Անցած շաբաթ ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին լայնածավալ գործողությունների մասին, որոնք ուղղված էին ամերիկյան տեղեկատվական դաշտում ռուսական պրոպագանդիստական ցանցի բացահայտմանը։
ԱՄՆ արդարադատության և ֆինանսների նախարարությունները, ու պետքարտուղարությունը միաժամանակ հայտարարեցին ռուսական փողերով ստեղծված և ռուսական պետական լրատվամիջոցների վարիչներից պատվերներ ստացող ընկերության բացահայտման մասին, որն իր հերթին վճարում էր հայտնի, աջկողմյան հայացքներ ունեցող և համացանցում ակտիվ անձանց՝ Կրեմլի շահերից բխող նարատիվներ՝ պատումներ տարածելու համար։
Պարզվեց՝ միլիոնավոր դոլարներ են հոսել ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ամերիկյան հասարակության ներսում խորացնելու տարաձայնությունները, պառակտում սերմանելու համար, և այդ ողջ արշավի հետևում կանգնած է եղել ռուսական պետական RT հեռուստաընկերությունը, որի մի քանի աշխատակիցներին, այդ թվում՝ Կրեմլի խոսափողը համարվող այդ լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել։
Սիմոնյանը փորձել է հեգնել, և ի պատասխան հրապարակումներից մեկի, որտեղ նրան անվանել են «կրեմլյան քարոզչության թագուհի», սոցցանցերից մեկում գրել է, թե «ընկեր բուրժուաները» փորձում են «իր փառամնոլությունը սնուցել ֆասթ ֆուդով»։
RT-ի գլխավոր խմբագրի ենթակաները որոշել են հետ չմնալ իրենց ղեկավարից։ Օրինակ՝ RT-ում Սիմոնյանի տեղակալ Աննա Բելկինան, դարձյալ սոցհարթակներից մեկում, գրել է․ «Կյանքում կա երեք անխուսափելի բան՝ մահը, հարկերն ու RT-ի միջամտությունը ամերիկյան ընտրություններին»։
Սակայն, փաստն այն է, որ ԱՄՆ-ում գործող Մոսկվայի քարոզչական ցանցը բացահայտվել է, և այն ռեսուրսներն ու ժանանակ, որն ուղղվել էին նրա ստեղծմանը, դժվար թե այլևս արդյունք տան։
«2016-ի հետ համեմատած տարբերությունը մեծ է»
Թվային տարածքում ռուսական իշխանությունների գործողություններն ուսումնասիրող ամերիկացի առաջատար փորձագետներից մեկը՝ Ատլանտյան խորհրդի Թվային քրեագիտական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Էմերսոն Բրուքինգը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծել է, որ Կրեմլի կիրառած մոտեցումները էապես տարբերվում են 2016 թվականի մարտավարությունից։
«2016-ի հետ համեմատած տարբերությունը մեծ է։ Այն ժամանակ ռուսական միջամտությունն իրականացվում էր հիմնականում Ինտերնետ հետազոտությունների գործակալության և Ռուսաստանի կառավարության վարձակալած այլ՝ նմանատիպ խմբերի միջոցով, բայց նրանք հիմնականում գործում էին որպես մարքեթինգային գործակալություններ: Այժմ գիտենք, որ RT-ն և նրա կապալառուները, որոնց գործունեությունն ուղղված էր Միացյալ Նահանգների դեմ, աշխատել են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ուղղակի հրահանգով։ Նրանց գործունեությունը ավելի կենտրոնացված էր և ցանկանում էին հասնել որոշակի լսարանի և ազդել նրա վրա»,- ասում է Բրուքինգը:
Փորձագետի գնահատմամբ՝ դեռ վաղ է խոսել, թե ինչ ազդեցություն է կարողացել ունենալ Ռուսաստանի այդ գործողությունը, սակայն փաստն այն է, որ Կրեմլը «ավելի քան 10 միլիոն դոլար է ներդրել ամերիկյան աջակողմյան հայացքներ և [հանրային կարծիքի վրա] ազդեցություն ունեցող մարդկանց հետ իր աշխատանքի համար, որոնք ուղղակի գործել են ամերիկյան հանրության հետ»:
«Նախորդ գործողությունների ժամանակ Ռուսաստանը դժվարանում էր լսարան գտնել սեփական տեղեկատվության համար՝ նույնիսկ զգալի ռեսուրսներ ներդնելուց հետո: Այս անգամ այլ էր։ Ռուսաստանի կողմից վճարվող մարդիկ ԱՄՆ-ում արդեն ունեին միլիոնավոր բաժանորդներից կազմված լսարան, նրանց գրառումներն արդեն տասնյակ միլիոնավոր դիտումներ ունեին»,- ասում է Էմերսոն Բրուքինգը։
Ներամերիկյան բանավեճում ռուսական պրոպագանդայի նման տարածումը, թե իբր գործ ունենք ամերիկյան աջակողմյան հայացքների հետ, նոր և վտանգավոր միջոց է՝ կարծում է պրոպագանդային դեմ պայքարի հարցերով մասնագետ, ԱՄՆ-ում The German Marshall Fund-ի ներկայացուցիչ Բրետ Շաֆերը։
«Մոսկվան վճարել է Թենեսիում տեղակայված մեդիա ընկերությանը, ինչը նրանց թույլ է տվել ցանկացած պահի իրենց ուզած պատմությունը նետել ամերիկյան տեղեկատվական դաշտ: Օրինակ, երբ ծագեց մի թեմա, որն առնչվում էր Ռուսաստանին՝ այս տարվա ահաբեկչությունը Մոսկվայի մոտ, նրանք այս խողովակով հրապարակ նետեցին իրենց վարկածը, թե իբր ԱՄՆ-ն ու Ուկրաինան են պատասխանատու այդ ահաբեկչության համար»,- ասում է Շաֆերը՝ ընդգծելով, որ, փաստորեն, RT-ին խմբագրական հսկողություն ուներ ամերիկյան լրատվամիջոցների վրա։
«Ռուսաստանը չի կարող բաց ուղիներով ազդել ամերիկացիների վրա, ինչպես կարող էր 2016 թվականին։ Խոշոր մալուխային ցանցերի մեծ մասը հեռացրել են RT-ին, և այժմ RT-ն փորձում է ստեղծարար լինել՝ ձգտելով ավելի նուրբ ձևերով ազդել ամերիկացիների վրա»,- նշում է Բրետ Շաֆերը։
«Նրանց գործողությունների նպատակը անփոփոխ է»
Շաֆերը ընդգծում է՝ Կրեմլի գործողությունների նպատակը անփոփոխ է՝ քաոս սերմանել, պառակտել ամներիկյան հասարակությունը. «Ռուսաստանը քաոս է ստեղծում։ Նրանք Ամերիկան դարձնում են ավելի պառակտված և բևեռացված, և այդ պարագայում նրանք կարող են ասել, որ հաղթել են»:
Կիբեռսպառնալիքների դեմ պայքարի ալյանսի ղեկավար, Բարաք Օբամայի վարչակազմում կիբեռանվտանգության գծով գլխավոր պատասխանատու Մայքլ Դենիելը նույնպես փաստում է, որ 2016 թվականից ի վեր Միացյալ Նահանգներում Կրեմլի նպատակները չեն փոխվել։
«Նրանց կողմից առաջ մողվող ուղերձների բովանդակությունը մնում է նույնը։ Սոցմեդիայի և նոր լրատվամիջոցների միջոցով նրանք շարունակում են առաջ մղել մեր հասարակությունը պառակտող թեմաներ: Փորձում են խարխլել ԱՄՆ-ն որպես համակարգ, որպես պետություն։ Նրանց մեթոդները փոխվել են. ինչպես երևում է արդարադատության նախարարության հաղորդագրությունից, և նոր մոտեցումը ենաթադրում է հանրության շրջանում ազդեցություն ունեցող անձանց փողով ողողելը»,- ասում է Դենիելը, ում խոսքով քիչ հավանական է, որ Մոսկվայում կսահմանափակվեին միայն այս գործողությամբ։
Ըստ փորձագետի՝ Կրեմլի քայլերին նպաստում է այն հանգամանքը, որ ամերիկյան հասարակությունը խիստ բևեռացված է։
«Միացյալ Նահանգներում մարդիկ շատ տարաձայնություններ ունեն, և դա կարող է ստիպել նրանցից շատերին չտեսնել լայն պատկերը՝ կենտրոնանալով որոշ մանրամասների վրա և ուշադրություն չդարձնելով, թե ինչ մեծ պատկերի մաս են կազմում այդ դետալները: Եվ սա վերաբերում է ոչ միայն աջերին: Մենք կարող ենք մասամբ հակազդել դրան՝ կենտրոնանալով ուղիների վրա, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել տարաձայնությունները»,- ընդգծում է Մայքլ Դենիելը:
Կրեմլի ցանցի բացահայտումը կարևոր քայլ էր
Էմերսոն Բրուքինգը վստահ է՝ ԱՄՆ կառավարության հաջող գործողությունները լրջորեն նվազեցրել են Ռուսաստանի հնարավորությունները ներազդել ամերիկյան ընտրական գործընթացի վրա։։
«Հաշվի առնելով, թե ռուսական նման գործողությունների մասին ինչ է հայտնի ԱՄՆ-ին, ենթադրում եմ, որ [մեր] իշխանությունների համակարգված քայլերը ջրի երես են հանել ռուսական քարոզչական ցանցի մեծ մասը և, ամենայն հավանականությամբ, նորից նման բան կառուցելու համար որոշ ժամանակ կպահանջվի: Այն, որ Միացյալ Նահանգները հրապարակել է այդքան շատ տեղեկատվություն, բաց աղբյուրները հետազոտող ինձ նման մարդկանց համար մեծ հնարավորություն է առաջանում՝ ուսումնասիրել նման ցանցերն ու կապերը»,- ասում է Բրուքինգը:
Վաշինգտոնում գործող Համաշխարհային ժամանակակից խնդիրների ուսումնասիրման ինստիտուտի գործադիր տնօրեն Գրեգորի Ֆեյֆերը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ դեմ ուղղված Մոսկվայի պորպագանդիստական գործողությւոնների դեմն առելու գործում Բայդենի վարչակազմն ավելի վճռական է, քան նախորդները:
«Սպիտակ տանը լավ է հիշում, թե ինչ տեղի ունեցավ 2016 թվականին, երբ Բարաք Օբամայի վարչակազմը դանդաղ գործեց և չկարողացավ հակազդել ռուսական հաքերային հարձակումներին, մանիպուլյացիաներին, որոնք իրականացնում էր ռուսական կողմը՝ հօգուտ հանրապետականի և նրա թեկնածու Դոնալդ Թրամփի»,- նշում է Ֆեյֆերը։
Իր հերթին՝ Մայքլ Դենիելը վստահ է, որ ԱՄՆ իշխանություններն ու հասարակությունն այժմ ավելի պատրաստ են դիմակայել Ռուսաստանի քարոզչությանը, քան նախկինում էր։
«ԱՄՆ-ում թվային գրագիտության առումով առաջընթաց կա, թեև այն տեղի է ունենում դանդաղ: Տեսնում եմ, որ, օրինակ, իմ երեխաները առցանց բովանդակության բավականին բանիմաց սպառողներ են: Նրանք դրան մոտենում են քննադատորեն՝ հաճախ փորձելով պարզել, թե որն է կոնկրետ հաղորդագրության աղբյուրը և հաշվի առնելով այն փաստը, որ մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Սրանք այն հմտություններն են, որոնք պետք է լայնորեն զարգացնենք: Եվ իհարկե, ոչ միայն ԱՄՆ-ում։ Այն համաշխարհային խնդիր է»,- ընդգծում է Դենիելը։