Ուկրաինական բանակի առաջխաղացումը Ռուսաստանի Կուրսկի մարզում շարունակվում է, և Կրեմլը սկսել է այդ ուղղությամբ ռազմուժ կենտրոնացնել անգամ Կալինինգրադի մարզից։ Այս մասին, մասնավորապես, հայտնել է ռուսաստանյան այդ էքսկլավին սահմանակից Լիտվայի պաշտպանության նախարար Լաուրինաս Կաշյունասը՝ Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։
«Նկատել ենք, թե ինչպես են նրանք՝ [ռուսները] իրենց զորքերը տեղափոխում Կալինինգրադից Կուրսկ։ Լիտվացի ժողովրդին ասում եմ՝ տեսեք, թե ինչպես են ուկրաինացիները կռվում ձեզ համար, և նրանց պայքարի արդյունքում [Ռուսաստանը] զորքերը դուրս է բերում Կալինինգրադից։ Մենք սա անվանում ենք Կալինինգրադի «ապառազմականացում», որը տեղի է ունենում ձեր զինվորականների քաջության և ձեր որոշումների շնորհիվ»,- ասել է Կաշյունասը։
Ուկրաինայի ազգային գվարդիայի պահեստազորի մայոր, ռուս-ուկրաինական պատերազմի վետերան Ալեքսեյ Գետմանը Charter97.org կայքի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Կիևը մտադիր չէ բռնակցել ռուսաստանյան շրջանները
«Մեր զորքերը գտնվում են [Ռուսաստանի] Կուրսկի մարզի տարածքում, սակայն արդեն հայտարարվել է, որ բռնակցում չի լինելու։ Մենք հարգում ենք միջազգայնորեն ճանաչված սահմանները, այդ թվում՝ Ռուսաստանի։ Կուրսկի մարզում ռազմական գործողություն է։ Մենք գրոհել ենք Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները և շարունակելու ենք այդ անել։ Պատերազմում հաղթելուց հետո մենք դուրս ենք բերելու մեր զորքերը։ Ռուսաստանի տարածքի ոչ մի սանտիմետր մեզ հարկավոր չէ»,- ասել է Գետմանը։
«Ամերիկայի ձայնը» զրուցել է Ուկրաինայի, Բելառուսի և Իսրայելի ռազմական փորձագետների հետ՝ խնդրելով գնահատել զարգացումները ռուս-ուկրաինական պատերազմում։
«Ուկրաինական 14 բրիգադներն էլ համալրված են, այլապես չէինք սկսի Կուրսկի գործողությունը»
Ուկրաինացի ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Օլեգ Ժդանովի խոսքով՝ ուկրաինական զինուժի հաջող գործողությունը Կուրսկի մարզում որոշակի առումով կարելի է փոխհատուցում համարել՝ անցած ամառ ուկրաինական բանակի անհաջող հակահարձակմանը։
«Պատերազմի կանոններից է ռազմնական գործողությունները հնարավորինս թշնամու տարածք տեղափոխելը։ Իսկ այն հնարավոր դարձավ, քանի որ ավելի շատ սպառազինություն հայտնվեց Կիևի ձեռքին»,- ասել է Ժդանովը՝ ընդգծելով, որ ուկրաինական կողմի հաջողությունը մի զգալի մասով պայմանավորված է արևմտյան ժամանակակից զենքի առկայությամբ և թույլտվությամբ, որ այդ սպառազինությունը կիրառվի Ռուսաստանի տարածքում։
«[Այս] մայիսից ամերիկյան ռազմատեխնիկական օգնության ութ փաթեթ է փոխանցվել։ Եվրոպան նույնպես փորձում է հետ չմնալ. Գերմանիան զբաղեցնում է երկրորդ տեղը: Գումարած չեխական նախաձեռնությունը, որը շատ օգնեց, և այն զինամթերքի մատակարարման երկրորդ հոսքն է դարձել, ու ամսական ստանում ենք մինչև 100 հազար արկ։ Եթե հիմք ընդունենք նախագահ Զելենսկու խոսքերը, ապա նշանակում է, որ ուկրաինական 14 բրիգադներն էլ համալրված են, այլապես չէինք սկսի Կուրսկի գործողությունը»,- նշում է Ժդանովը։
Փորձագետն անդրադարձել է նաև Բելառուսում ընթացող զարգացումներին․ «Լուկաշենկոն ավելի խորամանկ է, քան Պուտինը։ Նա ավելի փորձառու քաղաքական գործիչ է։ Արդեն երկար տարիներ խաղում է «միութենական պետության» և Բելառուսի ինքնիշխանության միջև ու քթից բռնած տանում-բերում է Պուտինին։ Տեղեկատվական դղրդյուն սարքեց՝ զորքերը բերեց պատրաստության, հրամայեց զորամիավորումները տեղափոխել Ուկրաինայի հետ սահման, սակայն արդյունքում ոչ ոք ոչ մի տեղ չգնաց։ [Ուկրաինայի հետ սահմանին] վեց գումարտակ կա՝ մինչև 2 հազար հոգանոց։ Բոլորս գիտենք այդ մասին։ Այդ ուժերը ռոտացիա են լինում երեք ամիսը մեկ»։
«Ուկրաինական կողմի ծրագիրն է ընդարձակ տարածք գրավելը, բայց սահմանից շատ չհեռանալը»
Իսրայելի ոստիկանության նախկին սպա, The Peacemaker տելեգրամյան ալիքի հեղինակ Սերգեյ Միգդալը նույնպես մատնացույց է անում Ուկրաինային արևմտյան սպառազինության մատակարարման ու Կուրսկի մարզում ընթացող զարգացումների միջև կապին։
«Տեսնում ենք, որ Ուկրաինան ունի բավականաչափ զենք, զինամթերք, մեծ քանակությամբ տեխնիկա՝ առաջին հերթին զրահատեխնիկա և ինժեներական տեխնիկա։ Տանկերի շարասյուներ չկան, բայց դրանք այս պարագայում հարկավոր չեն։ Նկատելի է, որ այս հարձակումը Ուկրաինայի տարածքից ապահովված է հակաօդային պաշտպանության համակարգերով, ինչպես նաև տարբեր հրթիռային համալիրներով, այդ թվում՝ HIMARS-ով»,- ասել է Միգդալը։
Պատոերազմին բելառուսական բանակի մասնակցության հավանականության մասին իսրայելցի փորձագետը նշել է․ «Եթե, իրոք, նման որոշում լիներ, բելառուսական բանակը վաղուց կաներ։ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման հենց սկզբից Լուկաշենկոն պատրաստ էր ամեն ինչ անել իր «մեծ եղբորը» հաճոյանալու համար, բայց, այնուամենայնիվ, նա չի ցանկանում իր ոչ շատ մեծ բանակը տանել ուկրաինական մսաղաց»։
Ինչ վերաբերում է ուկրաինական զինուժի հետագա առաջխաղացմանը, ապա, ըստ Սերգեյ Միգդալի, շատ բան, բնականաբար, կախված է ռուսական կողմի դիմադրության կարողությունից․ «Իմ կարծիքով, ուկրաինական կողմի ծրագիրն է ընդարձակ տարածք գրավելը, բայց սահմանից շատ չհեռանալը»։
Ըստ Միգդալի, ուկրաինական առաջխաղացման դեմն առնելու համար Դոնեցկի ճակատից ռուսական 10-11 գումարտակ է տեղափոխվել Կուրսկի մարզ, ինչը, հասկանալի է, կթեթևացնի ուկրաինական ուժերի խնդիրը Դոնեցկում։
«Ամերիկայի ձայնի» հարցին, թե արդյոք Կուրսկի մարզում տեղի ունեցողը կարող է դրդել Արևմուտքին ընդլայնել Կիևին ցուցաբերվող աջակցությունը, իսրայելցի փորձագետը արձագանքել է․ «Հետևանքները կարող են տարբեր լինել։ Օրինակ՝ սա վախեցնում է կանցլեր Շոլցին։ Ամերիկայում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Սենատորներ Լինդսի Գրեհեմը և Ռիչարդ Բլումենտալը հենց նոր վերադարձան Կիևից։ Նրանք կողմ են՝ ռուսներին պետք է հաղթել: Սակայն Սպիտակ տանը ոմանք այլ կարծիքի են, և եթե նրանք համաձայն են սենատորների հետ, Կիևին չէին տրամադրի միայն օգտագործված F-16-ներ։ Թեև ուկրաինական այս հարձակումը ոմանց ավելի վճռական գործողությունների կմղի, ովքեր կասկածում էին Ուկրաինային աջակցելու հարցում»:
«Լուկաշենկոն Ռուսաստանի ֆինանսական օգնության կարիքն ունի».
Բելառուսից ռազմական փորձագետ Սերգեյ Բուլբայի ներկայացմամբ՝ ուկրաինական բանակի հարձակումը Կուրսկի մարզում կարող է պատերազմում որոշակի առումով բեկում առաջացնել․ «Որքան գիտեմ՝ ուկրաինացի սպաների շրջանում գերիշխող կարծիքն այն է, թե Ռուսաստանը ներկայում ի վիճակի չէ ճակատ ուղարկել ժամանակակից զինտեխնիկա։ Այսօր տեղեկություն է հայտնվել, որ Պուտինը Լուկաշենկոյին խնդրել է լրացուցիչ սարքավորումներ մատակարարել, և եթե նախկինում բելառուսներն այդ մատակարարումները կատարում էին իրենց զինանոցներից, պահեստներից, ապա այսօր խոսակցություն է գնում ծառայության մեջ գտնվող տեխնիկայի մասին»։
Բուլբայի խոսքով՝ նշաններ կան Մինսկի և Մոսկվայի միջև խորացող տարաձայնությունների մասին, և պատճառներից մեկը կարող է լինել Լուկաշենկոյի ցանկությունը հաջորդ ամառ յոթերորդ անգամ առաջադրվել երկրի նախագահի աթոռի համար․ «Այդուհանդերձ, Լուկաշենկոն Ռուսաստանի ֆինանսական օգնության կարիքն ունի, քանի որ «բելառուսական տնտեսական հրաշքը» առանց ռուսական օգնության ուղղակի կարող է փլուզվել»,- ասել է Բուլբան։
Պատերազմին Բելառուսի հնարավոր ներգրավման մասին խոսել է նաև Ալեքսեյ Գետմանը՝ ընդգծելով, որ մարտական հարուստ փորձ ունեցող ուկրաինական բանակը շատ արագ մուտք կգործի Մինսկ․ «Մենք չենք գրավի Բելառուսը։ Պարզապես կկործանենք մեզ վրա հարձակված թշնամուն, և վերջ, որից հետո դուրս կբերենք մեր զորքերը [Բելառուսից]»: