Մատչելի հղումներ

Պատերազմն Ուկրաինայում և Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը


ԱՄՆ-ն ու եվրոպական երկները ներկայացնող փորձագետները և նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ քննարկել են Ուկրաինայում ընթացող պատերազմի զարգացումն ու ազդեցությունը անդրատլանտյան անվտանգության վրա:

Այս հուլիսին Վաշինգտոնում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի ժամանակ դաշինքի անդամ-երկրները կնշեն ալյանսի ստեղծման 75-ամյակը, և, միանշանակ, աշխարհի ուշադրության կենտրոնում են լինելու այնտեղ կայացվելիք որոշումները։

ՆԱՏՕ-ի նախորդ տարվա՝ վիլնյուսյան գագաթնաժողովը լի էր հույսերով, թե Ուկրաինան արդեն այս տարի՝ Վաշինգտոնում դաշինքին միանալու առաջարկ կստանա։

Սակայն այս ընթացքում ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան։ Գրեթե կես տարով ձգձգվեց Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան աջակցության տրամադրումը՝ մինչև այս ապրիլ։ Մինչդեռ, ռուսական ուժերը շարունակում էին իրենց գրոհներն ուկրաինական ճակատներում, Կրեմլը կազմակերպում էր ազդեցություն գործող արշավներ Եվրոպայում և փորձում էր ապակայունացնել միջազգային շուկաները, ներառյալ՝ պարենային ապրանքների շուկան:

Այս տարվա գագաթնաժողովն անցնելու է կարևոր ժամանակահատվածում, երբ Եվրոպայում ընթացող պատերազմը կարծես մուտք է գործել վճռական փուլ։

Գաղտնիք չէ, որ Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմը ոչ միայն ուղղված է Կիևի ինքնիշխանության ոչնչացմանը, այլև սպառնում է հարակից բազմաթիվ երկրներին ու միտված է խաթարել ՆԱՏՕ-ի միասնությունը, սասանել ժողովրդավարությունը հատկապես Արևելյան Եվրոպայում և հարվածել անդրատլանտյան անվտանգությանը:

Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի հրավիրած համաժողովին ներկա էին ԱՄՆ անվտանգային ու արտաքին քաղաքականության ոլորտների համար պատասխանատու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, եվրոպական կառավարությունների գործող անդամներ և առաջատար փորձագետներ՝ քննարկելու Ռուսաստանի և նրա դաշնակիցների ներկայացրած սպառնալիքը ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և «հավաքական Արևմուտքին», ինչպես ասում են Մոսկվայում։

Պատերազմն Ուկրաինայում և Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
please wait

No media source currently available

0:00 0:15:24 0:00

Ի՞նչ եզրակացությունների պետք է հանգեն ու քայլեր ձեռնարկեն ԱՄՆ-ն և արևմտյան երկրները

ԱՄՆ Սենատում փոքրամասնության առաջնորդ, հանրապետական Միթչ ՄըքՔոնելը շեշտել է՝ «վերստին կարևոր է դարձել ուշադրություն դարձնել բռնապետական ռեժիմներից բխող սպառնալիքին»:

«Տեսնում ենք, որ Ռուսաստանի «նեո-խորհրդային» ագրեսիվ իմպերիալիզմը, Չինաստանի նախաձեռնած մրցվազքը՝ իր ազդեցության գոտին ընդլայնելու նպատակով, ուղեկցվում են բռնության աննախադեպ քարոզչությամբ՝ մարտահրավեր նետելով աշխարհակարգին ու միջազգային համակարգին։ Պետք է Ուկրաինային զինենք հաղթանակի գործիքներով, ոչ թե պարզապես պարտությունից խուսափելու համար։ Ահա թե ինչու, տարիներ շարունակ կոչ եմ արել [ԱՄՆ] նախագահին և Կոնգրեսի գործընկերներին սկսել ավելի հետևողական ներդրումներ կատարել «կոշտ ուժի» և արդյունաբերության մեջ, որոնք մեզ անհրաժեշտ կլինեն երկարաժամկետ ռազմավարական մրցակցության համար՝ բռնապետական վարչակարգերի հետ»,- ասել է ՄըքՔոնելը:

Դիմելով ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակից-երկրների ներկայացուցիչներին՝ հանրապետական գործիչը նշել է, թե նրանք, ովքեր «հավաքական պաշտպանությունը դեռ ընկալում են որպես սոսկ լրացուցիչ միջոցների հատկացում, չեն գիտակցում իրականությունը»:

«Այս ամռանը՝ [վաշինգտոնյան գագաթնաժողովում] պետք է հասնենք ընդհանուր ըմբռնման, որ պաշտպանության վրա ՀՆԱ-ի 2%-ը ծախսելը չի կարող վերջնական նպատակ լինել: Այն պետք է լինի մեկնարկային կետ, որտեղից մենք կշարունակենք կառուցել ՆԱՏՕ-ն՝ մարդկության պատմության մեջ ամենահաջող ռազմական դաշինքը»,- շարունակել է ՄըքՔոնելը:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը համոզմունք է հայտնել՝ «Ռուսաստանի հաղթանակը չի կարելի թույլ տալ, որովհետև եվրոպացիներն այլևս անվտանգ չեն լինի»:

«Շարունակել աջակցել Ուկրաինային՝ նշանակում է հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից։ Սա նշանակում է, որ Ուկրաինան կկարողանա Ռուսաստանին դուրս մղել իր տարածքից, իսկ Ռուսաստանը, ի վերջո, կպարտվի։ Սա նշանակում է ակտիվացնել մեր ջանքերը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ստանալ։ Փաստն այն է, որ Արևմուտքը բավականաչափ ծախսեր չի կատարում պաշտպանության ուղղությամբ, հատկապես՝ եվրոպական երկրները բավարար չեն ծախսում պաշտպանության վրա։ Մեծ Բրիտանիայում այժմ ավելացնում ենք պաշտպանական ծախսերը [մեր ՀՆԱ-ի] մինչև 2․5%-ը: Բայց կցանկանայի, որ բոլորս կարողանայինք առաջ շարժվել: Կցանկանայի տեսնել, որ ՆԱՏՕ-ի անդամներն իրենց ՀՆԱ-ի առնվազն 3%-ը ծախսում են պաշտպանության վրա: Ուկրաինան ցույց է տվել ազատության և ժողովրդավարության համար պայքարելու իր վճռականությունը։ Նրանք ազատության [համար պայքարի] առաջին գծում են։ Այդ իսկ պատճառով ցանկանում եմ, որ Ուկրաինան հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ, որպեսզի մենք կարողանանք միասին աշխատել և հավաքական կերպով պաշտպանել մեզ և մյուսներին՝ բռնապետական ռեժիմների հետագա սպառնալիքներից»,- ասել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը։

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ուեսլի Քլարկը առաջարկել է տեղի ունեցողին հայացք նետել «պատմական բարձրությունից»։

«Սա կարող է լինել մեր վերջին հնարավորությունը․ [ՆԱՏՕ-ի գալիք] գագաթնաժողովն օգտագործել՝ Ուկրաինայում ռուսական հետագա գործողությունները զսպելու համար։ Պետք է ուղի հարթենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար, և հիմա՝ ոչ թե երբ նրանք պատրաստ կլինեն կամ պատերազմը կանգ առնի, և սա կօգնի կայունացնել իրավիճակը»,- ասել է ամերիկացի գեներալը:


Առաջիկայում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն Միացյալ Նահանգները և Արևմուտքը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը խոսել է Ուկրաինայի անվտանգության և Կիևի եվրաատլանտյան ինտեգրացիայի մասին՝ ներկայացնելով շաբաթներ առաջ այդ թեմաոյվ պատրաստած զեկույցը, որի գլխավոր կետը մտորումներ են, թե «ինչ պետք է անեն Ուկրաինայի դաշնակիցները՝ պատերազմը կանգնեցնելու և կայուն խաղաղության հիմքեր դնելու համար»:

Ռասմուսենի խոսքով, «Արևմուտքի անվճռականության հետևանքով Ռուսաստանը որոշակի հաջողության է հասել մարտի դաշտում»:

«Նախորդ երկու տարիներին Ուկրաինայի դաշնակիցները շատ բան են հետաձգել։ [Արևմտյան երկրների ղեկավարները] մեկ տարի քննարկում էին ծանր մարտական տանկեր, հեռահար հրթիռներ և կործանիչ ավիացիա ուղարկելու հարցը: Մինչ նրանք տատանվում էին, Պուտինը գնաց սրացման։ Մենք պետք է արթնանանք, փոխենք մեր մոտեցումը։ Արևմտյան քաղաքական առաջնորդները պետք է հասկացնեն, որ աջակցում ենք Ուկրաինայի անվտանգության և ինքնիշխանության ապահովմանն ու այն անշրջելի է։ Հիմա՝ Պուտինը դեռ կասկածում է, որ դա այդպես է, և քանի դեռ չի կորցրել այդ հավատը, Ռուսաստանը կշարունակի պայքարել։ Ուկրաինայի դաշնակիցները պետք է քաջություն ունենան՝ փոխել Մոսկվայում առկա այդ պատկերացումը»,- ասել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն առաջարկություններ ուներ.

«Նախ՝ ՆԱՏՕ-ի ղեկավարները պետք է հրավեր ուղարկեն Ուկրաինային՝ սկսելու բանակցություններ դաշինքին միանալու վերաբերյալ՝ այս հուլիսին կայանալիք Վաշինգտոնի գագաթնաժողովում: Անդամակցության բանակցությունների սկիզբը չի նշանակում, որ Ուկրաինան մի գիշերում կմիանա ՆԱՏՕ-ին, բայց դա ազդանշան կուղարկի Պուտինին, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անխուսափելի է, և որ պատերազմը շարունակելն անհնար է: Երկրորդ՝ նրանք պետք է սահմանեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ամսաթիվ՝ ոչ ուշ, քան 2028 թվականի հուլիսը։ Ուկրաինան 20 տարի է ՆԱՏՕ-ի սպասասրահում է։ Սա սխալ էր։ Եվ երրորդը, պետք է միջոցներ ձեռնարկել ագրեսիան զսպելու և այն Ուկրաինայի համար բարենպաստ ավարտի հասցնելու համար»,- ասել է Ռասմուսենը:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ով մասնակցել է Ռասմուսենի զեկույցի մշակմանը, նշել է, թե «համաձայն է ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարի դիրքորոշման հետ»։

«Անդերսը խոսեց երկմտանքի մասին, և ես կարծում եմ, որ պետք է ավելի հեռուն գնանք: Պետք է խոսել առաջնահերթությունների մասին։ Ուկրաինային կարելի է հաղթել, բայց չի կարելի նվաճել։ Պատերազմը կարող է տևել տասնամյակներ։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, ասեմ, որ խորհրդային ուժերի և Ուկրաինական ապստամբական բանակի միջև վերջին մարտը տեղի ունեցավ 1960 թվականի ապրիլի 14-ին՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտից 15 տարի անց: Ռուսաստանը վերջերս սկսեց նոր հարձակողական գործողություն։ Ռուսաստանը կանգ չի առնելու։ Պետք է նրան միասին կանգնենցնենք»,- ասել է Երմակը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը ուշադրություն է հրավիրել հետևյալ թվերին՝ «թեև ՆԱՏՕ-ն տնտեսապես գերազանցում է Ռուսաստանին, և դաշինքի երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 25 անգամ գերազանցում է Ռուսաստանի տնտեսությանը, բայց ռուսական ռազմական արտադրանքը 5-10 անգամ ավելի էժան է»։

Մյուս կողմից, ըստ ուկրաինացի պաշտոնյայի, Ռուսաստանը «կարող է իր ՀՆԱ-ի 60%-ը ծախսել պատերազմի վրա։ Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը Արևմուտքի ընդհանուր ՀՆԱ-ի 0․2%-ից էլ պակաս է եղել, կամ տարեկան 72․8 միլիարդ դոլար։

«Պուտինը կրկին կարող է միջուկային շանտաժի դիմել, բայց պետք է մի բան հասկանաք Ռուսաստանի իշխանությունների մասին՝ մարդիկ, ովքեր պալատներ են կառուցում, շքեղ կյանք են վայելում և դրսում փողեր կուտակում, մարդիկ, որոնց երեխաները Ռուսաստանում չեն ապրում, չափազանց շատ են սիրում գեղեցիկ կյանքը, որպեսզի որոշեն վերջ տալ այդ ամենին»,- նշել է Երմակը։

Ուկրաինացի պաշտոնյան վստահ էր՝ Կիևին ՆԱՏՕ հրավիրելը կնշանակի ճանաչել «ուկրաինացիների խիզախությունն» ու ազատության համար նրանց մղած պայքարի կարևորությունը, քանի որ ուկրաինական բանակն այսօր «Եվրոպայի ամենամարտունակ բանակներից է, և, հավանաբար, աշխարհի հզոր բանակներից մեկը»։


Արդյո՞ք ուկրիանական պատերազմում Կրեմլն ունի այլ ծրագիր

Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստը, ով ներկայում Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի ավագ տնօրենն է, նշել է․ «Պուտինն ու իր թիմը չեն թաքցնում իրենց մտադրությունները։ Նրանք ցանկանում են առնվազն քաղաքական վերահսկողություն հաստատել Ուկրաինայի նկատմամբ, և նրանց ցանկությունները վերաբերում են նախկին Խորհրդային Միության ողջ տարածքին՝ 15 երկիր, որոնցից 3-ը ՆԱՏՕ-ի անդամ են: Եթե մենք ցանկանում ենք առաջ մղել Պուտինին, ապա պետք է թույլ տանք, որ նա հաղթի Ուկրաինայում»:

Նախկին դեսպանի կարծիքով, «2023 թվականին ուկրաինական հակահարձակման թույլ հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ արևմտյան երկրներն ըստ անհրաժեշտության չէին զինել Ուկրաինան»։


Արդյո՞ք ԱՄՆ և Արևմուտքի վճռականության պակասը կարող է խրախուսել աշխարհի տարբեր մասերում իշխող բռնապետերին

«Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, կդառնա հսկայական ռեսուրսների տեր, որոնցով կարող է շարունակել շարժվել դեպի Արևմուտք։ Իսկ ամերիկյան շահերին հասցված վնասը միայն Եվրոպայով չի սահմանափակվի»,- ընդգծել է Ջոն Հերբստը։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանին կհետևեն Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան»։

«Ահա թե ինչու, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թայվանի առաջնորդները պնդում են, որ Թայվանի նեղուցից Սի [Ծինփինին] հետ պահելու լավագույն միջոցը Պուտինին վճռական հարված հասցնելն է»,- ասել է Հերբստը։

Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ղեկավար Ալինա Պոլյակովայի խոսքով, «գլոբալ հետևանքները կարող են լինել ոչ միայն լայնածավալ, այլև՝ աներևակայելի վտանգավոր»:

Նա հիշեցրել է Ճապոնիայի վարչապետ ելույթը ԱՄՆ Կոնգրեսում, ում խոսքով, ԱՄՆ արևելյան դաշնակիցները չեն խոսում սոսկ Չինաստանի մասին, այլ՝ համաշխարհային քաղաքականության մեջ այլ առաջնահերթությունների առաջացման, եթե Ռուսաստանը հաղթի»:

«Ռուսները ծախսում են իրենց բյուջեի ավելի քան 50%-ը՝ զենքի և ռազմական տեխնիկայի վրա: Նրանք ավելի խորը և սերտ հարաբերություններ են ձևավորում Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հետ: Սա մի բան չէ, որը մենք կարող ենք անտեսել»,- ասել է Պոլյակովան։


Ինչո՞ւ է ռուսական ագրեսիան վտանգավոր նաև բալթյան երկրների համար

Լիտվայի Սեյմի անդամ, դեսպան Ժիգիմանտաս Պավիլիոնիսն քննադատել է ՆԱՏՕ-ի նախորդ՝ վիլնյուսյան գագաթնաժողովում ԱՄՆ մոտեցումը՝ ասելով, թե «տպավորություն էր, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը Հունգարիայի՝ [վարչապետ] Վիկտոր Օրբանի և Գերմանիայի [կանցլեր] Օլաֆ Շոլցի կողքին է»։

«Մի անգամ ականտես եղա, թե Գերմանիան ու Ֆրանսիան ինչպես արգելափակեցին Վրաստանի մուտքը ՆԱՏՕ։ Հետո ականտես եղա, թե ինչպես էին ռուսական զորքերը մխրճվում Վրաստան։ Ուստի, իմ ուղերձն է ամերիկացի ժողովրդին՝ դուք պատմական հնարավորություն ունեք: Կա՛մ Վաշինգտոնի գագաթնաժողովը դառնում է 1938 թվականի Մյունխենը, կամ դառնում է 1943 թվականի Կասաբլանկան, երբ ձեր առաջնորդները հանդիպեցին եվրոպացի առաջնորդների հետ, և որոշեցիք ոչնչացնել ագրեսորին»,- ասել է Պավիլիոնիսը:


Արդյո՞ք Ռուսաստանում հնչում է քննադատություն պուտինյան ռեժիմի և Ուկրաինայի պատերազմի դեմ

The Washington Post-ի նախկին խմբագիրներից Քրիստիան Քերիլը, ով աշխատել է Ռուսաստանում, հիշեցրել է, որ ռուսաստանյան «ընդդիմության ներկայացուցիչներն արդեն ստանում են ստալինյան պատժաչափեր՝ իշխանություններին քննադատելու համար։ Վլադիմիր Կարա-Մուրզան՝ 25 տարի, Իլյա Յաշինը՝ 8,5 տարի։ Ալեքսեյ Նավալնին, ով նույնպես երկարաժամկետ ազատազրկման էր դատապարտվել, մահացավ բանտում։

«Ներկայում, մոտ 20 հազար ռուսաստանցիներ բանտարկված են՝ պատերազմի դեմ հանդես գալու համար։ Բռնաճնշումը դառնում է առօրյա մի բան։ Բայց Պուտինը չի բավարարվում քննադատական ձայները երկրի ներսում ճնշելով: Նա հետապնդում է նաև արտերկրում բնակվող իր քննադատներին՝ երբեմն նրանց սպանելով»,- ասել է Քերիլը:

Միաժամանակ, Քրիստիան Քերիլը նշել է, թե «ռուսաստանցիներին բավականին արդյունավետ կերպով «թունավորել» են Կրեմլի քարոզչությամբ».

«Ուստի կարծում եմ, որ Պուտինի ժողովրդականությունը դեռ բավականին բարձր է բազմաթիվ ռուսաստանցիների շրջանում: Թեև, երբ խոսքը վերաբերում է պատերազմին, իրավիճակը մի փոքր ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից»,- կարծիք է հայտնել Քերիլը:


Ինչո՞ւ է սխալ այն տեսակետը, թե ԱՄՆ-ն «պետք է մի կողմ թողնի Ուկրաինան և կենտրոնանա Չինաստանի ուղղությամբ»

Ջոն Հերբստն հիշեցրել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը «սահմաններ չճանաչող գործընկերության մեջ են»։

«Չինաստանն աջակցում է Ռուսաստանին՝ ձեռք բերելով ռուսական նավն ու գազը։ Ռուսաստան են առաքում երկակի նշանակության տեխնոլոգիաներ, սակայն ուշադիր են, որպեսզի չանցնեն մեր «կարմիր գծերը»։ Չեն ցանկանում առճակատում մեզ հետ՝ հանուն Ռուսաստանի, բայց եթե Չինաստանը տեսնի, որ Արևմուտքը քաջություն չունի կանգնեցնելու Պուտինին Ուկրաինայում, կմտածի, որ չենք կարող այդ անել նաև Թայվանի նեղուցում»,- ասել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանը։


Ո՞րն է Ուկրաինայի հաղթանակի ճանապարհը

«Ցանկանում ենք նվազագույն կորուստներով հաղթել, քանի որ բոլորս շատ ենք տուժել։ Մեզ պետք է հաղթական ռազմավարություն, որը կերաշխավորի՝ այս պատերազմից հետո նոր ագրեսիայի չենք բախվի հինգ կամ տասը տարի անց, որպեսզի ժամանակ ունենանք՝ վերականգնվելու և պատրաստվելու հերթական փորձությանը»,- ասել է Ուկրաինայի պաշտպանական ռազմավարությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալինա Ֆրոլովան։

Լեհաստանում ԱՄՆ նախկին դեսպան Դենիել Ֆրիդի խոսքով, հաղթանակը «պետք է հստակ լինի», այլապես Կրեմլը նոր փորձեր կանի։

«Անցյալում առկա սխեմաների մեծ մասը չի գործում։ ՆԱՏՕ-ին [Ուկրաինայի] անդամակցությանն այլընտրանք չկա։ Չեմ տեսնում կենսունակ այլընտրանք»,- ասել է դիվանագետը։


Ի՞նչ նշանակություն ունեն Իսրայելը և Ուկրաինան ԱՄՆ համար

Ջոն Հերբստը հիշեցրել է, որ ի տարբերություն Ուկրաինայի, «ԱՄՆ-ն եղել է Իսրայելի կարևոր գործընկերը նրա գոյության ողջ ընթացքում և, իհարկե, 1970-ականների սկզբին՝ Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ»:

«Սակայն Եվրոպայում խաղադրույքները նույնքան մեծ են, որքան Մերձավոր Արևելքում։ Անգամ դրանք ավելի բարձր են, քանի որ Իսրայելի պարագայում մեր մատակարարած սպառազինության շնորհիվ այն կարող է հակահարված տալ Իրանին, եթե առճակատում լինի: Ուկրաինային անհրաժեշտ է ԱՄՆ և Եվրոպայի աջակցությունը, որպեսզի հաղթի Ռուսաստանին։ Իսկ եթե ագրեսիայի հետևանքով հաղթի աշխարհի միջուկային տերություններից մեկը, ապա համաշխարհային հետևանքները ահռելի կլինեն։ Այսինքն, կարևոր է նաև նշել, որ Եվրոպայում ագրեսորը միջուկային գերտերություն է»,- ասել է Հերբստը։


Ի՞նչն է լավատեսություն ներշնչում

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի աշխատակից Դեբրա Քեյգանի ներկայացմամբ լավատեսություն են ներշնչում «Ուկրաինա իրակաանացվող մատակարարումները», որպեսզի ուկրաինական զինուժը «առաջնագծում կարողանա անել այն, ինչ ցանկանում է»:

Դենիել Ֆրիդի կարծիքով, ուշադրության արժանի է «ռազմավարական խորը հարվածներ հասցնելու ուկրաինացիների ունակությունը, որը հատկապես արդյունավետ էր Ղրիմի ուղղությամբ»:

Ալինա Ֆրոլովայի ներկայացմամբ, ոգևորիչ է այն երկրների քաղաքականությունը, որոնք «աջակցում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի որոշումը»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի համոզմամբ, «փակուղում չենք, և հնարավոր է խուսափել պատերազմի սրացումից ու հաղթել»։

XS
SM
MD
LG