Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին ՄԱԿ-ում դիմավորեցին ցափողջույներով, երբ նա Գլխավոր ասամբլեայի ամբիոնից սկսեց խոսել Գազայում շարունակվող հակամարտության պատճառով նախորդ գրեթե մեկ տարվա ընթացքում զոհված ավելի քան 41 հազար պաղեստինցիների մասին:
«Հարյուրավոր պաղեստինցի ընտանիքներ ոչնչացվել են։ Ամբողջական տոհմեր են ջնջվել։ Նրանք այլևս գոյություն չունեն։ Հազարավոր մարդիկ են մահացել հիվանդություններից, դեղորայքի և ջրի պակասի պատճառով»,- ասել է Մահմուդ Աբասը։
Թեև Աբասը չի հիշատակել «Համասին», սակայն խոսել է հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունից։ Դատապարտելով խաղաղ բնակիչների սպանությունը՝ կոչ է արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին՝ անուղղակի կերպով անդրադառնալով նաև իսրայելցի պատանդներին:
Նա հորդորել է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու պատերազմը։
«Դադարեցրե՛ք այդ հանցագործությունը: Դադարեցրե՛ք այն հենց այս պահին: Դադարեցրե՛ք երեխաների և կանանց սպանությունները: Դադարեցրե՛ք ցեղասպանությունը: Դադարեցրե՛ք Իսրայելին զինելը: Այս խելագարությունը չի կարող այլևս շարունակվել»,- հայտարարել է Աբասը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը նախատեսված է ուրբաթ: Նա հետաձգել է իր այցը Նյու Յորք՝ Լիբանանում իրավիճակի սրացման պատճառով։
Հայտնի է, որ Վաշինգտոնն ու Փարիզը առաջարկել են ժամանակավոր զինադադար հաստատել հարավային Լիբանանում։
«Պատերազմն անխուսափելի չէ: Դիվանագիտական լուծումն, իրապես, հնարավոր է: Նախորդ օրերին մեր ամերիկացի գործընկերների հետ աշխատել ենք 21-օրյա ժամանակավոր հրադադար հաստատելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի բանակցություններ սկսել»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
Իրավիճակը անհանգիստ է նաև արևմտյան կիսագնդում, ուր Հայիթիում հանցագործ խմբավորումներն ահաբեկում են տեղի բնակիչներին՝ իրենց վերահսկողությունը հաստատելով մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի որոշ հատվածներում, առևանգելով, բռնաբարելով ու սպանելով խաղաղ մարդկանց: Այս հունիսին միջազգային ոստիկանական ուժեր՝ մոտ 400 հոգի, որոնց մեծ մասը Քենիայից են, մուտք գործեցին Հայիթի՝ բռնություններին վերջ տալու նպատակով:
«[Հայիթիի] անվտանգության ուժերը՝ [միջազգային] առաքելության աջակցությամբ արդեն իսկ շոշափելի արդյունքներ են ցույց տվել տեղում՝ հնարավորություն ընձեռելով բնակչությանը քիչ-քիչ անցնել բնականոն կյանքին։ Բայց դեռ շատ բան կա անելու»,- ասել է Հայիթիի անցումային խորհրդի նախագահ Էդգարդ Լեբլանկ Ֆիլսը։
Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն, որի խոստացել է մինչև հունվար ևս մեկ զորախումբ ուղարկել Հայիթի, հորդորել է այլ երկրներին աջակցել առաքելությանը անհրաժեշտ սարքավորումներով և ֆինանսավորմամբ:
«Հայիթիում [գրանցված] առաջընթացը ցույց է տալիս, որ այն, ինչ ժամանակին համարվում էր անհնար, այսօր անհերքելի փաստ է»,- ասել է Քենիայի նախագահը:
Նորություն չէ, որ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելաները մշտապես ուղեկցվում են զանգվածային ցույցերով: Հինգշաբթի, երբ Պաղեստինի նախագահը խոսում էր ՄԱԿ-ի ամբիոնից, նրա կողմնակիցները հավաքվել էին կազմակերպության կենտրոնակայանից մի քանի թաղամաս այն կողմ՝ պահանջելով հրադադար հաստատել Գազայում: