ԱՄՆ գերագույն դատարանի որոշման հիման վրա Կալիֆոռնիայի փողոցներից հեռացնում են անօթևաններին

Ակտիվիստները բողոքի ցույց են անում Գերագույն դատարանի մոտ

ԱՄՆ գերագույն դատարանի այս տարվա որոշումը թույլ է տալիս երկրի իշխանություններին տուգանել, ձերբակալել փողոցներում օթևանող մարդկանց։ Արդյունքում՝ իշխանությունները սկսել են զանգվածաբար հեռացնել անօթևանների ճամբարները Կալիֆոռնիայի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Լոս Անջելեսում։

Թմրանյութերից կախվածությունը հաղթահարելուց և երկարատև բանտարկությունից հետո գեներալ Դոգոնը հայտնվել է Լոս Անջելեսի Սքիդ Ռոու թաղամասի վրանային ճամբարում։ Վրդովված է ԱՄՆ գերագույն դատարանի որոշմամբ, որը քաղաքային իշխանություններին իրավունք է տալիս արգելել մարդկանց քնել հասարակական վայրերում։

«Անընդհատ ասում եմ, որ եթե ուզում են կոշտ վարվել, մենք էլ կարող ենք կոշտ լինել։ Եթե գնալու տեղ չունես, ոչինչ չես կարող անել։ Ի՞նչ են պատրաստվում անել։ Ինձ համար գերագույն դատարանի որոշումը նշանակություն չունի»,- ասում է գեներալ Դոգոն։

Գերագույն դատարանի հունիսյան որոշումից մոտ մեկ ամիս անց, որը թույլ է տալիս նահանգային իշխանություններին ձերբակալել անօթևաններին, Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը պետական մարմիններին հրահանգեց ազատել փողոցները անօթևաններից։ Լոս Անջելեսի Սքիդ Ռոու թաղամասում գտնվող Community Action Network հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Փիթ Ուայթի կարծիքով՝ ձեռնարկված քայլերը շատ դաժան են։

Your browser doesn’t support HTML5

Նման՝ խիստ քայլեր են ձեռնարկվել ամերիկյան բարձր դատարանի հունիսյան որոշումից հետո

«Ինչ-որ առումով հստակ դիրքորոշում է՝ օգնություն և հանգրվան այլևս չեն լինելու։ Նրանք պատրաստ են ավելի շատ գումար ծախսել իրավապահ համակարգի համար, քան բնակապահովման ուղղությամբ։ Նրանք ուժի կիրառմամբ են փորձում հաղթահարել սոցիալական ճգնաժամը»,- ասում է Ուայթին։

Union Rescue Mission կազմակերպությունը 130 տարի օգնություն է տրամադրում թաղամասում ապրող անօթևաններին։ Կազմակերպության նախագահի պաշտոնակատար Ջեֆ Հադսոնը կողմ է գերագույն դատարանի որոշմանը։

«Այս որոշման տրամաբանությունը պարզ է՝ պետք է հնարավորություն ստեղծել խանութների և բիզնեսների համար՝ շարունակել իրենց գործունեությունը, և բավարարել մարդկանց՝ բնակարան ու կացարան ունենալու իրավունքը։ Գերագույն դատարանի որոշումը սատարում է բիզնեսով զբաղվողների իրավունքը»,- ասում է Հադսոնը։

Հադսոնն նշում է, որ խնդիրը քաղաքի մոտ 70 հազար անօթևանների համար ապաստան գտնելն է։

Ջոդի Քոբը տասը տարի անօթևան է եղել։ Այսօր աշխատում է Union Rescue Mission կազմակերպությունում որպես ծրագրի ղեկավարի օգնական։ Ասում է, որ թմրանյութերի օգտագործման պատճառով չի կարողացել ճիշտ որոշումներ կայացնել, և փողոցից հարկադրաբար հեռացումը, ի վերջո, օգնել է իրեն։

«Դատարանի որոշմամբ ինձ սկզբում հոգեբուժարան, ապա վերականգնողական կենտրոն էին տեղափոխել։ Նրանք այդ արեցին իմ կամքին հակառակ, բայց եթե այդ միջամտությունը չլիներ, երբեք դուրս չէի գա հոգեբուժարանից, որտեղ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ երբևէ կկարողանամ աշխատել»,- պատմում է Քոբը։

Նահանգապետի կարգադրությունից հետո Լոս Անջելեսի փողոցներում անօթևանների թիվը կրճատվել է մոտ 10%-ով։ Սան Ֆրանցիսկոյում, որը հայտնի է իր մեծաթիվ անօթևան բնակչությամբ, տասնամյակների ընթացքում առաջին անգամ ազատ ու մաքուր մայթեր են «ի հայտ եկել»: Անօթևան ակտիվիստներն ասում են, որ չնայած նման վիճակագրությանը, օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը մնում է նույնը, պարզապես հիմա նրանք սակավ տեսանելի են։