ԱՄՆ իրավապահների հաջողվեց երկրորդ անգամ կանխել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը՝ այս ամսվա սկզբին Ֆլորիդայում։ Զինված անձը ճաղերի հետևում է։
Միջադեպին նախորդել էր այս հուլիսին Փենսիլվանիայում՝ նախընտրական հանդիպման ժամանակ Թրամփին ուղղված կրակոցը։
«Ամերիկայի ձայնը» զրուցել է զենքի սեփականատերերի հետ, թե արդյոք տեղի ունեցածը ազդել է հրազեն ունենալու հարցում նրանց դիրքորոշման վրա։
Մեթյու Գոնզալեսի խոսքով՝ ցնցված էր Թրամփի դեմ հարձակման լուրից, բայց կարծում է, որ ամերիկացիներն ինքնապաշտպանվելու իրավունք ունեն։
«Ցանկացած վատ մարդ կարող է զենք ձեռք բերել։ Այն շատ հասանելի է։ Պետք է պարզապես մի քանիսին ճանաչել։ Այնքան էլ դժվար չէ, որքան մարդիկ պատկերացնում են։ Միշտ էլ այդպես է լինելու։ Հենց այդ պատճառով էլ պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել»,- ասում է Գոնզալեսը։
Զենք ունենալու իրավունքի պաշտպան Նիկ Քլարքը «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, թե Թրամփի դեմ մահափորձերը ևս մեկ անգամ հաստատում են, որ զենքը պաշտպանում է ոչ միայն սովորական քաղաքացիներին, այլև նախագահին։
«Գաղտնի ծառայությունը զինված է, և նախագահին պաշտպանող Գաղտնի ծառայության աշխատակիցները նկատել էին հրազենով մարդում կամ տեսել էին, թե ինչպես էր զենքն ուղղել թփերի հետևից։ Պարտադիր չէ, որ յուրաքանչյուր մարդ զենք կրի, բայց եթե ավելի շատ մարդիկ ունենային զենք՝ ինքնապաշտպանության համար, նման հանցագործները երկու անգամ կմտածեին [քայլ անելուց առաջ]»,- իր հերթին ասում է Wisconsin Carry ընկերության ղեկավար Նիկ Քլարկը։
Սակայն Pew Research Center-ի տվյալները վկայում են, որ ամերիկացիների մեծամասնությունն, այդուհանդերձ, կարծում է, որ ԱՄՆ-ում չափազանց դյուրին է զենք ձեռք բերելը և կողմ են հրազենի վերաբերյալ ավելի խիստ օրենքների ընդունմանը։
Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր տասնմեկ րոպեն մեկ մարդ է սպանվում հրազենից գործածությունից՝ նշում է հետազոտող Մալորի Օ'Բրայանը։
«Մինչև 17 տարեկան երիտասարդների պարագայում մահվան թիվ մեկ պատճառը զենքն է։ Ներկայում զենքով ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշն ունենք»,- ասում է Օ'Բրայանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ իրավիճակի վրա կարող են դրական անդրադարձ ունենալ զենք գնողների ավելի մանրամասն ստուգումները։
Վիսկոնսինում գտնվող փակ հրաձգարանի համասեփականատեր Շերիլ Ռեբհոլցի դիրքորոշումն է, թե գործող օրենսդրությունը լիովին բավարար է։
«Կարող եք տեսնել իմ հետևում ցուցադրված զենքերը։ Դրանք անշունչ առարկաներ են, պարզապես դրված են այստեղ։ Մենք՝ զենքի ունեցողներս դրանք հանցագործությունների համար չեն օգտագործում։ Մենք զենքի՝ պատասխանատու տերեր ենք»,- ասում է Ռեբհոլցը։
Նշենք, որ իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ Թրամփի դեմ իրականացված առաջին մահափորձի ժամանակ օգտագործված զենքը օրինական ճանապարհով էր գնվել։ Երկրորդ դեպքի կասկածյալը այս շաբաթ հայտնվեց դատարանում։ Նրան մեղադրում են զենք ապօրինի կերպով ունենալու մեջ։