Մատչելի հղումներ

Բայդենին ու Թրամփին մնացել է մոտ կես տարի՝ մինչ ընտրությունները


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն ու նախկին նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն ու նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

Շուրջ վեց ամիս է մնացել ԱՄՆ նախագահական ընտրություններին, և նոյեմբերին Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է ընտրեն, թե ով է ղեկավարելու Սպիտակ տունը հաջորդ չորս տարիներին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ու նախկին նախագահ Դոնալդ Թրամփին այդքան էլ շատ ժամանակ չի մնացել՝ համոզելու ամերիկացի ընտրողներին, որ հենց իրենք են արժանի աշխատել Սպիտակ տանը հետագա չորս տարիներին։

Մինչդ այդ, Թրամփը, սակայն, պետք է իր ժամանակի զգալի մասն անցկացնի դաշնային ու նահանգային դատարաններում՝ պատասխանելով չորս առանձին գործերով իրեն ուղղված մեղադրանքներին, որոնք վերաբերում են ԱՄՆ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության անօրինական պահպանմանը և իր իսկ հաշվապահական գրառումներում, ենթադրաբար, կեղծիքներ թույլ տալուն:

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետականների փաստացի թեկնածուն արձագանքում է, թե նման կերպ՝ դատավարություններով, դատախազները միջամտում են ընտրություններին։

«Ամեն ինչ օրինական էր։ Նրանք այդ անում են, քանի որ քաղաքականություն է: Նրանք ցանկանում են, որ Բայդենն ընտրվի։ Պատճառն այդ է»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Անկասկած, դատարաններում հայտնվելը Թրամփից թանկագին ժամանակ է խլում, սակայն նրա խոսքով, այդ ամենի արդյունքում ինքն ավելի հայտնի է դառնում ամերիկացի ընտրողների շրջանում:

«Սարսափելի բան է տեղի ունենում մեր երկրում: Հուսով եմ, նոյեմբերի 5-ը՝ մեր երկրի պատմության ամենակարևոր օրը՝ ընտրությունների օրը, կփոխի [իրավիճակը], քանի որ այս մարդիկ կործանում են մեր երկիրը»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը նախորդ անգամ Թրամփին առաջադրել էր երկրի նախագահի թեկնածու 2020 թվականին՝ Հյուսիսային Կարոլինայում տեղի ունեցած համագումարի ժամանակ։

Հանրապետականների այս տարվա համագումարը տեղի կունենա հուլիսին Վիսկոնսին նահանգում: Մինչ այդ, Թրամփը պետք է ընտրի փոխնախագահի թեկնածուին։ Ըստ տեղեկությունների, փոխնախագահի հավանական թեկնածուներն են՝ Ֆլորիդայից ընտրված սենատոր Մարկո Ռուբիոն, Օհայոն ներկայացնող սենատոր Ջեմյս Դևիդ Վենսը, Հարավային Կարոլինայից ընտրված սենատոր Թիմ Սքոթը և Ներկայացուցիչների տանը Նյու Յորքից անցած Էլիզ Ստեֆանիկը:

Անշուշտ, որպես գործող նախագահ Բայդենն առավելություն ունի ընտրողների ուշադրությունը գրավելու համար: Հատկապես վերջերս նկատելի են դառնում Սպիտակ տան ղեկավարի ավելի խիստ գրոհները Թրամփի ուղղությամբ:

«Մեր կառավարման տարիներին [երկրում] նոր գործարանների կառուցումն ավելի քան կրկնապատկվել է։ Մինչդեռ, Դոնալդ Թրամփը դեռ կարծում է, որ հողմաղացները քաղցկեղ են առաջացնում: Նա այդպես էլ ասաց. Ի դեպ, հիշո՞ւմ եք, երբ փորձում էր զբաղվել Covid-ով: Ասաց՝ մի քիչ սպիտակեցնող նյութ ներարկեք ձեր երակներ: Նա վրիպեց, և այդ ամենն իր անդրադարձն ունեցավ նրա մազերին»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը նախորդ անգամ Բայդենին առաջադրել է երկրի նախագահի թեկնածու 2020 թվականին՝ Վիսկոնսին նահանգում տեղի ունեցած համագումարի ժամանակ: Դեմոկրատների այս տարվա համագումարը տեղի կունենա օգոստոսին՝ Իլինոյս նահանգում:

Երկրի փոխնախագահի պաշտոնի համար Բայդենը կրկին առաջադրել է ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսին, ով հատապես ակտիվ է աբորտ կատարելու իրավունքը պաշտպանելու հարցում:

«Դոնալդ Թրամփն այն նախագահն էր, ով չեղարկեց [աբորտ կատարելու իրավունքը]: Ջո Բայդենը կլինի այն նախագահը, ով կվերակագնի այն»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը:

Սպասվում է, որ այս նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ Բայդենն ու Թրամփը, այնուամենայնիվ, կհանդիպեն հեռուստաբանավեճի ժամանակ։ Երկուսն էլ հայտարարել են, թե պատրաստ են, թեև բանավեճի օրը տակավին նշանակված չէ։

XS
SM
MD
LG