Իսրայելի օդային պաշտպանության համակարգերը կիրակի վաղ առավոտյան լուսավորում են գիշերային երկինքը՝ «Հեզբոլլահի» հրթիռային հարվածներից հետո։
Մարտերը շարունակվում են. «Հեզբոլլահը», որը ԱՄՆ-ի ու մի շարք այլ երկրների կողմից ճանաչվում է որպես ահաբեկչական կազմակերպություն, հարվածում է Իսրայելի հյուսիսային շրջաններին՝ դա ներկայացնելով որպես աջակցություն Գազայում պաղեստինցիներին ընդդեմ Իսրայելի գործողությունների։
Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև Լիբանանում շարունակվող սահմանային բախումների պայմաններում քաղաքացիական բնակչությունը պատսպարվում է Հայֆայի ապաստարաններում։
Վերջին օրերին իսրայելական հարվածների հետևանքով վիրավորել են ՄԱԿ-ի հինգ խաղաղապահներ: Նրանք տեղակայված են Լիբանանի այն հատվածներում, որտեղ սեպտեմբերի դրությամբ, ըստ Լիբանանի առողջապահության նախարարության, զոհվել է 1400 մարդ: Նախարարության տվյալները զոհերի մասին չեն առանձնացնում «Հեզբոլլահի» զինյալների և քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները:
«Սա լուրջ զարգացում է: Խաղաղապահ կոնտինգենտը պնդում է, որ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ ՄԱԿ-ի անձնակազմի և գույքի համար, և որ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո տարածքների անձեռնմխելիությունը պետք է միշտ հարգվի»,- ասում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը:
Իսրայելը հրապարակային հայտարարություններում հստակեցրել է, որ իր հարձակումները թիրախավորում են ոչ թե լիբանանյան ժողովրդին կամ խաղաղապահներին, այլ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահին»:
ՄԱԿ-ի խաղաղապահների շրջանում տուժածների մասին լուրերից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մի կողմից ներողություն խնդրեց տեղի ունեցածի կապակցությամբ, մյուս կողմից, սակայն, նախազգուշացրեց:
«Ժամանակն է, որ դուք դուրս բերեք խաղաղապահներին «Հեզբոլլահի» հենակետերից և ռազմական գործողությունների գոտուց… Ձեր կողմից հրաժարումը դուրս բերել խաղաղապահ կոնտինգենտին նրանց պատանդ է դարձնում «Հեզբոլլահի» ձեռքում: Դա վտանգում է նրանց, ինչպես նաև մեր զինվորների կյանքը»,- նշել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Իսրայելի հարվածներից հետո Լիբանանի որոշ հատվածներ այժմ ավերված են: Սա մի տեսարան է, որը նմանվում է Գազայի: Սպիտակ տունը չի ցանկանում այդ սցենարի կրկնությունը Լիբանանում:
«Մենք չենք ցանկանում տեսնել, որ Լիբանանը վերածվի Գազայի։ Դա այն չէ, ինչ ցանկանում ենք։ Գազայում և Լիբանանում տառապանքներն ավելի են շեշտում մեր ջանքերի շտապ անհրաժեշտությունը։ Հստակ խաղաղության և անվտանգության համար հիմք ստեղծելու ջանքերը պետք է շարունակվեն»,- ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Կարին Ժան-Պիեռը:
Միևնույն ժամանակ, Թել Ավիվում իսրայելցիները դուրս են եկել փողոց՝ իրենց ամենշաբաթյա բողոքի ցույցերին Նեթանյահուի կառավարության դեմ Յոմ Կիպուրի՝ հրեաների ամենասուրբ տոնին:
Նրանք շարունակաբար պահանջում են հրադադար, որպեսզի կարողանան հասնել համաձայնության՝ Գազայում հոկտեմբերի 7-ի հարձակումներից հետո «Համասի» կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու համար: