Նյու Յորքում՝ հայտնի «Թրամփ-թաուերում» կայացել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։
Հանդիպման մեկնարկից առաջ Դոնալդ Թրամփն ու Զելենսկին կարճ զրուցել են լրագորղների հետ։
«Շատ լավ հարաբերություններ ունենք [Զելենսկու հետ], և ինչպես գիտեք, նաև շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ: Կարծում եմ՝ եթե մենք հաղթենք [ընտրություններում], [ապա] ... շատ արագ կլուծենք այս խնդիրը՝ [Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը]»,- ասել է Թրամփը:
Թրամփը ընդգծել է՝ ընտրություններում հաղթելու դեպքում հակամարտությունը կարգավորելու նպատակով մտադիր է համագործակցել երկու կողմի հետ էլ։
Իր հերթին՝ Զելենսկին հայտնել է, թե մտադիր է Թրամփի հետ քննարկել իր առաջ քաշած «հաղթանակի ծրագիրը»։
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին ԱՄՆ նախագահի թեկնածուն և Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել։
Զելենսկու հետ ուրբաթ նախատեսված հանդիման մասին Թրամփը խոսել էր նախօրեին, թեև էլ ավելի վաղ հանրապետական գործի նախընտրական թիմը հայտնել էր, թե նման հանդիպում նախատեսված չէ։
Հայտնի է նաև, որ նախընտրական իր արշավի ընթացքում Թրամփը բազմիցս քննադատել է Ուկրաինայի նախագահին՝ կասկած հայտնելով, որ Ուկրաինան կկարողանա հաղթանակ տանել Ռուսաստանի դեմ պատերազմում։
Այս ամենի ֆոնին՝ չորեքշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը նամակ է հղել Զելենսկուն՝ խնդրելով «անմիջապես պաշտոնից հեռացնել» ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օկսանա Մարկարովային։
Ըստ խոսնակի՝ այն բանից հետո, երբ դեսպան Մարկարովան կազմակերպել է [նախագահ Վոլոդիմիր Զելենսկու] այցն ամերիկյան զինագործարան, որը գտնվում է, այսպես կոչված, տատանվող նահանգում՝ [Փենսիլվանիայում], Քամալա Հարիսի շտաբի ներկայացուցչի ղեկավարությամբ, [այդ այցի ժամանակ պատվիրակության կազմից] միտումնավոր դուրս թողնելով հանրապետականներին, հանրապետականները կորցրել են վստահությունը դեսպանի՝ «ազնիվ և արդյունավետ կերպով այս երկրում դիվանագիտական պարտականությունները կատարելու ունակության նկատմամբ»։ Ջոնսոնը առաջարկել է, որ Զելենսկին «անմիջապես ազատի նրան պաշտոնից»՝ ասված է ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակի գրասենյակի հայտարարության մեջ։
Արձագանքել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիերը, թե Վոլոդիմիր Զելենսկու այցը Փենսիլվանիա կազմակերպվել էր ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, և որ Պենտագոնի տրանսպորտային միջոցի օգտագործումը (Ուկրաինայի նախագահը Փենսիլվանիա էր մեկնել ԱՄՆ պաշտպանության նախարարության տրամադրած ինքնաթիռով) արտասահմանյան առաջնորդների՝ ԱՄՆ ներսում իրականացվող այցերի ժամանակ կիրառվող սովորական ընթացակարգ է։
«Ուկրաինացիները խնդրել էին այցելել այն ձեռնարկությունը, որտեղ, ինչպես հայտնի է, աշխատում են ամերիկացիներ, ովքեր արտադրում են զինամթերք, որն ուկրաինացի զինվորականները ամեն օր օգտագործում են ռազմաճակատում...։ Սա ուկրաինացիների նախաձեռնությունն էր: Նրանք էին ցանկացել այդ անել»,- պարզաբանել է Ժան-Պիերը:
«Այն բանից հետո, երբ նրանք հանդես եկան նման խնդրանքով, պաշտպանության նախարարությունը արեց այն, ինչ արել է տարիներ շարունակ՝ տրամադրել է տրանսպորտ արտասահմանյան առաջնորդի համար, որը ճանապարհորդում է ԱՄՆ-ում: ԱՄՆ այցելող առաջնորդների համար [նման ընթացակարգը] սովորական բան է: Ողջ աշխարհը գիտի, որ Պուտինը ցանկանում է սպանել նախագահ Զելենսկուն, և նա շատ հստակ է այդ մասին ասել»,- հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
Ժան-Պիերը նաև հիշեցրել է, որ երկու ամիս առաջ Ուկրաինայի նախագահը այցելել էր Յուտա նահանգ, որտեղ հանրապետական նահանգապետի հետ նմանատիպ միջոցառում է անցկացրել, և այն ժամանակ հանրապետականները լուռ էին։