Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և երկրի այլ շրջաններում մարդիկ անհանգիստ են ԱՄՆ ընտրությունների արդյունքների կապակցությամբ, թե ինչպես այն կազդի պատերազմից տուժած իրենց հայրենիքի վրա:
«Ակնկալում եմ, որ [ԱՄՆ] ապագա նախագահը մեզ կաջակցի՝ մեր քաղաքականությանն ու մեր վարած ռազմական գործողություններին»,- ասում է Կիևի բնակիչ Անհելինան:
Սակայն որոշ բնակիչներ, ինչպես օրինակ՝ Դմիտրոն, անհանգիստ են։
«Հետաքրքիր է, թե ով է հաղթելու, և ընդհանրապես՝ ի՞նչ քաղաքականություն է լինելու մեր երկրի նկատմամբ։ Սա ինձ հուզում է: Եվ Աստված տա, որ նրանք երկուսն էլ աջակցեն մեզ»,- ասում է նա:
Ամենից մեծ մտավախությունն այն է, որ ԱՄՆ նոր վարչակազմը կդադարեցնի աջակցությունը և կհրաժարվի Ուկրաինայից՝ ասում է քաղաքական վերլուծաբան Նիկոլայ Դավիդյուկը։
«Ժողովրդավարական երկիրը ավտոկրատիայի վերածելը իր հետ միլիոնավոր զոհեր կբերի: Եվ ահա, թե ինչից է վախենում մեր երկիրը»,- ասում է նա:
Երկուսուկես տարվա պատերազմից հետո Ուկրաինայում մարդիկ անհանգիստ են, թե Սպիտակ տան նոր վարչակազմը ինչ քաղաքականություն է վարելու Կիևի և Ռուսաստանի ագրեսիան դիմագրավելու հարցում:
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է արագ ավարտել պատերազմը, և շատերը մտահոգ են, որ դա նշանակում է հարկադրել Ուկրաինային ցավոտ զիջումների գնալ:
Միևնույն ժամանակ, ուկրաինացիները հիշում են՝ նախագահ Թրամփի օրոք էր, որ Վաշինգտոնը հավանություն է տվեց Կիևին ամերիկյան Javelin հակատանկային համակարգերի վաճառքին, որոնք զգալիորեն օգնեցին Ուկրաինային Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբում:
Մյուս կողմից, Թրամփին նախորդած դեմոկրատների՝ Օբամա-Բայդեն վարչակազմը մերժել էր Ուկրաինայի խնդրանքը նույնը զենքը վաճառել 2014 թվականին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ղրիմ և գրավեց արևելյան Ուկրաինայի Դոնեցկի շրջանի մեծ մասը:
Ինչևէ, ամեն դեպքում, ուկրաինացիները տարբեր կերպ են վերաբերվում Սպիտակ տուն Թրամփի հնարավոր վերադարձին:
«Թրամփն այնքան տարօրինակ մարդ է։ Տարօրինակ մտքեր ունի»,- ասում է Կիևի բնակիչ Սվիտլանան:
Մյուսները, ինչպես օրինկ՝ Իվանը, դատողության համար հիմք են ընդունում Թրամփի նախագահության օրոք տեղ գտած քայլերը:
«Թրամփն արդեն նախագահ եղել է, նրա մեթոդները հայտնի են, և, կարծում եմ, վախենալու բան չկա»,- ասում է նա:
Հանրահայտ է նաև, թե Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն ինչ է ձեռնարկել ի պատասխան Ուկրաինա Կրեմլի լայնամասշտաբ ներխուժման՝ արդեն իսկ ծախսելով 175 միլիարդ դոլար: Սակայն Ուկրաինայում որոշակի մտահոգություն կա, թե ամերիկյան օգնությունը դանդաղ է հասնում:
«Ռուսական բանակն այժմ փորձում է օգտվել իրավիճակից, երբ սպասում ենք մատակարարումների մեր գործընկերներից, հատկապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Որքան շուտ տեղ հասնի օգնությունը, այնքան ռազմաճակատը շուտ կկայունանա»,- ասում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Դիտորդների խոսքով՝ ընտրվելու դեպքում Քամալա Հարիսը, ըստ ամենայնի, կվարի այն քաղաքականությունը, որն այժմ կյանքի է կոչում Ջո Բայդենի վարչակազմը։ Մի կողմից, սա հանգստացնում է մարդկանց, սակայն մյուս կողմից՝ մտահոգում, թե նման պայմաններում պատերազմը կարող է ձգձգվել:
Կիևում գործող Ռազումկով կենտրոնի սոցհարցման համաձայն՝ ուկրաինացիների 44%-ը կարծում է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է մոտ ապագայում բանակցություններ սկսեն խաղաղություն ձեռք բերելու համար, սակայն հարցվածների մեծամասնությունը Պուտինի պայմաններն անընդունելի է համարում: