ԱՄՆ որոշ նահանգներում մահմեդական ամերիկացիներն ի վիճակի են ազդել ընտրությունների արդյունքների վրա

Մահմեդականները ԱՄՆ-ի բնակչության 2%-ից էլ սակավ են, բայց Միացյալ Նահանգների գալիք ընտրություններում նրանց կարևորությունն աստիճանաբար աճում է։ Իր դերն է խաղում մերձավորարևելյան հակամարտությունը:

Չիկագոյի Բրիջվյու արվարձանում, որը նաև հայտնի է Փոքրիկ Պաղեստին անվամբ, «Քահվա» սրճարանի աշխատակիցները սուրճ են մատուցում պաղեստինյան ծագմամբ ամերիկացի հաճախորդներին:

«Այս տարածքում ուր էլ որ գնաս, տեսնում ես մարդկանց, ովքեր ակնհայտորեն մահմեդական են»,- ասում է Իլինոյսի բնակիչ Դինա Օթմանը:

Դինա Օթմանը դասավանդում է տեղի իսլամական դպրոցում և հաճախում է «Քահվա»: Նախընտրական այս տարում Օթմանի համար ամենից կարևոր խնդիրը Իսրայելի ու «Համասի» միջև ռազմական գործողությունների ավարտն է:

Հիշեցնենք՝ Մերձավոր Արևելքի այդ հատվածում արյունահեղությունը սկսվեց անցած տարվա հոկտեմբերի 7-ին, երբ ԱՄՆ ու բազմթիվ այլ պետությունների կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավուման զինյաները արյունալի գրոհ ձեռնարկեցին Իսրայելի դեմ, ինչի հետևանքով սպանվեց 1200 մարդ, պատանդ տարվեցին մոտ 250-ը: Ցայսօր շարունակվող իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվն ացել է 41 հազարը։

«Որէև մեկի օգտին քվեարկելու համար՝ պետք է տեսնեմ ցեղասպանությունը անհապաղ դադարեցնելու պարտավորություն»,- ասում է Օթմանը:

Փոքրիկ Պաղեստինում շատերը կիսում են Օթմանի մտահոգությունները:

Իլինոյս նահանգի Քուկ շրջանում է կենտրոնացած ԱՄՆ ամենամեծ պաղեստինյան համայնքը։ Շրջանը ներառում է Չիկագոն և Բրիջվյուն: Իլինոյսում ապրում է մոտ 475 հազար մահմեդական ամերիկացի կամ նահանգի ողջ բնակչության մոտ 3,7%-ը:

«Նրանք Իլինոյսում զգալի փոքրամասնություն են կազմում և հակված են իրենց ձայնը տալ դեմոկրատներին»,- ասում է Հյուսիսարևմտյան համալսարանի սոցիալական քաղաքականության ամբիոնի դոցենտ Տաբիթա Բոնիլան:

«Քիչ հավանական է, որ Իլինոյսում նրանք ազդեն ընտրությունների ելքի վրա, բայց Միչիգան նահանգում մոտ 200 հազար մահմեդական ամերիկացի ընտրողներ կան, և նախորդ ընտրություններում հանրապետականների ու դեմոկրատների միջև տարբերությունը 150 հազար ձայն էր: Եթե բոլոր 200 հազար մահմեդական ամերիկացի ընտրողները որոշեն չքվեարկել կամ չքվեարկել դեմոկրատների օգտին, այն, իրոք, կարող է իրավիճակ փոփել Միչիգանի նման տատանվող նահանգում»,- հավելում է Բոնիլան:

«Միչիգանում բնակվող այդ մարդիկ գիտեն ամերիկյան ֆինանսավորմամբ պատրաստվող ռումբերի ազդեցությունը»,- ասում է ԱՄՆ-ում պաղեստինյան համայնքի ակտիվիստ Լեյլա Էլաբեդը:

Էլաբեդը նահանգից ընտրված պաղեստինյան ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Ռաշիդա Թլայբի քույրն է:

«Ցանկանում ենք փոխել ներկայիս քաղաքական գիծը և ձևավորել այնպիսի քաղաքականություն, որը կփրկի պաղեստինցիների կյանքը և վերջ կտա պաղեստինցիների օկուպացիային»,- հավելում է Էլաբեդը:

Քիթ Էլիսոնը Մինեսոտայի ներկայիս գլխավոր դատախազն է և եղել է ԱՄՆ Կոնգրեսի առաջին մահմեդական անդամներից մեկը:

«Ամերիկյան մահմեդական համայնքն ավելի զորեղ քաղաքական կարողության տեր է, քան երբևէ ունեցել է, և իրեն լսելի է դարձնում»,- ասում է Էլիսոնը:

Դինա Օթմանը ասում է՝ կցանկանար, որ քվեաթերթիկում այլ տարբերակներ էլ լինեին:

«Զգում եմ, որ այս տարածքում մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում քվեարկել դեմոկրատների կամ հանրապետականների օգտին»,- ասում է նա:

Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի (CAIR) գնահատմամբ՝ ավելի քան 2,2 միլիոն մահմեդական ամերիկացիներ են գրանցված քվեարկելու ԱՄՆ գալիք ընտրություններում, ինչն ավելի քան մեկ միլիոնով ավելի է երկու տարվա վաղեմության տվյալներից, երբ կայացան միջանկյալ ընտրություններ: