Ամենուրեք ավերածություններ են, և ձեր առջև Բեյրութն է, ոչ Գազան։ «Հեզբոլլահին» թիրախավորելու նպատակով Իսրայելը օրեր շարունակ ռմբակոծում է Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանները, որոնք շիական խմբավորման վերահսկողության ներքո են։
Հինգշաբթի իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել նաև Բեյրութի կենտրոնին՝ գրոհելով խիտ բնակեցված թաղամասերը, ինչի հետևանքը տասնյակ զոհերն են։
Տեղի ունեցածը, փաստորեն, Իսրայելի ու «Հեզբոլլահի» միջև հակամարտության նոր փուլն է, և այն աստիճանաբար տեղափոխվում է Լիբանանի խորք։
«Բազմաթիվ մարդիկ վճարում են աներևակայելի բարձր գին: Սպանվել է ավելի քան 2 հազար հոգի, վիրավորների թիվը ավելի շատ է, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են»,- հայտարարել է Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հեննիս-Պլասշաերտը։
Բայդենի վարչակազմը հայտարարել է, թե աշխատում է հրադադարի ուղղությամբ և չի ցանկանում, որ Լիբանանը արժանանա Գազայի ճակատագրին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ընդգծել է, որ սատարում է Իսրայելին՝ չեզոքացնելու Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները Լիբանանում։
Այդ նպատակները չեն հակասում միմյանց՝ ընդգծել է Սպիտակ տան մամլո քարտուղար Քըրին Ժան-Պիեռը։
«Լիբանանում իրականացվող գործողությունները թիրախային են։ Ուղիղ երկխոսության մեջ ենք Իսրայելի կառավարության հետ և այն կշարունակվի»,- ասել է Ժան-Պիեռը։
Իսրայելը հինգշաբթի հայտարարել է, թե օդային հարվածների հետևանքով ոչնչացրել է «Հեզբոլլահի» երկու առանցքային հրամանատարների, ու թեև Երուսաղեմից շարունակ հնչող հավաստիացումներին, շատերը կասկածի տակ են առնում, որ իսրայելական գրոհները թիրախային են։
«Բոլորն էլ համաձայն են, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է Իսրայելին ազատություն տալ՝ թիրախավորելու «Հեզբոլլահը» և թուլացնելու նրա կարողությունները։ Բայց խնդիրը այն է, որ դա նշանակում է անորոշ պատերազմ Լիբանանի դեմ, որն արդեն իսկ շոշափելի վնաս է հասցրել մեծաքանակ լիբանանցի խաղաղ բնակիչներին: Տեղահանվել է Լիբանանի շուրջ 1 միլիոն բնակիչ՝ երկրի ողջ ազգաբնակչության գրեթե մեկ քառորդը»,- ասում է Նյու Յորքի համալսարանի Մերձավոր Արևելքի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մոհամադ Բազզին։
Այս ամենի ֆոնին՝ հինգշաբթի հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ը, թե հարավային Լիբանանում վիրավորվել են կազմակերպության երկու խաղաղապահներ՝ Ինդոնեզիայի քաղաքացիներ, իսրայելական հրթիռակոծության հետևանքով։
«Իսրայելական բանակի անհամաչափ հարձակումները խաղաղապահ ուժերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել են մեր երկու խաղաղապահները, հստակ ցույց են տալիս, թե ինչպես է Իսրայելը իրեն վեր դասում միջազգային իրավունքից, անպատժելիությունից և խաղաղության ընդհանուր արժեքներից»,- ասել է ՄԱԿ-ում Ինդոնեզիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Հարի Պրաբոոն։
Ինչևէ, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին: Զուգահեռաբար՝ իսրայելական ուժային կառույցների ղեկավարները հինգշաբթի քննարկել են նախորդ շաբաթ տեղի ունեցած իրանական հրթիռային հարձակմանը արձագանքելու հարցը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Իսրայելին չգրոհել Իրանի նավթային օբյեկտները՝ հաշվի առնելով Պարսից ծոցի երկրների մտահոգությունը, թե այդ պարագայում իրենց նավթային ենթակառուցվածքները կարող են հայտնվել Թեհրանի աջակցությունը վայելող խմբերի հարվածի ներքո։
Իսրայելի պաշտպանության նախարարը խոստացել է, որ հրեական պետության պատասխանը կլինի «մահաբեր և անսպասելի»։
«Իսրայելը ցույց տվեց, որ շատ հնարավորություններ ունի, և կարող է օգտագործել ցանկացածը։ Ցույց տվեց, որ կարող է գործել ԱՄՆ-ի ցանկությունների դեմ։ Կարծում եմ՝ սեղանին բոլոր տարբերակներն են»,- ասում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Նատաշա Հոլը։
Զուգահեռաբար՝ Սիրիայի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ այս երեքշաբթի իսրայելական օդուժի հարվածի հետևանքով մայրաքաղաք Դամասկոսում սպանվել է առնվազն յոթ խաղաղ բնակիչ։
Նշենք՝ միաժամանակ արյունահեղությունը չի դադարում Գազայում, ուր հինգշաբթի իսրայելական ուժերը թիրախավորել են մի դպրոց, որը նրանց ներկայացմամբ ծառայում էր որպես ապաստարան «Համասի» զինյալների համար: Զոհվել է առնվազն 27 մարդ։