Մատչելի հղումներ

Ինչպե՞ս են անդրադառնում պատմությանը արևմտյան երկրներում և Ռուսաստանում


Փորձագետների կարծիքով կարող է մի քանի տասնամյակ պահանջվել մինչև Ռուսաստանը վերադառնա ժողովրդավարության կառուցմանը։

Վիլնյուսի քաղաքապետարանում տեղի է ունեցել լիտվացի փիլիսոփա, հրապարակախոս, հասարակական գործիչ, 2009-2014 թվականներին Եվրախորհրդարանի անդամ Լեոնիդաս Դոնսկիսի հիշատակին նվիրված յոթերորդ միջազգային գիտաժողովը։

«Սևից և սպիտակից մինչև մոխրագույնի երանգներ» վերտառությամբ համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեղեկագրում ասված էր. «Պատմությունը և պատմագրությունը գնահատման, վերագնահատման և իրականում տեղի ունեցածը հասկանալու անվերջ գործընթաց են: Ժամանակի ընթացքում կարող եք նահանջ ապրել, բայց ավելի խորը ըմբռնում ձեռք բերել: Ճշմարտությունը միաչափ հասկացություն չէ, այլ, կարծես, ադամանդ է՝ անսահման երեսներով, որոնք երբեմն հայտնվում են միայն այն ժամանակ, երբ նոր լույս է սփռվում: Փորձում ենք հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, բայց երբեք չենք հասնում վերջնական «ճշմարտությանը»»։

Քննարկման թեմաներն էին՝ «Պատմությունը որպես զենք. ռուսական և չինական ապատեղեկատվական արշավները ժողովրդավարական Եվրոպայի դեմ», «Պատմական իրադարձությունները ճիշտ համատեքստում տեղավորելը», «Հոլոքոստից հետո՝ տխուր պատկեր, որը շարունակում է ի ուրվագծվել», «Ուկրաինայի պատմության ապագաղութացումը»:

Քննարկման կազմակերպիչների ներկայացմամբ․ «Պատմությունը կարող է հզոր գործիք լինել մարդկանց համար՝ համախմբվելու արտաքին կամ նույնիսկ ներքին թշնամու դեմ, բայց այն կարող է ունենալ նաև աղետալի հետևանքներ, քանի որ կարող է նկարել իրականության սև ու սպիտակ պատկերը, իրականություն, որն գոյություն չունի: Այն հերոսներ է ստեղծում, և դա շատ է բարդացնում շարքային քաղաքացիների համար հերոսական արարքներ կատարելը»:

«Որոշ մարդիկ, ովքեր տասնամյակներ աշխատել են Ռուսաստանում ժողովրդավարոթյան և ազատության համար, պարզապես հանձնվել են»

Կաունասի Վիտաուտաս Մեծի անվան համալսարանի Սախարովի կենտրոնի ղեկավար Ռոբերտ վան Վորենի խոսքով՝ համաժողովի հիմնական նպատակն է խրախուսել մարդկանց մտածել նշված խնդիրների մասին:

«Ցանկանում էի մի քանի բարդ, վիճելի թեմաներ դնել օրակարգում և սկսել դրանց շուրջ մտածելու գործընթաց: Թող մարդիկ մտածեն, այլ ոչ թե պարզապես հավատան նրան, ինչ կրկնում են իրենց համար»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է վան Վորենը։

Համաժողովի ընթացքում կենտրանական թեմաներից մեկը վերաբերում էր Ռուսաստանին։

«Ռուսաստանում իրավիճակն այժմ այնքան սև ու սպիտակ է, որ շատ դժվար է կտրվել դրանից ու հայացք նետել դրսից, որովհետև բոլորս կապված ենք այն ամենի հետ, ինչ կատարվում է։ Օրինակ, իմ դեպքում ամեն օր գործ ունեմ Ուկրաինայի հետ, այնտեղ շատ ընկերներ ունեմ, այնտեղ հիմա պատերազմ է, ես նրանց աջակցում եմ։ Հետևաբար, այլևս օբյեկտիվ վերաբերմունք չունեմ տեղի ունեցողի նկատմամբ»,- նշում է Ռոբերտ վան Վորենը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Քննարկում ենք այնպիսի թեմաներ, ինչպես օրինակ վերաբերմունքը Հոլոքոստին: Նոր սերունդը դրան ավելի խորն է նայում՝ ավելի լավ հասկանալով, թե ինչու ամեն ինչ այդպես ստացվեց։ Բայց, ցավոք, Ռուսաստանում հակառակն է՝ առկա է սև ու սպիտակ ընկալում։ Հետևաբար, [Ռուսաստանի պարագայում] պետք է ամեն ինչ սկսել զրոյից»։

«Սա ցնցեց շատերին, ովքեր ուսումնասիրում են խորհրդային և հետխորհրդային պատմությունը»

Խոսեց Ստրասբուրգի համալսարանի սլավոնագիտության ամբիոնի պրոֆեսոր Էմիլիա Կուստովան, որի ելույթը վերնագրված էր՝ «Պատմության ուսումնասիրությունը Ռուսաստանում՝ բազմակողմ մոտեցումից անցում դեպի սև ու սպիտակ աշխարհ»:

Ըստ Կուստովայի՝ «Նրանք, ովքեր իրապես ուսումնասիրում են պատմությունը, չեն կարող չտեսնել բազմակողմանիությունը, ինչն էլ նրանց հետաքրքրում է` բազմաշերտ, բարդ ու հակասական իրավիճակներ: Այնինչ, ամեն ինչ սև-սպիտակ նկարագրելու միտումը բնորոշ է պատմության հրապարակային ներկայացմանը»։

Փորձագետի կարծիքով, նման՝ պատմության նկատմամբ երկգույն՝ սև ու սպիտակ մոտեցումը գերակշռեց Կրեմլի քաղաքականության շնորհիվ, որը պահանջեց բոլորից վերարտադրել այն հանրային տարածքում:

«Ինքնին նման սխեման և նման մոտեցումը նորություն չեն։ Սրանք բնորոշ էին խորհրդային ժամանակաշրջանին, և պերեստրոյկան հիմնականում ուղղված էր այս մոտեցումը վիճարկելու և կասկածի տակ դնելուն»,- ասում է Կուստովան:

Հարցին, թե ինչպես է փոխվում պատմության դասավանդումը արևմտյան համալսարաններում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ազդեցության ներքո, Էմիլիա Կուստովան պատասխանեց. «Սա ցնցեց շատերին, ովքեր ուսումնասիրում են խորհրդային և հետխորհրդային պատմությունը»։

«Հասկանում ենք, որ իրավիճակը գնալով սրվում է»

Ֆրանսիացի պատմաբան, Խորհրդային Միության պատմության ստալինյան շրջանի մասնագետ Նիկոլա Վերտը հիշում է, որ 1990-ականներին Ռուսաստանում կային պատմության տարբեր դասագրքեր, ներառյալ՝ նրա գրած «Խորհրդային պետության պատմությունը 1900-1991 թվականներին» գիրքը, որը թարգմանվել է ֆրանսերենից և հրատարակվել Ռուսաստանում, և այն նույնիսկ երաշխավորել էր Ռուսաստանի կրթության նախարարությունը:

«Այսինքն, դասագրքերի լայն տեսականի կար, բայց հիմա գիտենք, որ կա միայն մեկ դասագիրք, որը խմբագրվել է Մեդինսկու կողմից, և երբ դուք կարդում եք այդ երկհատորյակը՝ 10-11-րդ դասարանների համար, այնտեղ ընդամենը 6 տող է գրված «Գուլագի» մասին, 4 տող՝ 1931-1933 թվականների սովի մասին, և, իհարկե, մեծ, եզրափակիչ նյութ [Ուկրաինայի դեմ սանձազերծված] «Հատուկ ռազմական գործողության» մասին»,- նշում է Վերտը։

Ֆրանսիացի պատմաբանը ամփոփում է. «Հասկանում ենք, որ իրավիճակը գնալով սրվում է։ Լսում ենք Պուտինի սպառնալիքները արևմտյան երկրների հասցեին, որ եթե նրանք հրթիռներ տան [Կիևին], որոնք կխոցեն ռուսական տարածքները, ապա կհամարվի, որ ՆԱՏՕ-ի երկրները հարձակվել են Ռուսաստանի վրա։ Ցավոք, շատ վտանգավոր ժամանակաշրջան է»։

XS
SM
MD
LG