Այսուհետ, Ռուսաստանում դատաքննության ներքո գտնվող մարդիկ կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե ցանկություն հայտնեն զորակոչվել կամ պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ։ Այս մասին է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օրերս ստորագրված օրենքը, որը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պորտալում։
Ըստ իրավական նոր ակտերի՝ դատարանն իրավունք ունի զորամասի հրամանատարության առաջարկով որոշում կայացնել ամբաստանյալներին պատասխանատվությունից ազատելու մասին։
Ավելորդ չէ նշել, որ օրինագիծն ընդունվեց սեղմ ժամկետներում։ Պետդուման այն ընդունեց սեպտեմբերի 24-ին, հաջորդ օրը փաստաթուղթը հավանության արժանացավ Ռուսաստանի օրենսդիր մարմնի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի կողմից։
Նշենք, որ նախկինում ընդունված օրենքների համաձայն՝ հետաքննության ներքո գտնվող (մինչև դատաքննության փուլ հասնելը) կամ արդեն իսկ դատապարտված անձինք կարող էին մեկնել ռազմաճակատ՝ ազատվելով բանտից։
Your browser doesn’t support HTML5
Փորձագետների կարծիքով՝ Կրեմլի նման քայլերը պայմանավորված են ուկրաինական ռազմակաճակատում տիրող իրավիճակով, ուր ռուսական բանակին անհրաժեշտ է, այսպես կոչված, «թնդանոթի միս», քանի որ անգամ մեծ գումարների դիմաց ավելի քիչ ռուսաստանցիներ են համաձայնվում զորակոչվել՝ քաջ գիտենալով, թե ինչ է իրենց սպասվում Ուկրաինայում։
Լրատվամիջոցների տվյալներով՝ սպանված և վիրավոր ռուսաստանցիների ընդհանուր թիվն հասնում է մոտ 600 հազարի։
Իրավապաշտպան Իլյա Շաբլինսկու խոսքով՝ նոր օրենքի ընդունման պատճառն ակնհայտ է՝ Ուկրաինայում ընթացող հանցավոր պատերազմի համար որքան հնարավոր է շատ նորակոչիկներ հավաքագրելու ցանկությունը։
«Նրանք օգտագործում են մարդկանց, ովքեր հայտնվել են պետությունից կախվածության մեջ՝ փորձելով անժամկետ պայմանագրով նրանց սպանդի ուղարկել։ Օրենքները, որոնք թույլ են տալիս հանցագործներին բռնապետի քմահաճույքով խուսափել պատասխանատվությունից, չեն կարող իրավունք կոչվել: Ավելին, նման կարգավորումները քայքայում են օրենսդրական դաշտը։ Ինչո՞ւ է այս ամենն արվում․․․, արվում է ուկրաինական քաղաքների կործանման համար»,- ասում է Շաբլինսկին։
Իրավապաշտպանի ներկայացմամբ՝ Պուտինին շարունակ նոր զորակոչիկներ են հարկավոր՝ ռազմաճակատում «անցքերը փակելու համար», բայց նա նաև խնդիր ունի խուսափել երկրում զորահավաք հայտարարելուց։
«[Պուտինը] ցանկանում է հնարավորինս հետաձգել զորահավաքը՝ մտավախություն ունենալով, թե այն կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Չլսված բան է՝ ռազմաճակատ ուղարկել հանցագործների, մարդասպանների, բռնարարների: Նույնիսկ Պետդումայի պատգամավորներից մեկը համարձակվեց ասել այս մասին։ Ես չգիտեմ, թե հետո ինչ եղավ նրա հետ»,- նշում է Իլյա Շաբլինսկին։
Մեր զրուցակիցը պնդեց՝ նման օրենքները կբերեն մի իրավիճակի, երբ քննիչները կսկսեն ճնշում գործադրել քննչական մեկուսարաններում գտնվողների կամ մեղադրյալների նկատմամբ՝ դրդելու նրանց մեկնել ռազմի դաշտ։
«Ենթադրում եմ, որ նրանք հիմնականում կձգտեն գործ ունենալ ծանր հանցագործություններ կատարածների հետ, քանի որ շատ չեն լինի այն մարդիկ, ովքեր կձգտեն գնալ Ուկրաինա և վտանգել կյանքը։ Շատերն արդեն գիտեն, թե ինչ է իրենց սպասում ճակատում։ Եթե պատժաչափը երկար չէ, նրանք կնախընտրեն բանտը»,- ասում է Շաբլինսկին։
Ըստ BBC-ի և Mediazona-ի՝ հայտնի «Վագներ» խմբավորման զինյալների շարքում Ուկրաինայում կռվելու համար ռուսաստանյան բանտերից ազատ էր արձակվել ավելի քան 31 հազար հանցագործ։
Իլյա Շաբլինսկին ընդգծում է՝ նման քաղաքականությունն արդեն հանգեցրել է երկրում հանցավորության աճին։
«Սա ակնհայտ է դառնում, երբ աչքի եք անցկացնում Ռուսաստանի մարզային լրատվամիջոցները։ Հարյուրավոր օրինակներ կան, որ պատերազմից վերադարձած մարդիկ նոր, դաժան հանցագործություններ են կատարել։ Բայց իշխանության մեջ ոչ ոք չի մտածում կամ չի ուզում մտածել նման օրենքների հետևանքների մասին»,- նշում է Շաբլինսկին։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմակերպված հանցավոր խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է 76%-ով (գրեթե 17 հազար)՝ 2021 թվականի՝ նախապատերազմական նույն ժամանակահատվածի համեմատ։
Первый отдел իրավապաշտպան նախագծի իրավաբան Եվգենի Սմիրնովը մանրամասնում է, թե Ռուսաստանում քրեադատավարական որ փուլերից մարդկանց կարող են ուղարկել ռազմաճակատ։
«Առաջինը՝ նախաքննության փուլն է։ Այն սկսվում է քրեական գործի հարուցման պահից և տևում է մինչև գործը դատարան բերելը։ Որպես կանոն, սա երկար փուլ է, որը տևում է մի քանի ամսից մինչև երկու տարի: Այս փուլում մարդկանց հավաքագրելու հնարավորությունը ի հայտ է եկել 2024 թվականի գարնանից։ Երկրորդը՝ դատական փուլն է։ Ստորագրված օրենքը վերաբերում է հատկապես այն մարդկանց, ովքեր այս փուլում են։ Եվ վերջապես, պատժի կրման փուլն է։ Արդեն իսկ գոյություն ուներ հնարավորություն, ըստ որի դատապարտյալները կարող էին պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքել, և սա ակտիվորեն օգտագործվում է պետության կողմից»,- ասում է Սմիրնովը։
Ըստ իրավաբանի՝ փաստորեն, ընդունված օրենքը հավասարեցրել է բոլորին՝ նախաքննության, դատաքննության փուլերում գտնվողներին ու արդեն իսկ դատապարտվածներին։
«Քրեական հետապնդում, ռուբլու արժեզրկման հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրներ, վարկերի հսկայական տոկոսադրույքների տակ հայտնվածներ, միգրանտներ․․․։ Այս ամենը ստեղծում է խոցելի խմբեր, որոնց ներկայացուցիչները կարող են հաղթահարել իրենց խնդիրները՝ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելով։ Նման խմբերը այսօր դարձել են ռուսական բանակի համալրման հիմնական աղբյուրը, և պետությունը փորձում է բարդ իրավիճակի մեջ դնել ավելի շատ ռուսաստանցիների՝ նոր զորահավաքից խուսափելու համար»,- նշում է Սմիրնովը։
Փաստաբանը ընդգծում է՝ նման օրենքները ոչ մի կապ չունեն քրեական օրենսգրքի նպատակների հետ՝ սոցիալական արդարության հաստատում և հանցագործությունների կանխարգելում։ Բացի այդ, հաշվի չեն առնում տուժողների կարծիքը և նրանք հաճախ մնում են առանց փոխհատուցման։ Իսկ հանցագործություն մտմտացող մարդիկ գիտեն, որ չեն պատժվելու, քանի որ ցանկացած պահի կարող են պայմանագիր կնքել և գնալ ռազմաճակատ, որտեղ նաև կստանան բարձր աշխատավարձ։