Նավթի գինը կարող է իջնել՝ մեկ բարելի դիմաց կազմելով 50 դոլար, եթե նավթ արդյունահանող երկրները՝ OPEC+-ի անդամները սկսեն ավելի շատ սև ոսկի արդյունահանել ու մատակարարել միջազգային շուկա՝ խախտելով համաձայնեցված քվոտաները։
The Wall Street Journal-ի ներկայացմամբ՝ այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարարը։
Դիտորդները չեն բացառում, որ նման խոսքերը ցուցիչ են, թե Էր Ռիադը մտադիր է գնային պատերազմ սկսել՝ շուկայի իր մասնաբաժինը պահպանելու համար։
Ավելի վաղ The Financial Times-ը գրել էր, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է դեկտեմբերի 1-ից ավելացնել նավթի արդյունահանման ծավալները, չնայած որ այդ քայլը կարող է տևական ժամանակով իջեցնել գները: Պարբերականի տվյալներով՝ Էր Ռիադը մտադիր է օրական արդյունահանումն ավելացնել միջինը 83 հազար բարելով և մեկ տարում այդ թիվը կարող է հասնել 1 միլիոն բարելի։
Հիշեցնենք՝ 2022 թվականին OPEC+-ը սահմանափակեց նավթի արդյունահանումը՝ միջազգային շուկայում գինը բարձր պահելու համար։ Բայց այս տարվա ընթացքում նավթը շարունականաբար էժանանում է, 2024 թվականի սեպտեմբերին միջին գինը կազմել է 73 դոլար մեկ բարելի դիմաց։
Արդյունքում ռուսաստանյան պետբյուջեի համար ստեղծվել է ծայրահեղ ռիսկային իրավիճակ։ Հաջորդ տարվա համար ռուսաստանյան պետբյուջեն հիմնված է այն հաշվարկի վրա, որ Urals տեսակի նավթը պետք է արժենա մոտ 70 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Այդուհանդերձ, Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից դեռ չկան կոնկրետ քայլեր՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է նավթագազային ոլորտի վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինը։
«Բայց նման սցենար չի կարելի բացառել։ Սաուդյան Արաբիան կարող է աստիճանաբար սահմանափակել [նավթի] արդյունահանման կրճատումը, արդյուքնում՝ կսկսի ավելի շատ նավթ արտահանել: Հաջորդ հանգամանք այն է, որ OPEC+-ի շատ անդամներ դժգոհ են արդյունահանման կրճատումից, որովհետև այն նավթի գները բարձր չի պահում: Հիմա, հակառակը, նկատվում է գների նվազման միտում։ Քվոտաները չեն օգնում: Այսինքն՝ դաշինքի յուրաքանչյուր անդամ կսկսի արդյունահանել այնքան նավթ, որքան հարմար կգտնի»,- ասում է Կրուտիխինը։
Վերլուծաբանը ընդգծում է՝ նման քայլը, բնականաբար, կնվազեցնի նավթի միջազգային գները. «Հետևաբար, նավթի արդյունահանման բարձր ծախսեր ունեցող երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն, որոշ ժամանակ կտուժեն։ Օրինակ, հավանականությունը, որ նման գների պայմաններում ամերիկյան ընկերությունները կսկսեն նավթի արդյունահանման նոր նախագծեր, մոտ է զրոյին: Ռուսական նավթը կարող է ընդհանրապես անհետանալ շուկայից։ Ռուսաստանը կդադարի Սաուդյան Արաբիայի և որոշ այլ երկրների մրցակից լինել»։
Կրուտիխինը նկատեց, որ Brent նավթի մեկ բարելի գինն այսօր տատանվում է 70 դոլարի շրջակայքում. «Իհարկե, սա բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի բյուջեի վրա, հատկապես հաշվի առնելով, որ ռուսական Urals-ի գներն էլ ավելի ցածր են։ Ճի՛շտ է, այն չի ազդի Կրեմլի ռազմական ծախսերի վրա, բայց, ինչպես միշտ, հարվածելու է «սոցիալական հատվածին», որի համար արդեն փշրանքներ են մնացել, ինչը իր հերթին բացասաբար կանդրադառնա Ազգային բարեկեցության հիմնադրամի պաշարների վրա։ Սա նշանակում է, որ ստիպված են լինենելու փող տպել, ինչը կբերի գնաճի»։
Անշուշտ, դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի նավթի համաշխարհային գների հետ, սակայն աշխարհում տնտեսական վիճակն այնպիսի է, որ սև ոսկու գները գնում են անկման՝ ասում է տնտեսական մեկնաբան Սեմյոն Նովոպրուդսկին։
«Սակայն մեծ պատերազմը Մերձավոր Արևելքում կամ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը, որը աշխարհին նավթ մատակարարելու հիմնական ուղիներից է, կարող են նպաստել նավթի գների բարձրացմանը՝ նույնիսկ համաշխարհային տնտեսության փոքր աճի դեպքում»,- ասում է Նովոպրուդսկին։
Մեր զրուցակցի խոսքով՝ մյուս կողմից նավթի գների անկումը դժվար թե մոտ ապագայում էական ազդեցություն թողնի պատերազմ վարելու Կրեմլի կարողության վրա, քանի որ ռուսական նավթային ընկերությունները շարունակում են շահութաբեր մնալ բարելի դիմաց 10-15 դոլար գների պարագայում, սակայն պետբյուջե հոսքերը անհամեմատ կկրճատվեն։
Սեմյոն Նովոպրուդսկին նույնպես այն կարծիքին էր, որ նման զարգացման պարագայում Ռուսատանի կառավարությանն այլ ելք չի մնա, քան փող տպել, ինչը կբերի գնաճի արագացման և մարդկանց կենսամակարդակի անկման։