Գազայի հատվածի հարավում ընկած Ռաֆահում լարված մթնոլորտ է․ չնայած ամերիկյան առարկությանը, Իսրայելը հայտարարել է բազմամարդ քաղաքում ցամաքային գործողություններ ձեռնարկելու ծրագրի մասին։
Լարված մթնոլորոտ է նաև ԱՄՆ մայրաքաղաքում՝ Իսրայելի ու «Համասի» միջև զինդադարի շուրջ բանակցությունների ֆոնին։ Կարծես, կողմերը մոտ են համաձայնությանը։ Զուգահեռաբար՝ երկուշաբթի Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հյուրընկալել է Հորդանանի թագավորին՝ քննարկելով մերձավորարևելյան հակամարտությունը։ Բայդենը հեռախոսազանգով խնդիրը քննարկել է նաև Իսրայելի վարչապետի հետ։
Սպիտակ տունը հայտարարել է, թե ԱՄՆ նպատակները հստակ են։
«Ցանկանում ենք ազատել պատանդներին: Ցանկանում ենք վեց շաբաթով հրադադար հաստատել. Ցանկանում ենք ավելացնել [Գազա առաքվող] մարդասիրական օգնության ծավալը, և այս ամբիոնից չէի ցանկանա հայտարարել մի բան, որը կվտանգեր [խաղաղության հասնելու] գործընթացը»,- ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Այս ամենի ֆոնին՝ Գազայում բնակիչները երկուշաբթի տոնում էին, որ «Համասն» իր համաձայնությունն է տվել զինադադարի հաստատման ուղղված Եգիպտոսի ու Կատարի առաջարկությանը: Թեև, օրինակ, ԱՄՆ պետքարտուղարությունում թերահավատ էին, որ հաջողվել է զինդադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել բոլոր կողմերի միջև։
«Զինադադարը հնարավոր է: Սեղանին առկա է առաջարկություն, որը ենթադրում է կրակի անհապաղ դադարեցում և պատանդների ազատ արձակում: Ինչ վերաբերում է «Համասի» պատասխանին, չեմ ցանկանում անդրադառնալ, քանի դեռ հնարավորություն չենք ունեցել խորապես քննել այն և խոսել այդ մասին տարածաշրջանի մեր գործընկերների հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը:
Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակը հորդորել է Ռաֆահի բնակիչներին լքել քաղաքը՝ ցամաքային գործողությունից առաջ:
«Ուսումնասիրում ենք յուրաքանչյուր պատասխան և պատասխանում ենք շատ լուրջ։ Անդրադառնում ենք բոլոր հնարավորություններին, որոնք կարող են պատանդներին տուն վերադարձնել։ Միևնույն ժամանակ, շարունակում ենք մեր գործողությունները Գազայի հատվածում և շարունակելու ենք նույն կերպ»,- ասել է Իսրայելի բանակի խոսնալ, դերծովակալ Դենիել Հագարին։
Այս ամենի ֆոնին ՄԱԿ-ն է իր մտահոգությունը հայտնել՝ Ռաֆահ հնարավոր ներխուժման կապակցությամբ:
«Ռազմական գործողությունների ցանկացած ընդլայնում, որը կհետևի Ռաֆահ լայնամասշտաբ ներխուժմանը, կհանգեցնի նրան, որ քաղաքի բնակիչներն ու այնտեղ ապրող տեղահանվածները կհատեն կրիտիկական կետը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Հայտնի է, որ Սպիտակ տունն իր մտահոգությունն է հայտնել Ռաֆահում խաղաղ բնակիչների ճակատագրի վերաբերյալ՝ երկուշաբթի քաղաքին հասցված օդային հարվածներից հետո:
«Կարևոր չէ՝ հրթիռներ են, թե արկեր. որոնք սպանում են անմեղ մարդկանց։ Դա լավ չէ: [ԱՄՆ] նախագահը հստակ կերպով ընդգծել է, որ չենք ցանկանում տեսնել Ռաֆահում այնպիսի գործողություններ, որոնք վտանգի տակ են դնում այնտեղ գտնվող միլիոն ու կես մարդկանց»,- ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Մինչդեռ, Գազայում կյանքն այսպիսին է՝ մարդիկ տառապում են ամեն օր։