Մատչելի հղումներ

Ո՞ր հակամարտությունն է գերիշխելու ՄԱԿ-ի քննարկումներում՝ ուկրաինակա՞ն, թե՞ մերձավորարևելյան


ՄԱԿ
ՄԱԿ

Երկրների առաջնորդները հավաքվում են Նյու Յորքում, ուր մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան։ Ենթադրվում է, որ առանցքային թեմաներն են լինելու հակամարտությունները Գազայում, Սուդանում և Ուկրաինայում:

Այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անցնելու է աշխարհի տարբեր հատվածներում շարունակվող լայնածավալ ու տևական արյունահեղությունների ֆոնին:

«Ականատեսն ենք անվերահսկելի աշխարհաքաղաքական շարժերի և հակամարտությունների՝ Ուկրաինայում, Գազայում, Սուդանում և այլուր»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Շուտով կլրանա Գազայում ընթացող ռազմական գործողությունների մեկ տարին։ Սպանվել են ավելի քան 40 հազար պաղեստինցիներ։ Մի քանի տասնյակ իսրայելցիներ շարունակում են մնալ պատանդ պաղեստինցիների ձեռքում, սակայն հրադադարի ուղղությամբ առաջընթացը քիչ հավանական է թվում, նաև՝ ՄԱԿ-ի շրջանակում:

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ, այս պարագայում՝ «Համասը» և Իսրայելի վարչապետը, պատրաստվում են տևական պատերազմի ու հակամարտության»,- ասում է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի վերլուծաբան Ռանդա Սլիմը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, անշուշտ, իրենց ելույթներում կենտրոնանալու են Գազայի հակամարտության վրա։ Նրանց ելութները նախատեսված են հինգշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Նյու Յորքում սպասում են նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։

Ուկրաինայում պատերազմը շարունակվում է ավելի քան երկուսուկես տարի։ Խաղաղությանը հասնելը տակավին անորոշ է:

Երեքշաբթի նախատեսված է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, իսկ չորեքշաբթի ուկրաինական հարցը քննարկվելու է կազմակերպության Գլխավոր ասամբլեայում։ Խոսելու է Զելենսկին:

Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Ռիչարդ Գոուանն ասում է․ «Ուկրաինայի համար խնդիր է կանգնեցնելը Ռուսաստանի առաջխաղացումը Արևելյան Ուկրաինայում: Պատերազմի ապագան կորոշվի մարտի դաշտում, ոչ թե ՄԱԿ-ում»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Նյու Յորքում չեն սպասում։ Փոխարենը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կտեսնեն արտգործնախարար Սերգեյ Լավրովին։

Քննարկումների օրակարագում են լինելու նաև Սուդանում չմարող ռազմական գործողությունները։ Չնայած միջազգային բազմաթիվ նախաձեռնություններին, չի հաջողվում հրադադար հաստատել։ 17 ամիս տևած մարտերի հետևանքով տեղահանվել է ավելի քան 10 միլիոն մարդ, միլիոնավորները սովի են մատնվել:

Երկրների ղեկավարների շարքում համեմատաբար նոր դեմքեր են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր վերջին ելույթն է ունենալու ՄԱԿ-ում:

«Կարծում եմ՝ դեռ որոշակի ուշադրություն կա նրա գործունեության նկատմամբ, բայց կա նաև ափսոսանք, որ նա ՄԱԿ-ին հնարավորություն չտվեց ավելի մեծ դեր ստանձնել Գազայի պատերազմի առնչությամբ»,- ասում է Ռիչարդ Գոուանը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ երկու մահափորձերից հետո «Ամերիկայի ձայնը» հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ԱՄՆ իշխանությունները կարող են երաշխավորել ավելի քան 130 նախագահների և վարչապետների անվտանգությունը, ովքեր ժամանելու են Նյու Յորք։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն արձագանքել է. «Նյու Յորքում ամենուր ոստիկանություն կա: Դիվանագիտների անվտանգությամբ զբաղվող ստորաբաժանմանը աջակցում է [ԱՄՆ] Գաղտնի ծառայությունը՝ ապահովելու բոլոր այն պետությունների ղեկավարների անվտանգությունը, ովքեր կլինեն այստեղ»:

Սպասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կներկայացնի «Ապագայի գագաթնաժողով» տեսլականը, որի նպատակն է բարեփոխել ՄԱԿ-ը՝ նոր մարտահրավերներին դիմակայելու համար։

Անտոնիո Գուտերեշն ասել է․ «Մեր թոռների համար հարմար ապագա չենք կարող կերտել՝ մեր տատիկ-պապիկների ստեղծած համակարգերով»:

Սպասվում է նաև, որ երկրները կստորագրեն «Ապագայի համար» վերտառությամբ փաստաթուղթը:

XS
SM
MD
LG