iPhone սմարթֆոնների բաղադրիչներ արտադրող Tata Electronics ընկերության գործարանում արտադրությունը անորոշ ժամկետով կդադարեցվի հանգստյան օրերին տեղի ունեցած հրդեհից հետո` հայտնել են տեղի պաշտոնյաները:
«Հրշեջ մեքենաներ ենք տեղակայել գործարանում, քանի որ նոր բռնկումների կամ ծխի առաջացման հավանականություն կա, երբ հեռացվեն վթարի ժամանակ ընկած ծածկերը»,- Reuters-ին փոխանցել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մ. Վելուն՝ հավելելով, թե դեռ չեն պարզել հրդեհի պատճառը։
Հրդեհը բռնկվել էր շաբաթ օրը վաղ առավոտյան Թամիլնադու նահանգում գտնվող գործարանում, ինչի հետևանքով 10 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ արտադրությունը դադարեցվել է:
Սա հերթական միջադեպ է, որն ազդել է iPhone-ի արտադրության համար Հնդկաստանում գործող մատակարարումների շղթայի վրա։ Գաղտնիք չէ, որ Apple-ը նպատակ ունի տեղափոխել իր iPhone-ի բաղադրիչների արտադրությունը Չինաստանից և Հնդկաստանը դիտարկում է որպես հիմնական այլընտրանք ու իր արտադրանքի գլխավոր շուկաների մեկը:
Ամերիկյան կորպոռացիան չի մեկնաբանել միջադեպը։ Tata Electronics-ը հայտարարել է, որ հրդեհի պատճառը հետաքննվում է, և որ գործարանում հաստատված աշխատանքի անվտանգության նորմերի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել աշխատակիցների անվտանգությունը:
Գործարանն արտադրում է iPhone-ի հետևի պանելներն ու որոշ այլ բաղադրիչներ: Նույն համալիրի մեկ այլ շենքում մինչև տարեվերջ պետք է մեկնարկի iPhone-ների հավաքումը, սակայն դեռ պարզ չէ, թե որչափ է տուժել այդ շենքը:
Կիրակի գործարան այցելած Հնդկաստանի առողջապահության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ Շիլպա Պրաբհակար Սատիշը Reuters-ին հայտնել է, թե այն «շատ ուժեղ է այրվել»:
«Շինությունը, տանիքը փլուզվում էին: Ոչ ոք չէր կարող ներս մտնել»,- ասել է նա:
165 միլիարդ դոլար գնահատված Tata Group-ի մաս կազմող Tata Electronics ընկերությունը Հնդկաստանում Apple-ի հիմնական մատակարարներից է՝ թայվանական Foxconn ընկերության հետ միասին: