Ուկրաինայում աճում են անհանգստությունն ու անորոշությունը՝ ԱՄՆ-ում ընտրությունների մոտենալուն զուգահեռ

Բազմաթիվ ուկրաինացիներ հույս ունեն, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները միայն կնպաստեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտին։ Թեև ոմանք անհանգստացած են՝ Թրամփը Մոսկվայի նկատմամբ, թերևս, ավելի մեղմ մոտեցում ունի, իսկ մի մասի կարծիքով էլ՝ Քամալա Հարիսի օրոք օգնության ժամանումը կարող է դանդաղել:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և երկրի այլ շրջաններում մարդիկ անհանգիստ են ԱՄՆ ընտրությունների արդյունքների կապակցությամբ, թե ինչպես այն կազդի պատերազմից տուժած իրենց հայրենիքի վրա:

«Ակնկալում եմ, որ [ԱՄՆ] ապագա նախագահը մեզ կաջակցի՝ մեր քաղաքականությանն ու մեր վարած ռազմական գործողություններին»,- ասում է Կիևի բնակիչ Անհելինան:

Սակայն որոշ բնակիչներ, ինչպես օրինակ՝ Դմիտրոն, անհանգիստ են։

«Հետաքրքիր է, թե ով է հաղթելու, և ընդհանրապես՝ ի՞նչ քաղաքականություն է լինելու մեր երկրի նկատմամբ։ Սա ինձ հուզում է: Եվ Աստված տա, որ նրանք երկուսն էլ աջակցեն մեզ»,- ասում է նա:

Ամենից մեծ մտավախությունն այն է, որ ԱՄՆ նոր վարչակազմը կդադարեցնի աջակցությունը և կհրաժարվի Ուկրաինայից՝ ասում է քաղաքական վերլուծաբան Նիկոլայ Դավիդյուկը։

«Ժողովրդավարական երկիրը ավտոկրատիայի վերածելը իր հետ միլիոնավոր զոհեր կբերի: Եվ ահա, թե ինչից է վախենում մեր երկիրը»,- ասում է նա:

Երկուսուկես տարվա պատերազմից հետո Ուկրաինայում մարդիկ անհանգիստ են, թե Սպիտակ տան նոր վարչակազմը ինչ քաղաքականություն է վարելու Կիևի և Ռուսաստանի ագրեսիան դիմագրավելու հարցում:

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է արագ ավարտել պատերազմը, և շատերը մտահոգ են, որ դա նշանակում է հարկադրել Ուկրաինային ցավոտ զիջումների գնալ:

Միևնույն ժամանակ, ուկրաինացիները հիշում են՝ նախագահ Թրամփի օրոք էր, որ Վաշինգտոնը հավանություն է տվեց Կիևին ամերիկյան Javelin հակատանկային համակարգերի վաճառքին, որոնք զգալիորեն օգնեցին Ուկրաինային Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբում:

Մյուս կողմից, Թրամփին նախորդած դեմոկրատների՝ Օբամա-Բայդեն վարչակազմը մերժել էր Ուկրաինայի խնդրանքը նույնը զենքը վաճառել 2014 թվականին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ղրիմ և գրավեց արևելյան Ուկրաինայի Դոնեցկի շրջանի մեծ մասը:

Ինչևէ, ամեն դեպքում, ուկրաինացիները տարբեր կերպ են վերաբերվում Սպիտակ տուն Թրամփի հնարավոր վերադարձին:

«Թրամփն այնքան տարօրինակ մարդ է։ Տարօրինակ մտքեր ունի»,- ասում է Կիևի բնակիչ Սվիտլանան:

Մյուսները, ինչպես օրինկ՝ Իվանը, դատողության համար հիմք են ընդունում Թրամփի նախագահության օրոք տեղ գտած քայլերը:

«Թրամփն արդեն նախագահ եղել է, նրա մեթոդները հայտնի են, և, կարծում եմ, վախենալու բան չկա»,- ասում է նա:

Հանրահայտ է նաև, թե Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն ինչ է ձեռնարկել ի պատասխան Ուկրաինա Կրեմլի լայնամասշտաբ ներխուժման՝ արդեն իսկ ծախսելով 175 միլիարդ դոլար: Սակայն Ուկրաինայում որոշակի մտահոգություն կա, թե ամերիկյան օգնությունը դանդաղ է հասնում:

«Ռուսական բանակն այժմ փորձում է օգտվել իրավիճակից, երբ սպասում ենք մատակարարումների մեր գործընկերներից, հատկապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Որքան շուտ տեղ հասնի օգնությունը, այնքան ռազմաճակատը շուտ կկայունանա»,- ասում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Դիտորդների խոսքով՝ ընտրվելու դեպքում Քամալա Հարիսը, ըստ ամենայնի, կվարի այն քաղաքականությունը, որն այժմ կյանքի է կոչում Ջո Բայդենի վարչակազմը։ Մի կողմից, սա հանգստացնում է մարդկանց, սակայն մյուս կողմից՝ մտահոգում, թե նման պայմաններում պատերազմը կարող է ձգձգվել:
Կիևում գործող Ռազումկով կենտրոնի սոցհարցման համաձայն՝ ուկրաինացիների 44%-ը կարծում է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է մոտ ապագայում բանակցություններ սկսեն խաղաղություն ձեռք բերելու համար, սակայն հարցվածների մեծամասնությունը Պուտինի պայմաններն անընդունելի է համարում: