Գերմանական ոստիկանությունը և սահմանապահները երկուշաբթի սկսեցին ստուգումներ իրականացնել երկրի բոլոր ցամաքային սահմաններով ժամանող անձանց նկատմամբ: Իշխանությունների խոսքով՝ նախաձեռնության թիրախում ենթադրյալ անօրինական միգրանտներն են:
«Ցանկանում ենք նվազագույնի հասցնել երթևեկողների և ապրանքատար մեքենաների համար ստեղծված անհարմարությունները»,- ասում է Գերմանիայի դաշնային ոստիկանության խոսնակ Դիտեր Հաթը:
Գերմանիան, ինչպես հայտնի է, Եվրամիությունում գործող Շենգենյան գոտու մաս է։ Այդ գոտու անդամ-երկրները կարող են սահմանային ստուգումներ իրականացնել, եթե տվյալ պետության համար լուրջ վտանգ կա։
Your browser doesn’t support HTML5
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ներկայացմամբ՝ նման քայլն անհրաժեշտ է:
«[Միգրանտների] թիվը, ովքեր ապօրինի կերպով Գերմանիա են գալիս, չափազանց մեծ է»,- ասել է Շոլցը:
Գերմանիան ավելի քան մեկ միլիոն միգրանտ է ընդունել 2015 թվականին՝ «արաբական գարնան» հետևանքով: 2022 թվականից ի վեր՝ նաև ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի փախստականների է հյուրընկալել:
Նման ներհոսքը լուրջ դժգոհություն է առաջ բերել գերմանացի ընտրողների մի մասի շրջանում՝ նպաստելով ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության վերելքին, որն, օրինակ, ցնցող հաղթանակ տարավ վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Ինչևէ, Գերմանիայի բազմաթիվ հարևան-պետություններ չեն թաքցնում իրենց դժգոհությունը սահմանային ստուգումների կապակցությամբ:
«Կասկած չունեմ, որ Գերմանիայում ներքաղաքական իրավիճակն է պատճառը, որ նման քայլեր են իրագործվել, և ոչ թե մեր քաղաքականությունը՝ անօրինական ներգաղթի հարցում»,- ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
Վերլուծաբան Ռաֆայել Բոսոնգի խոսքով՝ սահմանային նման ստուգումները երկարաժամկետ հեռանկարում կարող են խաթարել ԵՄ միասնությունը։
«Այն կարող է խորացնել փոխադարձ մեղադրանքների միտումը, նպաստել ծայրահեղ աջերի և եվրասկեպտիկների վերելքին։ Մենք չգիտենք, թե որտեղ կհայտնվենք այդ պարագայում»,- նշում է Միջազգային և անվտանգության հարցերով գերմանական ինստիտուտի վերլուծաբան Ռաֆայել Բոսոնգը:
Նշենք նաև՝ զուգահեռաբար Գերմանիան ակտիվացրել է մերժված ապաստան հայցողների արտաքսումը երկրից։ Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք այս միջոցները կազդեն ապօրինի ներգաղթի վրա:
Գերմանիայի կառավարության մի պաշտոնյա վերջերս նշել էր, թե Բեռլինը կարող է համաձայնության գալ Ռուանդայի հետ՝ ապաստան հայցողներին այնտեղ ուղարկելու համար: Մեծ Բրիտանիան հուլիսին հրաժարվեց նմանատիպ ծրագրից: