Մատչելի հղումներ

Միջուկային շանտաժը՝ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի գործիք


2024 թվականի մայիսի 21-ին ՌԴ պաշտպանության նախարարության կողմից հրապարակված այս լուսանկարը ցույց է տալիս, թե ինչպես են Ռուսաստանի հրթիռային ուժերը միջուկային զենքի տակտիկական զորավարժություններ անցկացնում երկրի հարավային ռազմական շրջանում:
2024 թվականի մայիսի 21-ին ՌԴ պաշտպանության նախարարության կողմից հրապարակված այս լուսանկարը ցույց է տալիս, թե ինչպես են Ռուսաստանի հրթիռային ուժերը միջուկային զենքի տակտիկական զորավարժություններ անցկացնում երկրի հարավային ռազմական շրջանում:

Փորձագետներն անդրադարձել են ռուսաստանյան ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություններին, ինչը, ըստ նրանց, Կրեմլի հերթական փորձն է՝ ուկրաինական հարցում ճնշում գործադրել արևմտյան երկրների նկատմամբ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի՝ մայիսի 22-ին, հայտարարել է ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների առաջին փուլի մեկնարկի մասին՝ ընդգծելով, թե զորավարժություններն իրականացվում են ի պատասխան Մոսկվայի հասցեին արևմտյան պաշտոնյաների կողմից արված «սադրիչ հայտարարությունների և սպառնալիքներ»:

Զորավարժությունների մասին հայտարարվել էր դեռ մայիսի 6-ին, և դրանք ընթանում են հարավային ռազմական օկրուգում։

Ըստ լրատվամիջոցների, զորավարժությունները յուրօրինակ արձագանք են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի խոսքերին, թե ՆԱՏՕ-ն չպետք է բացառի Ուկրաինայում զորքեր տեղակայելու հնարավորությունը, և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի հայտարարությանը, որ Ուկրաինան իրավունք ունի արևմտյան հրթիռներով թիրախավորել Ռուսաստանի տարածքը:

Ընդգծելով, որ զորավարժություններն անցկացվում են նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ՝ Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը տեղեկացրել է, որ դրանց շրջանակում կմշակվեն Искандер հրթիռային համալիրների կիրառման նոր մոտեցումներ։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Ռուսաստանի միջուկային ուժերի հետազոտման ժնևյան ծրագրի ղեկավար և ՄԱԿ-ի զինաթափման հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Պավել Պոդվիգը հիշեցնում է՝ այս զորավարժությունների մասին վաղուց էր հայտարարվել և այն սենսացիա չդարձավ, թեև Ռուսաստանն առաջին անգամն է նման զորավարժություններ անցկացնում՝ ի տարբերություն ռազմավարական միջուկային ուժերի։

«Սկզբում ենթադրվում էր, որ այն ուղերձ կլինի արևմտյան քաղաքական գործիչներին, ովքեր, Կրեմլի կարծիքով, անզգույշ հայտարարություններ են արել Ուկրաինայի պատերազմին իրենց զորքերի ներգրավման մասին։ Սա պետք է դիտարկել որպես խորհրդանշական քայլ։ Իհարկե, ամեն ինչ սպասելի է, բայց, իմ ընկալմամբ, սա պարզապես ստանդարտ ընթացակարգ է՝ միջուկային մարտագլխիկները կրիչների վրա տեղադրելու համար: Համոզված եմ, որ նման ընթացակարգեր պարբերաբար կիրառվում են։ Ընդհանրապես, նմանատիպ զորավարժություններում ոչ մի արտառոց բան չկա, բացի, իհարկե, այն մասով, որ դրանց մասին հայտարարվել է, և դրանք շատ կոնկրետ կապված են արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների հետ»,- ասում է Պոդվիգը։

Վերլուծաբանի կարծիքով, տեղի ունեցողն ուղղակի վտանգ չի ներկայացնում գլոբալ անվտանգությանը՝ խորհուրդ տալով այն դիտարկել ավելի շատ քաղաքական համատեքստում․ «Համատեքստն այստեղ, իհարկե, այնքան էլ լավ չէ։ Չեմ ասում, որ բոլորն այն հանգիստ ընկալեն։ Մյուս կողմից, պետք չէ չափազանցնել նման քայլերի կարևորությունը, թեև, իհարկե, չի կարելի նաև թերագնահատել։ Այստեղ կարևոր է ճիշտ արձագանքելը»։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության համաձայն, զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն նաև ավիացիոն զենքեր՝ «հատուկ մարտագլխիկներով», այդ թվում՝ Кинжал աերոբալիստական հիպերձայնային հրթիռները:

Արևմուտքում կարծիքները տարբեր են զորավարժությունների վերաբերյալ։

Պավել Պոդվիգն նշում է․ «Ոմանք ասում են, որ պետք է ուժեղացնենք մեր միջուկային զսպման ուժերը։ Մյուսները, թե այս զորավարժությունները պետք է ընդհանրապես անտեսվեն։ Ո՛չ, չպետք է անտեսեք: Սակայն սխալ է նաև սիմետրիկ բնույթի պատասխան գործողություններ իրականացնելը։ Արդեն ձևավորվել է դիրքորոշում, որը միավորել է տարբեր երկրների, թե միջուկային զենքի կիրառման սպառնալիքն անընդունելի է։ Բոլորը պետք է համախմբվեն այս թեզի շուրջ՝ ՆԱՏՕ-ից մինչև ընդլայնված Արևմուտք և գլոբալ հարավ, ներառյալ՝ Հնդկաստանն ու Չինաստանը: Այս դիրքորոշումը պետք է անընդհատ ընդգծել և ասել, որ միջուկային զենքն, ընդհանրապես, տեղ չունի ժամանակակից աշխարհում»։

Քուինսի համալսարանի միջազգային և պաշտպանական քաղաքականության կենտրոնի գիտաշխատող Մաքսիմ Սթարչակի խոսքով, զորավարժությունների նպատակը պարզ է՝ Ուկրաինա արևմտյան զորքեր մտցնելու հնարավորության մասին հայտարարությունները զայրացրել են Ռուսաստանին։

«Մի կողմից՝ նման զորավարժությունները միջուկային զսպման մեխանիզմ են։ Հետևաբար, դրանք կարելի է դիտարկել որպես պատասխան՝ Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու հնարավորության մասին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությանը։ Մյուս կողմից՝ սովորական զորավաժություն են»,- «Աներիկայի ձայնին» ասում է Սթարչակը։

Միաժամանակ, Մաքսիմ Սթարչակը նշում է, որ զորավարժությունների իրական սցենարը հայտնի չէ. «Արդեն ասվել է, որ ավելի ուշ՝ երկրորդ փուլում, կներգրավվեն բելառուս զինվորականները։ Այսպիսով, Ռուսաստանը ցույց է տալիս, որ Բելառուսը գտնվում է Ռուսաստանի միջուկային հովանու ներքո, և որ նա պատրաստվում է բելառուսներին սովորեցնել, թե ինչպես կառավարել միջուկային հրթիռները։ Եթե նախկինում Запад զորավարժություններում խաղարկվում էր Բելառուսի պաշտպանությունը միջուկային զենքով ապահովելու սցենար, ապա այժմ բելառուս զինվորականները պետք է վերապատրաստվեն միջուկային զենքերը վերահսկելու և, հնարավոր է, անմիջականորեն միջուկային մարտագլխիկների հետ գործ ունենալու համար: Սա նոր բաղադրիչ է։ Իրականում սա պատասխան է ՆԱՏՕ-ին, որի շրջանակում ոչ միջուկային երկրների՝ Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և այլ երկրների զինվորականները մասնակցում են ոչ ռազմավարական միջուկային զենքերով վարժանքներին»։

Փորձագետը հավելում է, որ Ուկրաինային միջուկային հարված հասցնելու իրական վտանգը դեռ քիչ հավանական է․ «Չնայած Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար [Սերգեյ] Ռյաբկովը վերջերս հայտարարեց, թե Ռուսաստանն այլևս «կարմիր գծեր» չի գծի, և միջուկային ոլորտում Արևմուտքին հայելային պատասխան կտա։ Սա նշանակում է, որ ապագայում ավելի շատ են լինելու նման զորավարժություններ։ Միջուկային զենք կրելու ունակ տարբեր հրթիռների ավելի շատ ուսումնական արձակումներ են իրականացվելու, և, հնարավոր է, միջուկային մարտագլխիկների կրիչները մոտեցնեն արևմտյան սահմաններին: Ընդհանուր առմամբ, միջուկային զինանոցն ավելի շատ կցուցադրվի: 1979-1985 թվականների՝ Աֆղանստան ներխուժումից հետո և մինչև Գորբաչովի իշխանության գալը, միջուկային զորավարժությոնները շատատեցել էին Եվրոպայում։ Այն ժամանակ միջուկային զորավարժություններն ավելի լայնածավալ էին»:

Մաքսիմ Սթարչակն ամփոփեց՝ հավանական է, որ Ռուսաստանը սովորական դարձնի նման զորավարժությունները, անգամ՝ ընդլայնի դրանց ծավալները և հետագայում զորավարժություններ անցկացնի Մոսկվայի և Լենինգրադի ռազմական շրջաններում։

Փոխարենը՝ Պոդվիգը դժվարացավ որոշակի կարծիք հայտնել այս առումով՝ Ուկրաինայի դեմ միջուկային զենքի օգտագործումը, դարձյալ, «չափազանց քիչ հավանական» համարելով։

Պավել Պոդվիգն եզրափակեց՝ պետք է համախմբել երկրներին, քաղաքական գործիչներին և միջազգային հանրությանը այն դիրքորոշման շուրջ, որ միջուկային զենքի կիրառման սպառնալիքն անընդունելի է։

XS
SM
MD
LG