Ռուսաստանը մտադիր է մոտ ապագայում զորավարժություններ անցկացնել՝ մարտավարական միջուկային զենքի կիրառմամբ՝ այս մասին հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը․ «Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրությամբ՝ պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ գլխավոր շտաբը նախապատրաստական աշխատանքներ է սկսել՝ մոտ ապագայում Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումների, օդուժի, ինչպես նաև ռազմածովային ուժերի ներգրավմամբ զորավարժություններ անցկացնելու համար»։
Այնուհետև կարդում ենք․ «Զորավարժությունների նպատակն է մարտավարական միջուկային զենքի համար պատասխանատու ստորաբաժանումների և տեխնիկայի պատրաստության ապահովումը՝ երաշխավորելու Ռուսաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ արևմտյան առանձին պաշտոնյաների սադրիչ հայտարարությունների ու սպառնալիքների»:
Ռուսաստանի հարավ-արևմտյան նահագներից զատ, Հարավային ռազմական օկրուգը ներառում է նաև բռնազավթված Ղրիմը և Ուկրաինայի հարավ-արևելյան՝ Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները։
Հատկանշական է, որ ռուսական բանակն առաջին անգամն է նման վարժանքներ անցկացնում Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։
Մարտավարական միջուկային զենքը միջուկային մարտագլխիկով, համեմատաբար, փոքր հեռահարություն ունցող հրթիռներ են (ոչ ռազմավարական, ոչ միջմայրցամաքային հրթիռներ) և ունեն սահմանափակ հզորություն, քան նույն՝ ռազմավարական միջուկային սպառազինությունն է։ Օրինակ, մի քանի կիլոտոննա։
BBC-ի համաձայն. «Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տվյալներով, Ռուսաստանն ունի 5 977 միջուկային մարտագլխիկ։ Սակայն այդ թիվը ներառում է մոտ մեկուկես հազար մարտագլխիկ, որոնք արդեն ապամոնտաժվել են և ենթակա են ոչնչացման։ Մնացած մոտ 4 500-ի մեծ մասը ռազմավարական միջուկային զենք է։ Այսինքն, միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հեռահար հարվածներ հասցնել մոլորակի տարբեր անկյուններում: Հենց այդ սպառազինությունն է համարվում միջուկային պատերազմի զենք»։
«Ամերիկայի ձայնը» դիմել է ռազմական փորձագետներին՝ առաջարկելով գնահատել մարտավարական միջուկային զենքի կիրառմամբ ռուսական առաջիկա զորավարժությունները։
«Եթե Ուկրաինայի դեմ միջուկային զենք օգտագործվի, էլ չասած՝ Եվրամիության երկրների մասին, պատասխան հարված կլինի»
Չեխիայի Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի անդամ, պրոֆեսոր Յուրի Ֆեդորովը նշում է՝ Կրեմլը որպես լուրջ սպառնալիք ընկալեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունը՝ Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու հնարավորության մասին․ «Մոտենում ենք կարևոր կետի՝ կա՛մ ռազմական բախման մեջ մտնել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի հետ, կա՛մ դադարեցնել Կիևի դեմ իրականացվող հարձակողական գործողությունները։ Առաջինը հղի է միջուկային պատերազմով, քանի որ Ռուսաստանը խուսափում է պատերազմել լավ զինված ու պատրաստված արևմտյան բանակների դեմ։ Իսկ եթե դադարեցնի ռազմակայն գործողությունները, ուրեմն պետք է ընդունի պարտությունը։ Թերևս, [Կրեմլում] երկար են մտածել, թե ինչ անել։ Սկզբում [Ֆրանսիայի նախագահի խոսքերը] ընդունեցին անգամ հեգնանքով, թե Մակրոնն ինչպես է կռվելու։ Բայց հետո հասկացան, որ գործը բավականին լուրջ է, և դրան կարող են մասնակցել ոչ միայն Ֆրանսիան, այլև Ռուսաստանի սպառնալիքներից մտահոգ այլ երկրներ՝ Լեհաստանը, բալթյան պետությունները»։
Ըստ փորձագետի, նման հեռանկարը Մոսկվայում անցանկալի են համարում, ուստի
Կրեմլը որոշեց ևս մեկ անգամ Արևմուտքին ի ցույց դնել իր միջուկային կարողությունները, սակայն Մոսկվայում գերադասում են լռել կարևորի մասին՝ միջուկային հարվածի դեպքում նմանատիպ պատասխան կստանան։
Ռուսաստանյան պետական լրատվամիջոցները հիշեցնում են՝ մարտավարական միջուկային զենքն ունի սակավ հզորություն և նախատեսված է կիրառել ռազմաճակատում, հակառակորդի թիկունքում՝ վերջինիս թիրախների, կուտակումների ոչնչացման համար:
«Ամերիկայի ձայնը» հետաքրքրվել է Յուրի Ֆեդորովից՝ արդյո՞ք մարտավարական միջուկային զենքի կիրառման դեպքում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները չեն ենթարկվի ռադիացիոն ազդեցության։
Ֆեդորովի ներկայացմամբ, ռուսաստանյան լրատվամիջոցներից հնչող պնդումները, թե մարտավարական միջուկային զենքը վտանգ չի ներկայացնի ռուսական բնակավայրերին, կեղծիք են․ «Ինչ վերաբերում է ռադիոակտիվ աղտոտմանը, ապա ամեն ինչ կախված է միջուկային մարտագլխիկի հզորությունից։ Բայց եթե Ուկրաինայի դեմ միջուկային զենք օգտագործվի, էլ չասած՝ Եվրամիության երկրների մասին, պատասխան հարված կլինի։ Ի լրումն, Ռուսաստանին կարող է կանխարգելիչ հարված հասցվել։ Օրինակ, Ֆրանսիայի միջուկային ռազմավարությունը ներառում է միջուկային զենքի կանխարգելիչ օգտագործում։ Ճիշտ է, այն չի հանգեցնի հակառակորդի համար կործանարար հարվածի, բայց, այնուամենայնիվ, բավականին լուրջ վնասներ կպատճառի։ Այսինքն, կարճ ասած, ֆրանսիական հրթիռները կարող են մեկ տասնյակ համեմատաբար փոքր միջուկային մարտագլխիկներ հասցնել Ռուսաստանի տարածք, ուր դրանք կպայթեն»։
Փորձագետն ամփոփեց․ «Ռուսաստանի համար ռիսկը շատ մեծ է»։
«Միջուկային զենքի հետ խաղը չի կարող բարելավել անվտանգությունը»
Նախորդ օրերին Ռուսաստանն ու Բելառուսը հանդես եկան Լիտվային ուղղված սպառնալից հայտարարություններով՝ Լենինգրադի մարզում իբր «լիտվացի դիվերսանտի հայտնաբերման», «Մինսկի ուղղությամբ լիտվական անօդաչուների հարձակումը հետ մղելու» և այլ մեղադրանքների հիման վրա։
Լիտվայի հատուկ նշանակության ուժերի պահեստազորի սպա, Հասարակության տեղեկատվական անվտանգության գործակալության ղեկավար Աուրիմաս Նավիսի խոսքով, նման թիրախավորումները, ինչպես նաև Ռուսաստանի կողմից իրականացվող և մարտավարական միջուկային զենքի ներգրավմամբ զորավարժությունները, վկայում են, որ Կրեմլը ձգտոմ է սրել իրավիճակը Արևելյան Եվրոպայում։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Նավիսն անդրադարձավ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հայտնի հայտարարությանը, թե Ուկրաինան իրավունք ունի կիրառել Լոնդոնի տրամադրած սպառազինույթունը՝ Ռուսաստանի տարածքում թիրախներ խոցելու համար, և որ այդ որոշումը Կիևի իրավասության ներքո է։
«Մեր կարծիքով, [ուկրաինական կողմն է] որոշում, թե ինչպես օգտագործել մատակարարվող զենքերը։ Նրանք պաշտպանում են իրենց երկիրը։ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, և Ուկրաինան իրավունք ունի պատասխան հարված հասցնել Ռուսաստանին»,- մայիսի 2-ին Կիևում հայտարարել էր Քեմերոնը:
«Իհարկե, չեմ կարող չկապել Ռուսաստանի միջուկային շանտաժը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունների հետ, թե իր երկիրը պատրաստ է զինվորականներ ուղարկել Ուկրաինա, եթե Կիևը խնդրի»,- ասել է լիտվացի ռազմական փորձագետը:
Ըստ Աուրիմաս Նավիսի, Կրեմլը միջուկային շանտաժն օգտագործում է արևմտյան երկրներին զսպելու նպատակով։ Նման խոսույթ ուներ Վլադիմիր Ժիրինովսկին։ Ուկրաինա ներխուժելուց հետո այն սկսել է օգտագործել Պուտինը, բայց այդ առումով հատկապես ակտիվ է Ռուսաստանի նախկին նախագահ, երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Օրինակ, 2022 թվականի սեպտեմբերի 23-ին նա իր Telegram-յան ալիքում գրեց, թե «Ռուսաստանն իրավունք ունի, անհրաժեշտության դեպքում, միջուկային զենք կիրառել»։
Լիտվացի փորձագետի ներկայացմամբ, Կրեմլի շանտաժը որոշ չափով հաջող է, քանզի Արևմուտքում մտահոգված են Ռուսաստանի հնարավոր փլուզումից․ «Արևմտյան երկրները կարծում են, որ եթե Ռուսաստանը քայքայվի, ապա միջուկային զենքը կարող է ընկնել ոչ միայն ինքնավար հանրապետությունների ղեկավարների ձեռքը, որոնք այժմ Ռուսաստանի մաս են կազմում, այլև հայտնվել ահաբեկիչների մոտ»։
Նավիսի կարծիքով, այդուհանդերձ Մոսկվայում եկել են այն մտքին, որ արևմտյան երկրներում այլևս չեն համարում, որ Կրեմլի միջուկային շանտաժը յուրօրինակ «կարմիր գիծ» է, որ չպետք է անցնել։
Այս տարվա ապրիլին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարեց, որ Վարշավան պատրաստ է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ միջուկային զենք: Ի պատասխան՝ Մոսկվան սպառնաց, թե նման զինատեսակներով պահեստները կդառնան «ոչնչացման ենթակա օրինական թիրախ»։
Մեկնաբանելով այս հայտարարությունները՝ Աուրիմաս Նավիսն ասաց․ «Կարծում եմ, որ միջուկային զենքն այն իրական «կարմիր գիծն» է, որը չեն անցնի ո՛չ ՆԱՏՕ-ի երկրները, ո՛չ Ռուսաստանը, որովհետև բոլորը հասկանում են, թե ինչ կլինի հետո։ Բառախաղ կարելի է անել, բայց միջուկային զենքի հետ խաղալ՝ ոչ»։