Հայտնի են ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների տարաձայնությունները տարբեր թեմաների շուրջ, սակայն Հարիսն ու Թրամփը համաձայն են մեկ հարցում՝ Չինաստանի սպառնալիք է:
«Կարծում եմ՝ Չինաստանից բխող սպառնալիքը շատ ավելի լուրջ է, քան այն, ինչին մենք բախվել ենք Սառը պատերազմի ժամանակ՝ Խորհրդային Միության պարագայում»,- ասում է Թրամփի վարչակազմի օրոք Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան նշում է, որ ԱՄՆ-ն պետք է Չինաստանի հետ գործ բռնի ուժի դիրքերից:
«Խոսքը միայն ռազմական ուժի մասին չէ, այլ տնտեսական, դիվանագիտական, փափուկ և մշակութային ուժի: Ահա, թե ինչն է վախեցնում մեր հակառակորդներին»,- նշում է Օ'Բրայենը:
Your browser doesn’t support HTML5
Թե՛ Թրամփի, թե՛ Բայդենի վարչակազմերը բարձր մաքսատուրքեր են սահմանել, որպեսզի կարողանան դիմագրավել չինական էժան ապրանքներին, որոնք խնդիրներ են ստեղծում ամերիկյան ընկերությունների համար:
«Չինաստանը պատրաստվում է խլել ձեր բիզնեսները, որովհետև նրանք ունեն հումք, իսկ մենք՝ ոչ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը:
Թրամփն առաջարկում է մինչև 60% մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների նկատմամբ:
Հարիսը ևս խոսում է Չինաստանի ստեղծած խնդիրների մասին:
«Ես կերաշխավորեմ, որ մե՛նք առաջնորդենք աշխարհը դեպի ապագա՝ տիեզերքում և արհեստական բանականության ոլորտում: Ամերիկա՛ն, այլ ոչ թե Չինաստանը պետք է հաղթի այս մրցակցությունում»,- ասել է ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը:
Տեխասի համալսարանի ներկայացուցիչ Ջերեմի Սուրին անդրադարձել է Հարիսի մոտեցմանը․ «Նա կողմ է առևտրային որոշակի սահմանափակումների, որոնց օգտին էր հանդես գալիս Բայդենի վարչակազմը, սակայն նա չի համարվում [բարձր] մաքսատուրքերի կիրառման ընդգծված կողմնակից»:
Դիտորդները նշում են՝ այս հարցում Թրամփն ավելի ակտիվ է:
«Հավանաբար իմ առաջին զանգը կլինի նախագահ Սիին [Ծինփինին], և ես կասեմ նրան՝ դուք պետք է հարգեք համաձայնությամբ ստանձնած ձեր պարտավորությունները: Մենք համաձայնության եկանք, որ դուք պետք է գնեք 50 միլիարդ դոլարի ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք։ Երաշխավորում եմ, որ նա կգնի այն»,- ընդգծել է Թրամփը:
Օ'Բրայենը շարունակում է՝ արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր է ստեղծել դաշինքներ համախոհ երկրների հետ:
«Կար ժամանակ, երբ Ամերիկան կարող էր միայնակ կրել այդ ծանր բեռը, սակայն այսօր մենք այլևս չենք կարող այդ անել միայնակ»,- ասում է Օ'Բրայենը:
Դիտորդները նշում են` Թրամփը հեռացել է հանրապետականների ավանդական արտաքին քաղաքականությունից, ուր կարևոր է դիտվում դաշինքների դերակատարությունը:
«Թրամփը ենթագիտակցաբար մեծ հետաքրքրություն չունի դաշինքների նկատմամբ: Նրան ավելի շատ հետաքրքրում է՝ «սա մեզ ի՞նչ օգուտ է տալիս» մոտեցումը»,- ասում է Հյուսթոնի համալսարանի ներկայացուցիչ Ռիչարդ Մյուրեյը:
Թայվանից ներգաղթած, ԱՄՆ-ում պրոֆեսորի աստիճանի հասած Սթիվեն Փեյը ներկայացնում է իր մոտեցումը, թե ամերիկյան ներքաղաքական լարված պայքարի պայմաններում, որի ժամանակ հաճախ են բարձրացվում Չինաստանի հետ մրցակցության և ԱՄՆ առջև ծառացած անվտանգության հարցերը, որոշ ամերիկացիներ մտահոգ են, թե իրական տուժողները կարող են լինել ասիական ծագմամբ ամերիկացիները և ԱՄՆ-ում բնակվող չինացիները։
«Նրանք կարծում են, որ ԱՄՆ-ն սպառնալիքի առջև է, Չինաստանի ներկայացրած սպառնալիքի առջև, և այն ողջ [ամերիկյան] հասարակությունը ուշադրության կենտրոնում է: Ինձ էլ են պիտակավորելու, քանի որ մարդիկ չեն կարող ասել՝ Թայվանի՞ց եմ, Չինաստանի՞ց, թե՞ Կորեայից»,- ասում է Փեյը:
Չինաստանին ուղղված Թրամփի կոշտ հայտարարություններից հետո, ասիական ծագմամբ որոշ ամերիկացիներ անհանգստացած են, որ եթե ընտրվի հանրապետական թեկնածուն, ապա ԱՄՆ-ում կաճեն հակաչինական տրամադրությունները։ Թեև ոմանք էլ վստահ են՝ լինելով բիզնեսմեն՝ Թրամփը կարող է այնպիսի գործարքի գնալ Չինաստանի հետ, որը Ամերիկայում շահավետ կլինի բոլորին: