաշտոնյանների խոսքով՝ Չինաստանը մինչ այժմ իրեն հեռու է պահել ԱՄՆ նախագահական մրցապայքարից՝ փոխարենը կենտրոնացնելով ջանքերը Կոնգրեսի, նահանգային և համայնքային ընտրությունների վրա, որտեղ, ըստ Պեկինի, ամենից շատն է շոշափվում Չինաստանի շահը, հատկապես՝ Թայվանի հարցում, քանի որ այս մակարդակի վրա են հաճախ աջակցություն ցուցաբերում կղզի-պետությանը, որը Պեկինը համարում է կոմունիստական Չինաստանի մաս:

«Ակնկալում ենք, որ Ռուսաստանն առավել ագրեսիվ կգործի [ընտրություններից հետո], եթե ընտրություններում հաղթի [ԱՄՆ] փոխնախագահ [Քամալա Հարիսը]», - ասել է ամերիկյան հետախուզության ներկայացուցիչը:

Ռուսաստանի ու Իրանի իշխանությունները անպատասխան են թողել ամերիկյան հետախուզական հանրության նոր գնահատականին արձագանքելու «Ամերիկայի ձայնի» խնդրանքը։

Պաշտոնական Պեկինը երեքշաբթի հերքեց իր առչություններն ամերիկյան ընտրություններին:

«Նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին գործն են։ Չինաստանը նման մտադրություններ չունի և չի միջամտելու [ընտրություններին]»,- «Ամերիկայի ձայնին» պատասխանել են Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատնից։


Իրականացվում են ազդեցության տարածման գործողություններ

Ամերիկյան հետախուզության պաշտոնյաները բերում են օրինակներ՝ հիշեցնելով Ռուսաստանի գործողությունները, երբ Կրեմլի հետ կապ ունեցող դերակատարները այս ամսվա սկզբին X սոցհարթակում տարածում էին կեղծ մեղադրանքներ ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատ թեկնածու Թիմ Ուոլցի դեմ:

Այլ օրինակ է ռուսական հետախուզական ծառայությունների գործունեությունը՝ փորձել հավաքագրել ամերիկացիների, որոնք պետք է բողոքի ակցիաներ կազմակերպեին:

Ամերիկյան հետախուզական հանրության ներկայացուցիչները հատուկ կանգ են առել ապատեղեկատվական արշավների վրա։

«Նույնիսկ եթե այդ ապատեղեկատվական արշավները բռնության կոչ չեն անում, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խարխլելու մարտավարությունը կարող է հանգեցնել բռնության, անգամ եթե ի սկզբանե նման նպատակ չի դրվել»,- լրագրողներին նշել է ամերիկացի պաշտոնյան։


«Սպասեք խափանումների»

Չնայած ամերիկացի պաշտոնյաների հավաստիացումներին, որ ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու ԱՄՆ հակառակորդների փորձերը խափանել քվերակությունն անցկացնող ու ձայները հաշվարկող համակարգերի աշխատանքը, սակայն սպասվում է, որ դրանք հանդիսանալու են առաջնային թիրախ:

«Իրական մարտահրավեր է, և պետք է սպասել համակարգի խափանումներ։ Կարող ենք ականտես լինել ընտրատեղամասերի հոսանքազրկմանը, փորձեր՝ խափանել տրանսպորտային համակարգը, կիբեռհարձակումներ տեղերում գործող ընտրական հանձնաժողովների դեմ»,- լրագրողներին փոխանցել է ամերիկացի պաշտոնյան:

Սակայն, ինչպես նշվեց, ամերիկյան պետական մարմինները պատրաստ են մարտահրավերներին։

«Բոլոր նահանգներն իրենց ընտրական ենթակառուցվածքը և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերը դիտարկում են որպես հնարավոր թիրախ։ Միացյալ Նահանգների ընտրական պաշտոնյաներն, իրոք, անխոնջ և հետևողականորեն աշխատում են՝ մեր ընտրական համակարգերի և գործընթացների համար ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մինեսոտա նահանգի պետքարտուղար և Պետքարտուղարների ազգային ասոցիացիայի նախագահ Սթիվ Սայմոնը: